Առևտրային բանկերը և ԴԱՀԿ-ը մոտ երկու ամիս է՝ օյին են խաղում ժողովրդի գլխին, իսկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին խնդիրը կքննարկի, քանի որ մի քանի պատգամավորներ, ականջալուր լինելով հանրության դժգոհությանը, օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել։
Իսկ խնդիրը հայտնի է. ԴԱՀԿ-ի պահանջով բանկերն արգելանք են դնում մարդկանց հաշիվների վրա՝ պետավտոտեսչության 5000 դրամի տուգանքը ժամանակին չվճարելու դեպքում։ Փաստորեն, 5000-ի պատճառով «բանտարկվում» են քաղաքացու հարյուր հազարի և ավելի գումարների հասնող հաշիվները։ Այլ կերպ ասած, և՛ ԴԱՀԿ-ը, և՛ բանկերը, օրենքի կոպիտ խախտմամբ, ոտնահարում են քաղաքացու իրավունքը։ Այս ամենաթողությունը, որին, ամենայն հավանականությամբ, քաջատեղյակ է ԿԲ-ն, վերջ չէր ունենա, եթե ԱԺ-ի որոշ պատգամավորներ խնդրի մասին չբարձրաձայնեին։
Սեպտեմբերի 5-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը քննարկելու է Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի և Արփինե Հովհաննիսյանի մշակած օրինագիծը, որով փորձ է արվում կանոնակարգել այն մարմինների գործողությունները, որոնք առնչություն ունեն ԴԱՀԿ-ի հետ։ ՈՒ թեև քաղաքացիների իրավունքը ոտնահարել են և՛ ԴԱՀԿ-ը, և՛ բանկերը, այնուհանդերձ, երբ պարզ դարձավ, որ օրինագծի նպատակն է ավելի հստակեցնել բանկերի պարտավորությունները, այն է՝ դնել արգելանք պարտավորության առարկայի չափով, ԴԱՀԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ։ Մասնավորապես նշվեց, որ այդ հարցն ի սկզբանե կարգավորված է ՀՀ օրենսդրությամբ, այսինքն՝ «ԴԱՀԿ-ի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշվածի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթիկի պահանջների համար՝ ներառյալ կատարման ծախսերը։ Նույն կարգավորումը վերաբերում է նաև վարչական ակտերով բռնագանձումների վարույթներին՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը։
Տարօրինակ ձևով ԴԱՀԿ-ի հիշողությունը վերականգնվեց այն աստիճանի, որ մանրամասն հղում կատարեց գործող օրենքին։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս կառույցի հիշողությունը վերականգնվեց ոչ թե այն ժամանակ, երբ ժողովուրդը դժգոհում էր, այլ երբ իշխող կուսակցության պատգամավորները բարձրացրին խնդիրը։
Պատահականությո՞ւն է այս ամենը, զուգադիպությո՞ւն, թե՞ օրինաչափություն... Համենայն դեպս, «ԴԱՀԿ-ին մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները նորություն չէին ո՛չ ԴԱՀԿ-ի, ո՛չ էլ ԿԲ-ի համար։ Միակ անտեղյակը քաղաքացիներն էին, որոնք տուժեցին ԴԱՀԿ-ի և ԿԲ-ի փոխշահավետ համաձայնությունից։ Իսկ թե որքան և ինչ շահեցին ԿԲ-ն ու ԴԱՀԿ-ը քաղաքացիների ընդհանուր հաշիվների վրա արգելանք դնելուց, դժվար չէ պատկերացնել։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ