Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պետական ապարատն ուռճացված է

Պետական ապարատն ուռճացված է
08.05.2015 | 09:56

Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետական ապարատը բավականին ուռճացված է: Բաժիններ, վարչություններ կան, որտեղ մեկ հաստիքի վրա ձևակերպված են մի քանի անձինք, մինչդեռ, բաժնի աշխատանքի արդյունավետությունից ելնելով, կարելի է հանգիստ օպտիմալացնել այն: Օրերս այս առումով ուշագրավ դեպք պատմեցին: Կառավարության ընդհանուր բաժնում բավականին «նեղվածք» է, սակայն նոր աշխատող են բերել, որն անգամ նստելու տեղ չունի: Բայց քանի որ, ինչպես տեղի աղբյուրներն են պնդում, գործին խառնվել է վարչապետի վարորդը, աշխատողներն իրար «կպած» էլ կաշխատեն, որ նորի համար տեղ բացվի: Սա եզակի դեպք չէ, նույն վիճակն է և՛ նախարարություններում, և՛ օրենսդիր մարմնում, ինչը խիստ մտահոգիչ է մի քանի տեսանկյունից: Նախ՝ ուռճացված համակարգը լրացուցիչ բեռ է պետբյուջեի վրա, հետո էլ յոթ հոգուց բաղկացած բաժնում հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է առավելագույնը երեք հոգու վրա, բայց նրանք հավասարապես են վարձատրվում: Ասել է` չաշխատողների ՕԳԳ-ն զրո է: Իհարկե, այս ամենում մեծ դերակատարություն ունեն քավոր-սանիկ-խնամի-բարեկամ-ծանոթ կապերը, ինչի պատճառով շատ հաճախ աշխատանքից ազատվում է գործից «գլուխ» հանող, բայց «թիկունք» չունեցող մասնագետը: Խնդիրն ինչպե՞ս պետք է կարգավորել, ի՞նչ մեխանիզմներով պետք արդյունք չտվող պետծառայողից ազատվել: Այս հարցերն ուղղեցի ԱԺ պատգամավորներին:
Ըստ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ, միշտ էլ օպտիմալացումն ու արդյունավետության բարձրացումը հրատապ հարցեր են եղել, սակայն Հայաստանի բնակչության թվակազմի համեմատ պետական աշխատողների տեսակարար կշիռը մեծ չէ: Պատգամավորը խնդրի լուծումը համարում է գործառույթների հստակեցումը, ինչն արդյունավետ կդարձնի պետական ապարատի աշխատանքը: «Խնդիրը ոչ թե և ոչ այնքան թվաքանակի կրճատումն է, որքան գործառույթների հստակեցման, պատասխանատվության ամրագրումը և լիազորությունների ճշգրտումը»,- նշեց պատգամավորը` այս սկզբունքների բացակայությանը վերագրելով նաև այն, որ մի քանի աշխատողից բաղկացած վարչություններում միայն մեկ-երկուսն են գործով զբաղվում: «Աշխատանքների հստակ բաժանում պետք է լինի: Ցանկացած պետական համակարգում 40 տոկոս աշխատողների ծանրաբեռնվածությամբ աշխատանքը համարվում է լավագույն ցուցանիշ: Այնպես չէ, որ բոլորն էլ նույն արդյունավետությամբ պիտի աշխատեն, բայց պիտի լիազորությունների հստակեցում լինի: Աշխատանքի գնահատման համակարգը պետք է զարգացվի»,- եզրահանգեց Արծվիկ Մինասյանը:
ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ էլ պետական ապարատի կադրերի աշխատել-չաշխատելու խնդիրը տեղափոխում է մարդկային հարթություն, այսինքն, յուրաքանչյուր կոլեկտիվի աշխատակազմի ղեկավարից է կախված՝ ինչ քանակի ու որակի աշխատողներ կունենա: Պատգամավորը նաև սեփական օրինակով փորձեց պարզաբանել ասելիքը. «Պատգամավորն ունի երկու օգնական, մեկը՝ վճարովի, մյուսը` անվճար հիմունքներով: Ես հիմա երկուսն էլ ունեմ, երկուսն էլ ծանրաբեռնված աշխատում են»:
Ընդհանուր առմամբ, ԲՀԿ խմբակցության անդամը կարծում է, որ այս խնդիրը միշտ էլ եղել է, երբ մի հաստիքի վրա մի քանի անձ է ձևակերպվում, կամ անարդյունավետ բաժիններ ու վարչություններ են լինում: Խնդրի լուծումը, ըստ պատգամավորի, օրենքի դաշտում չպետք է փնտրել. «Եթե օրենքով կարգավորվի, համակարգը ճկուն չի աշխատի, դա ապարատի ղեկավարից կախված հարց է: Ընդհանրական լուծում դժվար է գտնել, բայց որ ուռճացվածություն կա, միանշանակ է»։
Ստեփան Մարգարյանին համակարծիք էր ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ:
«Յուրաքանչյուր գերատեսչության որոշելիք հարցն է՝ գործառույթներն իրականացնելիս որքան մասնագետներ ունենա: Շատ անգամ կարելի է նկատել, որ առանց այդքան մասնագետների էլ կարելի էր խնդիրը լուծել, բայց կա նաև հարցի մյուս կողմը` նրանց աշխատանքից ազատելով, մեծացնում ենք գործազուրկների բանակը»,- շեշտեց ՀՀԿ անդամը, հավելելով, որ եթե մարդուն ազատում ես աշխատանքից, պետք է այդ մարդուն այլ աշխատանքի տեղավորելու հարցն էլ հոգալ: Պատգամավորի դիտարկմամբ, կադրերի օպտիմալացման հարցում անչափ էական է սոցիալական բաղադրիչը, որը շատ անգամ «ներում» է ոչ արդյունավետ աշխատողների առկայությունը: Արտակ Դավթյանը ուշագրավ մի հանգամանք ևս նշեց: Աշխատանքային երկարամյա փորձը նրան հուշել է, որ չաշխատողը վատ ազդեցություն է ունենում աշխատանքով ծանրաբեռնված գործընկերոջ վրա, և տուժում է աշխատանքի արդյունավետությունը: Բայց ցանկացած աշխատողի հեռացնելը, պատգամավորի համոզմամբ, պետք է լինի չափազանց հավասարակշռված քայլ, որպեսզի սխալները բացառվեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ