ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               

«Լևի» գծերն ու ժողովրդի գրպանը

«Լևի» գծերն ու ժողովրդի գրպանը
04.11.2014 | 16:23

Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի հաջորդ տարվա բյուջետային հատկացումներին առնչվող ԱԺ լսումների ժամանակ փոխնախարար Արեգ Սիմոնյանը տհաճ իրավիճակում հայտնվեց։ Ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր պատգամավորներին հետաքրքրում էին էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը և աշխատանքների ճիշտ պլանավորումը։ Ըստ էության, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջինն անդրադարձավ սակագների հարցին, երևի թե, փորձելով կանխել ընդդիմադիրների ավելի կոշտ հարցադրումները։ «Անցած տարի ատոմակայանի վերանորոգումը 88 օր ավելի տևեց, ինչի արդյունքում ճեղքվածք առաջացավ, որը ծածկելու համար ստիպված բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը»,- ասաց Վարդան Այվազյանը, այդպիսով բացահայտելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բուն պատճառը և հավելեց. «Ո՞վ է պատասխան տալու»։ Թե ով է պատասխան տալու, փոխնախարարը չասաց, գուցե այն պատճառով, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ևս տեղյակ է, թե ով է պատասխանատու դրա համար։ Ինչևէ։ Սակայն փոխնախարարի պատասխանն ավելի քան զավեշտալի էր. «Եղել են տեխնիկական խնդիրներ, որից ոչ ոք ապահովագրված չէ։ Հավանաբար, գուցե կարելի էր դրանք կանխատեսել, չգիտեմ։ Համենայն դեպս, անցյալի դասերը քաղելով, աշխատանքների պլանավորումն այնպես ենք փորձել իրականացնել, որ հուսով ենք, նման խնդիր չի լինի»։ Հույսը լավ բան է, սակայն փոխնախարարին հիշեցնենք, որ հույսն առանց գործի ոչինչ է։ Իսկ Արեգ Սիմոնյանի պատասխանից կարելի է ենթադրել, որ հաջորդ տարի, իր ասած տեխնիկական խնդիրների դեպքում, կարող է կրկին հնչել միևնույն պատասխանը. «Ոչ ոք սխալներից ապահովագրված չէ»։ Եթե իշխանական թևն ավելի զուսպ էր այդ հարցում, ապա ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանն իրերն իրենց անունով կոչեց. «Անցած տարի քննարկումներ եղան, և բացահայտվեց, որ էներգիայի կորուստների և շատ այլ խնդիրների մեջ լուրջ ծավալ են կազմում «լևի» գիծ ունեցողները։ Եվ այդ «լևի» գծատերերը ազդեցիկ դեմքեր են։ Ինչո՞ւ այդ քննարկումներից հետո կոնկրետ գործողություններ չարվեցին, փոխարենը ժողովրդի գրպանից եք բացերը ծածկում»։ Փոխնախարարի պատասխանն ավելի քան լղոզված էր, նա կրկին շեշտը դրեց տեխնիկական թերությունների վրա և հորդորեց պատգամավորին` եթե գիտի գծատերերին, ներկայացնի իրեն։ Փոխնախարարի և պատգամավորի միջև այս հարցի շուրջ ծավալվեց երկարատև երկխոսություն, ինչն ընդհատեց Վարդան Այվազյանը. «Քանի որ այս դահլիճում Հեղինե Բիշարյանը միակ կին պատգամավորն է, դրա համար թույլ տվեցի երկրորդ անգամ արձագանքելու իրավունք։ Մյուսներին խնդրում եմ պահպանել կանոնակարգը»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ