ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ջրի բերած փողերը ջրի «բերանը» փակում են

Ջրի բերած փողերը   ջրի «բերանը» փակում են
09.09.2014 | 00:10

Չլսված ու չգրված բաներ են տեղի ունենում Արարատի մարզում. հետզհետե վերանում է ոռոգման ջուրը, իսկ ջրամբարների ջուրը, ըստ գյուղացիների, այս տարի ցամաքել է:
Ջրով հարուստ Հայաստանը կարծես կորցնում է իր ջրային պաշարները, իսկ ամենասոսկալին այն է, որ այս երևույթը ոչ թե բնական աղետների հետևանք է, այլ մարդկային աչքածակության: Բայց դրա մասին քիչ հետո, այժմ խոսենք թվերով:
Այսպես, այս տարի Ազատի 72 մլն խմ ծավալով ջրամբարը լցվել է ընդամենը 46 մլն խմ ջուր, այն է` 26 մլն խմ-ով պակաս: 2013-ին ջրամբարում հավաքվել էր 56,6 մլն խմ ջուր: Իսկ այս պահին` 2014-ի սեպտեմբերին, Ազատի ջրամբարում կա ընդամենը 8,8 մլն խմ ջուր: Եթե շատ ծարավ մի մարդ կուշտ փորով «խմի» Ազատի ջրամբարի ջուրը, կպրծնի:
Անցած տարի ամենաշոգ շրջանում ջրամբարում եղել է 11,8-12մլն խմ ջուր: Եթե նկատենք , որ այս պահին ջրամբարում եղած ընդամենը 8,8 մլն խմ ջուրը պետք է ուղղվի Դվին և Արտաշատի ջրանցքներ, և սրան էլ գումարվի չոր սեպտեմբերը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ լրջագույն խնդիրներ կունենան գյուղացիները և ընդհանրապես գյուղատնտեսությունը:
Ի դեպ, Վերին Դվինում տասնյակ հազարավոր հեկտար այգիներ արդեն չորանալու եզրին են, իսկ գյուղացիները և ֆերմերները միլիոնավոր վարկերի լծի տակ են, ու պարզ էլ չէ, թե ինչպես են դուրս գալու դրանց տակից:
Վերինդվինցիները, ըստ լրատվամիջոցների, որոշել են ոտքով հասնել կառավարություն` իրենց բողոքը վարչապետին ներկայացնելու, բայց ջրամատակարարման խնդիրը ուրբաթ օրը լուծվել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի թեթև ձեռամբ: Ի վերջո, Վերին Դվինը ոռոգման ջուր է ստացել: Բայց ի՞նչ գնով. Արտաշատի ՋՕԸ-ն «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ից խնդրել է Ազատի ջրամբարից դեպի այլ համայնքներ ուղղվող ջրի հաշվին ավելացնել Վերին Դվինին հատկացվող ջուրը։
Հարց է՝ եթե Արարատի մարզի մեկ այլ, հետո էլ մեկ ուրիշ գյուղերում ոռոգման լուրջ խնդիր առաջանա, այդ դեպքում ի՞նչ են անելու ջուրօգտագործող ընկերությունները և, իհարկե, ջրային տնտեսության կոմիտեն:
Ջրային տնտեսությսն կոմիտեի նորանշանակ նախագահը, շարունակելով «հին ու բարի» ավանդույթը, ամենայն հավանականությամբ, կդիմի ԱԺ-ին Սևանից կրկին լրացուցիչ ջուր վերցնելու համար: Հետո էլ պատգամավորները և գործադիրը Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու իրենց «դաբրոն» կբացատրեն այս տարվա սակավաջրությամբ, շոգ եղանակով, մոռանալով, որ 2014- ի ձմեռը բավականին ձնառատ էր, իսկ գարունը` անձրևոտ։
Ինչ երգ էլ երգեն, միևնույն է, գյուղացիներն իրենց վարկածը ունեն: Նրանց պնդմամբ` Վերին Դվինը ոռոգվում է Ազատի ջրամբարից և Արաքս գետից: Արաքսից ջուր մղելու համար պետք է գործի դրվեն Մխչյանի մեծ պոմպերը: «Սրանց աշխատանքի դեպքում 16 հազար կՎտ էլեկտրաէներգիա է ծախսվում, ինչը ձեռնտու չէ պետությանը։ Ջրային կոմիտեն միջոցները խնայելու համար ամբողջությամբ ջրաքամ է արել Ազատի ջրամբարը, չաշխատեցնելով Արաքսը»,- նշում էին գյուղացիները:
Մի խոսքով` չկա ոռոգման ջուր, չկան գյուղացիների և ֆերմերների ջանքերով ստեղծված հազարավոր հեկտար այգիներ: Այսինքն` ոռոգման ջրի խնդիրն ուղղակիորեն հարվածում է գյուղատնտեսությանը: Զարմանալի է գյուղատնտեսության նախարարի անտարբերությունը: Ճիշտ է, ջրամատակարարումը ուղղակիորեն կապված չէ այս նախարարության գործառույթների հետ, սակայն ջուրն ուղղակի և անուղղակի նշանակություն ունի գյուղատնտեսության զարգացման համար:
Չկա ջուր, չկա կյանք: Բայց ի՞նչ պատահեց, և ինչո՞ւ Հայաստանում ջուրը դարձավ լուրջ խնդիր. ջրառատ երկիրը ջուր է փնտրում: Արարատյան դաշտավայրը, ի դեպ, Խորհրդային Միության ժամանակ ջուր էր տալիս անգամ Թուրքիային, բայց այսօր ինքը ջրի խնդիր ունի: ՈՒ այն դեպքում, երբ, փա՜ռք Աստծո, բնական աղետներ, կատակլիզմներ չեն եղել: Անգամ 88-ի երկրաշարժից հետո ջրամբարներում ջրի խնդիր չառաջացավ: ՈՒրեմն ո՞րն է պատճառը:
Համաձայնեք, որ հաճախ մարդն ինքն իր համար ավելի մեծ աղետ է դառնում, քան բնությունը: Արարատի մարզում մի քանի տարի է` գնալով զարգանում է ձկնաբուծությունը և անընդհատ նոր թափ է հավաքում: Բոլորովին դեմ չլինելով ձկնաբուծության բիզնեսին, ուզում ենք հասկանալ` ինչո՞ւ են հետևողականորեն մարդիկ կտրում այն ճյուղը, որի վրա նստած են:
Գաղտնիք չէ, որ ձկնաբուծարանների ջուրը ոռոգման համակարգից է վերցվում և վերցվում է միլիոնավոր խմ ծավալով: Ինչպես Արարատի, այնպես էլ այլ մարզերում ձկնաբուծարանները պետական բարձրաստիճան պաշտոնյաներինն ու պատգամավորներինն են։ Իրողություն, որին տեղյակ են բոլորը: Հիմա մնում է հասկանալ, արդյոք մեր պետական այրերը դժվա՞ր են պատկերացնում, որ ոռոգման ջրի վերացումը, այսինքն` ջրամբարների ցամաքումը, վնաս է հենց իրենց ձկնաբուծական բիզնեսին, էլ չասենք` ինչպիսի հարված է գյուղատնտեսությանը, որտեղ նրանք ևս լուրջ բիզնեսներ ունեն:
Համոզված ենք, որ ցանկության դեպքում կարելի է լուծել և՛ ոռոգման, և՛ ձկնաբուծարանների ջրի խնդիրները, կիրառելով տարբեր տեխնոլոգիական մոտեցումներ, ինչպես անում է աշխարհի մեծ մասը, որտեղ ջուրը ոսկու գին ունի: ՈՒրեմն ինչո՞ւ մեր ունեցած «ոսկին» խնայողաբար չօգտագործենք, ինչո՞ւ աշխարհում պետական լուրջ բիզնես չդարձնենք այն:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ