Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ծառուկյան․ «Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն»

Ծառուկյան․ «Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն»
05.02.2015 | 22:15

Երեկ կեսօրին Աբովյանում՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցում, մեկնարկեց նրա նախաձեռնած ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը: Խորհրդարանական ուժերից ներկա էր միայն «Ժառանգություն» կուսակցությունը: Խորհրդաժողովին ՀՀԿ-ն հրավիրված չէ, ՀԱԿ-ը հայտարարել է, որ նախընտրում է ԲՀԿ-ի հետ քննարկումներն անցկացնել ոչիշխանական եռյակի ձևաչափում: Խորհրդաժողովին ներկա մյուս քաղաքական ուժերը ներկայացված չեն Ազգային ժողովում: Համաժողովի մեկնարկին ծավալուն ելույթով հանդես եկավ Գագիկ Ծառուկյանը.
«Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ խորհրդաժողովին մասնակցելու համար: Շնորհակալություն առաջին հերթին ոչ թե իմ հրավերը ընդունելու, այլ անտարբեր չլինելու` պետության և մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների հանդեպ: Ցավով եմ ասում, բայց այսօր անտարբերությունը կամ խնդիրներից թաքնվելը, դրանք չնկատելը դարձել են շատերի համար նախընտրելի գործելաոճ:
Եվ քանի որ այս դահլիճում հավաքվածներդ վաղուց մերժել եք չեզոք դիտորդի կեցվածքը, ես ուզում եմ դիմել ձեզ` ձևակերպելով իմ ելույթի առաջին ուղերձը.
Ես բոլորիս կոչ եմ անում՝ չհոգնել, չհիասթափվել անտարբերության պատնեշը կոտրելու գործում: Հավատացե՜ք, որ սա ամենևին վերացական միտք չէ: Հասարակության մեջ կոտրե՜նք սեփական երկրի հանդեպ անտարբերությունն ու տիրող հուսալքությունը: Սա այսօրվա մեր ամենակարևոր խնդիրներից է, որին պետք է հասնենք ճիշտ գործելով, մեր դրած խնդիրներին հավատարիմ մնալով և պայքարելով մինչև հաղթանակ:
Ես գիտեմ, որ ձեզնից շատերն ակտիվորեն մասնակցում են ձևավորված համազգային շարժման շտաբների աշխատանքներին: Բացելով այդ շտաբները` մենք մի քանի կարևոր խնդիր էինք դրել` լինել մարդկանց կողքին, լսել մարդկանց, այս դժվար պայմաններում մեր քաղաքացուն երբեք չթողնել մենակ, մեր հետագա քայլերը մշակելիս հենվել մեր հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ցանկությունների և պահանջների վրա:
Այսօր ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կատարված է հսկայական ծավալի աշխատանք, իսկ նախնական արդյունքները վկայում են, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որ շտաբային աշխատանքները խիստ անհրաժեշտ են:
Այդ աշխատանքների շնորհիվ մենք այսօր հստակ տիրապետում ենք հասարակության մեջ տիրող տրամադրություններին և պահանջներին: Մարդկանց համբերության բաժակն իրոք լցվել է:
Վերջին շրջանի մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Գյումրիի ողբերգությունը, սահմանային ընդհարումների հաճախացումը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունությունները, այն վերջին կաթիլներն էին, որոնք պետք է հուշեն իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին:
Մեկ անզգույշ քայլ, նույնիսկ մեկ անզգույշ բառ կարող են հարյուր-հազարավոր մարդկանց հանել փողոց, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի արդյունքում: Մի բան է հստակ՝ դա կլինի անկառավարելի, հզոր ալիք:
Նման իրավիճակում քաղաքական ուժերի խնդիրն է՝ տեր կանգնել քաղաքացիների արդարացի պահանջներին և հասնել դրանց իրականացմանը:
Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում և համապետական հզոր հանրահավաք՝ Երևանում: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական մեզ բոլորիս համար:
Ես քաջ գիտակցում եմ, որ ցանկացած շարժում և քաղաքական գործընթաց, որին մասնակից են լինում հարյուր-հազարավոր, եթե ոչ` միլիոնավոր մարդիկ` հայրենիքում և սփյուռքում, բազմաթիվ սոցիալական խմբեր, հասարակության շերտեր, պահանջում են առավելագույն պատասխանատվություն: Եվ այսօրվա իմ երկրորդ կարևորագույն ուղերձն է` մենք շարժվում ենք առաջ` մեր երկրի և մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվության հստակ գիտակցումով:
Սա նշանակում է, որ մեր՝ օր օրի թափ առնող շարժման միջոցով, մեր ամենօրյա աշխատանքի և ցանկացած պահի լեցուն փողոցների և հրապարակների միջոցով ստիպելու ենք գործող իշխանություններին՝ վերջապես զգալ սեփական պատասխանատվության բաժինը, հրաժարվել անպատասխանատու և նեղ խմբակային շահերից և պլաններից:
Այս մարտավարությունը պետք է շարունակվի, մինչև նոր ընտրությունների արդյունքում կձևավորվի ժողովրդի իրական մանդատով օժտված նոր իշխանություն:
Այս համատեքստում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել անցնող տարվա վերջում տեղ գտած ֆինանսական շուկայի տատանումների վրա: Երեք-չորս օրը ցույց տվեց, թե որքան թույլ և փխրուն է մեր երկրի տնտեսական կայունությունը: Մենք տեսանք, թե որքան արագ տարածվեցին խուճապային տրամադրությունները մեր ժողովրդի և գործարարների մեջ: Սա խոսում է տնտեսական սխալների և լրջագույն խնդիրների մասին` այն, ինչի մասին ես ահազանգում էի դեռևս 4-5 տարի առաջ:
Բայց սա զուտ ֆինանսա-տնտեսական խնդիր չէր: Ակնհայտ էր ժողովրդի և գործարարների մոտ անվստահությունը իշխանության քայլերի հանդեպ: Սա, ինչ-որ իմաստով, վստահությա՜ն ճգնաժամ էր:
Իշխանության ձայնը հստակ և համոզիչ չէր: Այնինչ անկայունությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ ամենակարևորն է` հանգստացնել ժողովրդին և թույլ չտալ խուճապային կործանարար սցենարների հնարավորությունը:
Իմ երրորդ ուղերձն ուղղված է իշխանություններին: Մտածե՜ք այս ուղղությամբ և արեք ճի՜շտ հետևություններ: Առաջիկայում բացառված չեն նոր նմանատիպ ցնցումներ - աշխարհը և մեր տարածաշրջանը խիստ անկայուն են: Իսկ տնտեսական, սոցիալական ճգնաժամերը հեշտությամբ կարող են վերաճել իշխանության ճգնաժամի՝ դառնալով անկառավարելի և անկանխատեսելի:
Հաճախ մոռանալով կամ փորձելով մոռացության տալ ճչացող սոցիալական, տնտեսական խնդիրները, իշխանություններն առաջ են քաշում արհեստածին հարցեր և օրակարգեր: Այդ ընթացքում խուսափում են կատարել նույնիսկ հիմնական քաղաքական ուժերի ներկայացրած ամենապարզ և ամենատեսանելի՝ 12 պահանջները:
Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ 12 պահանջ, ինչ է, երկրում այլ խնդիրներ չկա՞ն: Այսօր երկրում կա ոչ թե 12, այլ՝ 112 հարց և ավելի: Սակայն մենք առաջ քաշեցինք ամենահրատապ և արագ լուծում պահանջող խնդիրները, որոնց ուշացումը հղի է նոր պայթյուններով:
Այս առիթով ես կուզեի հիշեցնել մեկ օրինակ՝ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը: Ինչպես հայտնի է, ընդամենը մեկ տարի առաջ իշխանություններն այն անվանեցին պատմական բարեփոխումներ: Իսկ ես իմ ելույթում՝ ԲՀԿ համագումարի ժամանակ, նշեցի, որ այն հակասոցիալական և հակամարդկային բնույթ ունի և զուրկ է առողջ տնտեսական հաշվարկից: Եվ ահա, ընդամենը մեկ տարվա ընթացքում, դրամն արժեզրկվել է արդեն 15 տոկոսով, այսինքն` նույն 15 տոկոսով արժեզրկվել են տասնյակ հազարավոր մարդկանցից գանձված գումարները:
Ո՞վ է դրա պատասխանատվությունը կրելու: Սա սոցիալական ռումբ է՝ պետության տակ, որն ավելի ու ավելի է խորացնում անվստահությունը պետական ինստիտուտների, իշխանության քայլերի հանդեպ: Մի՞թե սա չեն հասկանում ներկայիս իշխանությունները:
Ի՞նչն է կամ ո՞վ է երաշխավորը, որ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների ներդրած գումարները չեն արժեզրկվելու: Այս հարցի պատասխանը չկա:
Հիշեցնեմ, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում է դրամը արժեզրկվել 15 տոկոսով: Իսկ ի՞նչ կլինի 10, 20, 30 տարի հետո:
Սա արդյունք է այն բանի, որ երկրում հաստատված է սոցիալական և քաղաքական անպատասխանատվության մթնոլորտ: Սրա արդյունքում մեծանում է պետության հանդեպ քաղաքացիների անվստահությունը, նրանք դադարում են հայրենիքում իրենց հեռանկարը տեսնել: Ընդհանրապես, երկրում ամրապնդվում է հոգեբանական ծանր մթնոլորտը:
Հայաստանում բոլոր տնտեսական և սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման համար պետք է ձևավորել արդյունավետ կառավարման համակարգ: Իսկ դրա համար պետք է ձևավորել արդյունավետ ընտրական համակարգ և ընդունել այն դրույթը, որ ո՜չ մի քաղաքական ուժ չպետք է ունենա բացարձակ մենաշնորհ՝ իշխանության ձևավորման հարցում:
Ես միշտ նշել եմ, որ ինձ համար Հայաստանում չկան թշնամիներ, վատ կամ լավ քաղաքական ուժեր: Իմ պատկերացմամբ` Հայաստանի քաղաքական ուժերը պետք է ակտիվորեն ներգրավվեն պետական շինարարության մեջ, և ընդդիմությունը նույնպես պետք է ակտիվ դերակատարում ունենա այս գործընթացում: Դրա համար անհրաժեշտ է միայն ու միայն քաղաքական կամք: Մինչդեռ այսօր Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը իրենց խաղից դուրս վիճակի մեջ են զգում:
Ամիսներ առաջ մենք շրջանառության մեջ դրեցինք «նոր որակի իշխանություն» ձևակերպումը: Ես կուզեի մի փոքր մանրամասնել, թե ինչ է ընկած այս ձևակերպման հիմքում:
Այս ձևակերպմամբ ես առաջին հերթին ի նկատի ունեմ քաղաքական մենաշնորհի վերացումը: Սա Հայաստանին ոչ մի լավ բան չի բերում: Սա թույլ չի տալիս՝ որևէ խնդրի լուծման ճանապարհին գտնել արդյունավետ տարբերակներ, օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, անել մեր երկրի համար իրոք կարևոր, օգտակար քայլեր: Սա աղքատացնում է քաղաքական միտքը մեր երկրում:
Հայաստանում պետք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն կառավարություն, լինեն իրական կոալիցիոն ավագանիներ, և ոչ մի վատ բան չկա, եթե նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երևանի քաղաքապետը, մարզպետները լինեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ:
Այդ դեպքում խաղի միակ կանոնը կլինի օրենքը, պետության շահը և հասարակական կարծիքը:
Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այսօրվա, թերևս, ամենակարևոր ուղերձի վրա:
Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նո՜ր մարդկանցից՝ կրթված, նոր արժեքային համակարգով մարդկանցից, և հենց նրանք պետք է լինեն նոր և ուժեղ Հայաստանի դեմքը:
Ես չեմ ուզում մի կուսակցությունը մեխանիկորեն փոխարինել մյուս կուսակցությամբ, կամ մի անձին` մյուսով: Ես ուզում եմ ստեղծել հնարավորություն, որ կրթված, գրագետ մարդիկ ոչ թե հուսահատ և չգնահատված հեռանան Հայաստանից, այլ դառնան Հայաստանի շարժիչը:
Ես այսօր պաշտոնապես հրավիրում եմ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող՝ լավ կրթությամբ և մասնագիտական բարձր ունակություններով հայ մասնագետներին, Հայաստանում ապրող երիտասարդ կրթված ու ազնիվ մասնագետներին: Եկե՜ք միասին թիմ կազմենք, ձեր ունակությունները դրե՜ք ի նպաստ Հայաստանի ու մեր ժողովրդի: Ես պատրաստ եմ իմ անձնական միջոցներից ապահովել ձեր բարեկեցությունը, աջակցել ձեր կողմից մշակված ցանկացած ծրագրի, որն իրական օգուտ կտա Հայաստանին և հայ ժողովրդին:
Ես պատրաստ եմ ապահովել էֆեկտիվ աշխատելու համար բոլոր պայմանները -ստեղծե՜ք աշխատանքային խմբեր, ոլորտ առ ոլորտ մշակե՜ք մեր երկրի համար զարգացման ծրագրեր: Հատուկ ընդգծեմ - ես խոսում եմ կոնկրետ, կիրառելի, արդյունք տվող ծրագրերի մասին: Ինձ հետաքրքիր չեն հերթական գեղեցիկ խոսքերը, ձևակերպումները, կեղծ հայրենասիրական ճառերը: Ես գործի մարդ եմ, ես կոչ եմ անում իրական գործի:
Եկե՜ք կազմենք նոր թիմ, ժողովրդին ներկայանանք նոր ծրագրերով և նոր դեմքերով: Ես ուզում եմ, որ հենց Դո՜ւք գաք իշխանության ու դառնաք Հայաստանի պատմությունը նորովի կերտողներից մեկը: Դուք դա կարող եք, ես հավատում եմ: Ես պատրաստ եմ օգնել, աջակցել՝ ինչով կարող եմ:
Մենք պետք է լրջորեն պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը, մերժելով՝ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման՝ սահմանադրական փոփոխությունների փորձերը:
Կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, երբ տնտեսությունը գտնվում է ներքին և արտաքին գործոններով պայմանավորված խորը անկման մեջ, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել և պատճառ դառնալ հասարակական քաղաքական ցնցումների:
Ես կարևորում եմ ընտրական օրենսգրքում փոփոխությունները: Մենք պետք է լրջորեն պատրաստվենք բոլո՛ր ընտրություններին, որովհետև քաղաքական մենաշնորհը վերանում է ընտրությունների միջոցով: Մենք պետք է ողջ երկրով մեկ աշխատենք մարդկանց հետ` ստանալու համար ժողովրդի աջակցությունը:
Մենք պետք է կարողանանք գրագետ և կազմակերպված աշխատանքով խափանել ընտրակեղծիքների մեքենան: Այդ նպատակի համար տասնյակ հազարավոր մարդկանց մենք ներգրավելու ենք ամենօրյա աշխատանքի մեջ: Ի վերջո, ընտրակեղծիքների չարաբաստիկ մեքենան մեր երկրում մի օր պետք է ջարդվի: Հավատացեք, դրա համար մենք ունենք թե՜ մարդկային, թե՜ կազմակերպչական, և թե՜ նյութական բոլոր անհրաժեշտ ռեսուրսները:
Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի:
Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում: Բայց քայլերի ժամանակն անսահման չէ:
Չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը, մաղթում եմ ձեզ ազատ և հետաքրքիր քննարկումներ, այդ թվում` իմ կողմից առաջ քաշված դրույթների վերաբերյալ»:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ