Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Աբիսողոմ աղայի սինդրոմը

Աբիսողոմ աղայի սինդրոմը
17.10.2014 | 01:17

Սյունիքի մարզպետարանը պարզաբանել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գիտական կոչման առեղծվածը: Մարզպետը, ստացվում է, ոչ թե հայկական ԲՈՀ-ի հույսին է եղել, այլ՝ կանադական: Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատրյանին տրված դիպլոմը հաստատում է նրա պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ունենալը: Մարզպետարանի կայքը թարգմանաբար ներկայացրել է գիտական կոչման վավերագրի պատճենի բովանդակությունը. «Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիա
Միացյալ ազգերի տնտեսական և սոցիալական խորհրդի ընդհանուր խորհրդատվական կոմիտե, Մոնրեալ, գլխավոր գրասենյակ, Կանադա
Դոկտորական հանձնաժողովի երաշխավորությամբ սույնով հաստատվում է, որ Սուրիկ Խաչատրյանը ստանում է պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում` ընդհանուր և հատուկ ուսումնասիրությունների, կատարած աշխատանքի համար` տվյալ ակադեմիայի աստիճանին համապատասխան
Տրված է 3 հունիս, 2014 թ. Մոնրեալի ակադեմիայի Քվեբեկ, Կանադա»: Դիպլոմը կնքված է: Մարզպետարանի պատասխանը բոլոր թերահավատներին, հարկավ, սպառիչ է, բայց մի քանի հարցեր, այնուամենայնիվ, մնում են չպարզաբանված: Նախ՝ անհասկանալի է «Միջազգային տեղեկատվայնության ակադեմիա» թարգմանությունը, որը, ակնհայտորեն, համարժեք չէ բնագրին՝ International Informatization Academy: Ապա՝ «պետական կառավարման փիլիսոփայության դոկտոր»-ի կանադական գիտական աստիճանը գիտական կոչումների հայկական աստիճանակարգին որքանո՞վ է ադեկվատ, և արդյոք Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ընդունում է կանադական գիտական աստիճանները: Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև կա՞ համապատասխան պայմանագիր: Սա հարցի իրավական կողմն է, կա նաև աշխատանքային կողմը՝ ի՞նչ «ընդհանուր և հատուկ ուսումնասիրություններ» է իրականացրել Սուրիկ Խաչատրյանը, ո՞ր երկրի փորձն է ընդհանուր և հատուկ ուսումնասիրված՝ կանադակա՞ն, հայկակա՞ն, համաշխարհայի՞ն, որտե՞ղ են հրապարակվել նրա «կատարած աշխատանքի» արդյունքները: Արդյո՞ք կանադական «Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի» «պետական կառավարման փիլիսոփայության դոկտոր» Սուրիկ Խաչատրյանը հենց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Թե՞ պարզապես անուն-ազգանվան պարզ զուգադիպություն է: Վերջապես՝ որքա՞ն արժեն նման դիպլոմները Կանադայում: Ավելի էժա՞ն են, քան՝ Հայաստանում:
Այս հարցերն ունեն նույնքան պարզ և հստակ պատասխան՝ «Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի» նախագահը հայ է և Սուրիկ Խաչատրյանին լավ ծանոթ հայ՝ Ազատ Վարդանյանը, որ մարզպետի հետ բիզնես գործընկեր է եղել: «168 ժամ» թերթը ընդարձակ հրապարակումով ներկայացրել է ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի և Ազատ Վարդանյանի ակադեմիայի շրջանակներում «կատարած աշխատանքի» արդյունքները, այլև՝ բուն ակադեմիան՝ իր բիզնես գործունեությամբ: Ազատ Վարդանյանը մի քանի տարի առաջ ներգրավված է եղել Սյունիքի մարզի հանքարդյունաբերության մեջ, բիզնեսով է զբաղվել և հակամարտություն ունեցել իր գործընկեր «Գլոբալ Գոլդ մայնինգի» հետ։ Եվ դատելով նրա իսկ նախկին հարցազրույցներից՝ այդ հակամարտության մեջ նրան աջակցել է Սյունիքի մարզպետարանը: Այնպես որ՝ չի բացառվում, որ իր «դոկտորությունը» Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն չի գնել, այլև նվեր է ստացել: 2000-ականներին կոչում վաճառող ակադեմիաները Հայաստանում շատ մոդայիկ էին, իրեն հարգող յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա մի քանի հարյուր դոլարով դառնում էր ակադեմիկոս՝ ստանալով լավորակ թղթի վրա գեղեցիկ տառերով սեփական անուն-ազգանունը ու ակադեմիկոսի, դոկտորի, պրոֆեսորի կոչումը, նույնքան տպավորիչ կնիքով հաստատված: Այդ թղթերը իրավական որևէ արժեք չունեին, բայց անվանը կարելի էր կցել՝ այստեղի ու այնտեղի (սովորաբար հնչեղ քաղաքների ու հաստատությունների պարտադիր երկար անվանումներ էին հնարվում) ակադեմիկոս, դոկտոր: Տպավորիչ էր: Սուրիկ Խաչատրյանի ինչի՞ն է պետք եղել գիտական աստիճանը, երբ նրա կյանքը բավականին հրապարակային է և ակնհայտ է, որ նրա ու գիտության հարաբերությունները ի սկզբանե չեն ստացվել, չեն էլ եղել նման հարաբերություններ: Եվ վերջապես՝ որևէ մարզպետից, անգամ վերանշանակված, չեն պահանջվում գիտական կոչում ու աստիճան՝ ոչ ուրիշից գնված, ոչ իբրև սեփական մտքի արգասիք: Ամենայն հավանականությամբ՝ գործել է Աբիսողոմ աղայի սինդրոմը՝ ինչ-որ ունեցվածքով՝ «էշերու ու ագարակներու տեր ըլլալով» արժևորվելու ցանկությունը: Բայց եթե Աբիսողոմ աղան ընդամենը ուզում էր հաջող ամուսնանալ, Սուրիկ Խաչատրյանն ուզում է գիտնականի տպավորություն ստեղծել՝ խորապես համոզված, որ իր կյանքում ամեն ինչ գնվում ու վաճառվում է, ուստի գիտությունը կամ դոկտորությունը, դիպլոմը, կոչումը ևս նույն հարթության մեջ են: Կանադական ու ազատվարդանյանական ոդիսականը մի կողմ, եթե նույնիսկ Սուրիկ Խաչատրյանը լիներ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ ու մի քանի տպագրված գիրք էլ ունենար իր անունով, բայց ուրիշի գրած ու փողով գնված, ի՞նչ էր փոխվելու իր կամ գիտական աշխարհի կյանքում: Ոչինչ: Նման պաշտոնյաները գին ու պահանջարկ ունեն իրենց բոլորովին այլ որակների համար, ուղղակի ուզում են ստանալ նաև այն, ինչ կարող են ունենալ մարդիկ, ովքեր կարողանում են մտածել ու միտք ձևակերպել: Ընդամենը այդքանը: Իսկ դա փողով ամեն ինչ գնողների համար բացարձակ անհասանելի է:

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ