Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանական լրատվամիջոցներն աղավաղել են Մեթյու Բրայզայի խոսքը

Ադրբեջանական լրատվամիջոցներն աղավաղել են Մեթյու Բրայզայի խոսքը
01.12.2014 | 21:25

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նամակին ի պատասխան, հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե ինքը սադրանք է համարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի թռիչքը, որը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից: Tert.am-ին հայտնել է Թևան Պողոսյանը՝ ներկայացնելով իր և Մեթյու Բրայզայի գրագրությունը: Մեթյու Բրայզան Թևան Պողոսյանին տեղեկացրել է, որ իրենից հարցազրույց վերցրել է ATV-ի լրագրողը, ով, ըստ Բրայզայի, փորձել է իր հետ կապ հաստատել՝ «հավաստելու համար իր տեսակետը, որ ուղղաթիռի թռիչքը Հայաստանի կողմից սադրանքի փորձ էր և որ Ադրբեջանն այլ ընտրություն չուներ, եթե ոչ կրակ բացել ուղղաթիռի վրա»։ «Ես հրաժարվեցի հաստատել այդ տեսակետը և ընդգծեցի, որ չեմ կարող իմանալ, թե ինչպիսին էին հայկական կողմի մտադրությունները: Այդ իսկ պատճառով չէի կարող ուղղաթիռի թռիչքը բնորոշել սադրանք: Ես կարող էի միայն ասել, որ շփման գծում նման մեծ լարվածության պայմաններում Ադրբեջանի համար հեշտ էր այդ թռիչքները որակել որպես սադրանք, ինչն էլ հանգեցրել է նման ողբերգական պատահարի՝ դրա խոցմանը»,- իր նամակում գրել է ամերիկացի դիվանագետը։
APA-ն հաղորդել էր, թե Մեթյու Բրայզան սխալ է համարել այդ տարածքում հայկական ուղղաթիռի թռիչքը և այն անվանել է սադրանք: «Սա սադրանք է։ Ես չեմ կարող հստակ ասել՝ մինչև միջադեպն այնտեղ ինչ է կատարվել, բայց ես գիտեմ, որ գոտիներում, որտեղ առկա է լարվածություն, թռիչքներ չի կարելի իրականացնել»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ ասել էր Բրայզան: Մինչդեռ Թևան Պողոսյանին ուղղած իր նամակում Մեթյու Բրայզան ասում է, որ ինքը նման բան չի ասել, այսինքն՝ չի օգտագործել «սա սադրանք է» արտահայտությունը։
Ըստ APA-ի՝ Մեթյու Բրազյան իբր նաև ասել էր, որ հաճախ այցելելով Ղարաբաղ՝ այնտեղ տեսել է կամ 40- հազարանոց բնակչություն կամ նույնքան չափով հայ զինվորականներ, որ մնացած շրջաններում հայ բնակչություն չկա և միայն Լաչինում է «մի քանի մարդ տեսել»:
Թևան Պողոսյանն ինքն արդեն Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ լավ իմանալով ադրբեջանական մամուլի աշխատաոճը, որ նաև սադրանքներով են շատ հաճախ առաջնորդվում, որոշել է Մեթյու Բրայզայից ստանալ պարզաբանումները՝ հարցնելով, թե արդյո՞ք ադրբեջանական մամուլում տպագրված նյութը համապատասխանում է իրականությանը:
Մեթյու Բրայզան ջերմ խոսքերով շնորհակալություն հայտնելով իրենից ամեն ինչ ճշտելու համար, նաև իր գնահատականն է ներկայացնում, ասելով. «Իհարկե, ինչ-որ ասվում է ինձ նման կողմնակի անձանց կողմից, լինի այս, թե այն կողմից, տվյալ կողմն իր օգտին է աղավաղում ասվածը»:
Սրան էլ ի պատասխան, «Ժառանգության» պատգամավորն ափսոսանք է հայտնում, որ ադրբեջանական մամուլը շահարկում է նման թեմաները՝ բերելով հենց այս օրինակը: Այս առնչությամբ նա տեղեկացնում է, որ ադրբեջանական մեկնաբանություններով այս հրապարակումն արդեն հրապարակվել է հայկական մեդիայում և իսկ որոշ թյուրըմբռնում կա իր խոսքերի հետ կապված, ուստի խնդրում է ԱՄՆ դիվանագետի համաձայնությունը, որպեսզի ինքը ներկայացնի ճիշտ պատասխանները հայաստանյան հանրությանը: Մեթյու Բրայզան էլ, փորձելով ցույց տալ, որ իր խոսքերն աղավաղված են, ներկայացնում է ադրբեջանցի լրագրողի հետ իր հարցուպատասխանը ուղիղ հարցուպատասխանի ձևով: Ներկայացնում ենք հարցազրույցի այդ հատվածը։
Հարց - ՈՒղղաթիռի միջադեպի վերաբերյալ՝ Ձեր մեկնաբանությունը:
Պատասխան - ՈՒղղաթիռը, հավանաբար, չպետք է լիներ այնտեղ, որտեղ որ էր: Շփման գծում իրավիճակը միշտ շատ լարված է: Այսուհանդերձ, նման տարածքներում ուղղաթիռների ներկայությունը կարող է դիտարկվել որպես սադրիչ գործողություն: Եվ շատ ավելի լավ կլիներ, եթե ադրբեջանական կողմը կրակ չբացեր ուղղաթիռի վրա: Կատարյալ խաղաղ պայմաններում, եղբայրության և ընկերության պայմաններում Ադրբեջանը չէր կրակի ուղղաթիռի վրա: Բայց սա այն կատարյալ աշխարհը չէ, այդ կատարյալ խաղաղության պայմանները, և ավելի լավ կլիներ, որ ուղղաթիռն այդ տարածքում չթռչեր:
Հարց - Հայկական կողմը խփված ուղղաթիռի համար պատասխանեց Ադրբեջանի ուղղությամբ հրետակոծություն սկսելով: Ի՞նչ եք մտածում այս մասին:
Պատասխան - Սա միակ սպասելի բանը պետք է լիներ, եթե ադրբեջանական կողմը խոցել է հայկական ուղղաթիռը: Այդ իսկ պատճառով շատ ավելի լավ կլիներ ադրբեջանական կողմի համար չխոցել հայկական ուղղաթիռը: Լարվածության աճի ավելացումը վտանգավոր գործընթաց է: Լարվածությունը շատ մեծ է, հատկապես ՈՒկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ֆոնին, և շատ մարդիկ կարծում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է խրախուսել մի շարք վայրերում, ինչպես օրինակ՝ ԼՂ-ում ռազմական կայունությունը:
Հարց - Ի՞նչ եք կարծում, ԼՂ-ում 40 հազար հայկական զինվորների մասին: Այդքան շատ զինվորներ և այդքան բնակչություն կա՞ Ղարաբաղում:
Պատասխան - Ես չեմ լսել, որ երբևէ հաղորդվել է Լեռնային Ղարաբաղում 40 հազար հայկական զինուժի մասին: Չեմ կարող ասել՝ սա ճի՞շտ է, բայց կարծում եմ՝ հազիվ թե Ղարաբաղում այդքան հայկական զինվորներ լինեն: Իմ այցելությունների ժամանակ ես ԼՂՀ մերձակա շրջաններում շատ մարդիկ չեմ նկատել, բացի Լաչինից:

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ