Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եռյակը մեռավ, կեցցե՜ եռյակը

Եռյակը մեռավ, կեցցե՜ եռյակը
11.11.2014 | 00:57

Խորհրդարանի ոչիշխանական քաղաքական ուժերը միասնական ու խրոխտ, «մեկ շնչով» կարողացան հասնել միայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, ինչը հնարավոր դարձավ ոչիշխանականների ու Հովիկ Աբրահամյանի թիմի ներդաշնակ գործողությունների պատճառով: Ոմանք, ի դեպ, վարչապետափոխությունը ու կառավարության ղեկին Հովիկ Աբրահամյանի նշանակումը համարում են «քրեաօլիգարխիկ հեղաշրջում»: Եթե տուրք տանք այս տրամաբանությանը, ապա խորհրդարանական այս ուժերի պոզիտիվ դերակատարության մասին խոսակցությունները հօդս են ցնդում:
Այն ժամանակ ընդդիմադիրների համախմբումը կոչվում էր քառյակ, որը, չմոռանաք հիշել, մի միասնական պահանջագիր էլ հրապարակեց՝ 12 կետից բաղկացած, որը քաղաքական փաստաթուղթ կարելի է համարել պայմանականորեն:
Երբ այդ օրերին ասվում-գրվում էր, որ չորս կուսակցություններին միավորել է ընդամենը Տիգրան Սարգսյանի անձը, ավելի շուտ՝ նրան վարչապետի պաշտոնում չտեսնելու միասնական ցանկությունը, մեր ընդդիմադիրները նեղվում էին, ասում էին՝ իրենք բոլոր հարցերում միասնական են, ու սեպտեմբերի 30-ից էլ հեղափոխական Երևանում ենք ապրելու:
Սեպտեմբերի 30-ը եկավ ու անցավ, Երևանը մնաց իր տեղում՝ իր առօրյա հոգսերով, հեղափոխությանն էլ մինչև այսօր սպասում ու սպասում ենք: Բայց պարզվեց, որ մեր «հեղափոխական» քառյակը այնքան էլ միասնական չէր, որովհետև ՀՅԴ-ն «հավաքեց իրերն» ու գնաց իշխանության հետ սահմանադրություն բարեփոխելու:
«Հեղափոխությունը» շարունակեց «հրաշալի եռյակը» չնայածհենց առաջին հանրահավաքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց վերակենդանացնել քառյակը՝ Ստեփան Դեմիրճյանին հարթակ բերելով: Բայց շուտով Տեր-Պետրոսյանին հասկացրին, որ իր լիդերության ժամանակներն անցել են, ու ինքն այսօր հարթակում` Գագիկ Ծառուկյանի հարթակում, ընդամենը տնվոր է:
Հենց առաջին հանրահավաքն արձանագրեց, որ լուրջ տարաձայնություններ կան եռյակում. երկուսը խմում էին ռուսների կենացը, մեկն անիծում էր «օրհնված սհաթը»:
Արձանագրեցինք, գրեցինք, մեզ ասացին՝ քաղաքականությունից բան չեք հասկանում, որովհետև մենք միավորվել ենք միայն իշխանափոխության գաղափարի շուրջ:
Սուսուփուս համաձայնեցինք:
Հաջորդ հանրահավաքում արդեն ներքին խնդիրների շուրջ վիճեցին. մեկի սիրտը նստացույց էր ուզում, երկրորդինը՝ արագ իշխանափոխություն, երրորդն էլ, որ նոր-նոր է սովորել հանրահավաքային հարթակին, տուն գնալ ուզեց:
Երկու շաբաթ մեր եռյակից ծպտուն չկար, չնայած հայտնի կայքերն ու ֆեյքերը շարունակում էին գրել ընդդիմության աննախադեպ համախմբման ու շուտափույթ իշխանափոխության մասին:
Ի՞նչ շուտափույթ իշխանափոխություն: Պարզվեց, որ ԲՀԿ-ն մի «Ճանապարհային քարտեզ» է երկնել, ըստ ամենայնի՝ առանց գործընկեր կուսակցությունների հետ համաձայնեցնելու: Այդ հայտարարությունը կարդացինք ու հասկացանք, որ Գագիկ Ծառուկյանն իր թիմով նախապատրաստվում է հերթական ընտրական ցիկլին՝ եռյակի մյուս երկու ուժերին իրենով անելու բացահայտ տրամադրությամբ, իշխանության հետ բանակցել-լեզու գտնելու ակնարկով:
Տեր-Պետրոսյանի թիմը միանգամից հասկացավ, որ կարող է դառնալ իշխանություն-ԲՀԿ հնարավոր գործարքի զոհն ու նույնիսկ չսպասեց, որ երկուշաբթին գա: Կիրակի, առավոտ կանուխ ՀԱԿ-ը մի հայտարարություն տարածեց՝ մի թունդ քննադատելով ԲՀԿ-ին: «…Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար… Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ ազգային կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց, որևէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»,- կարդում ենք ՀԱԿ հայտարարության տեքստում:
Այսքանից հետո պարզ է, որ եռյակ այլևս չի լինելու. ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կամ ընդունելու են ԲՀԿ-ի «կրոնը»՝ փուլ առ փուլ տարրալուծվելով նրա մեջ, կամ հեռանալու են եռյակից՝ առանց նոյեմբերի վարձավճարը ստանալու։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ