ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Էրդողանը պարտվեց իր Գալիպոլիում

Էրդողանը պարտվեց իր Գալիպոլիում
08.06.2015 | 11:47

Թուրքիայում հունիսի 7-ին 53,7 միլիոն ընտրողները ձևավորեցին 550 պատգամավորից բաղկացած Ազգային մեծ ժողովը՝ ընտրություն կատարելով 20 կուսակցություններից և 165 անկախ թեկնածուներից: Նախնական արդյունքներով «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը կորցրեց բացարձակ խորհրդարանական մեծամասնությունը: Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` քվեների 99 տոկոսի հաշվարկով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքում էր քվեների 40,93 տոկոսը (18 371 230 քվե), հիմնական ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը` 25,2 տոկոսը (11308206 քվե), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)` 16,49 տոկոսը (7401230 քվե), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ)` 12,64 տոկոսը (5674160 քվե), մնացյալ կուսակցությունները` 4,73 տոկոսը (2127538 քվե):

Իզուր չէր Ռեջեփ Թայիբ Էրդողանը կորցրել քունն ու դադարը և իր ելույթներում անցել էր ամենամոլի ազգայնականության՝ իշխանության բնազդը նրան թելադրում էր, որ կորցնում է, կարևոր, գուցե ճակատագրական կորուստ է ունենալու, եթե «Արդարություն և զարգացումը» չհավաքի քվեների բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Նախնական տվյալներով՝ չհավաքեց, իսկ դա նշանակում է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հարկադրված է հրաժեշտ տալ Թուրքիան նախագահական դարձնելու երազանքին, այսինքն՝ բոլորովին ապարդյուն Աբդուլլահ Գյուլին հաջորդեց իբրև նախագահ: Գործնականում ռեալ իշխանությունը Ահմեդ Դավութօղլուի ձեռքում է՝ նա է վարչապետը և միայն Էրդողանի ընդգծված իշխանական վարքագիծն է նրան հնարավորություն տալիս իրեն վեր դասել Սահմանադրությունից: Էրդողանը նվազագույնը մեկ գումարում ժամանակով պետք է հրաժարվի նախագահի լիազորությունները ավելացնելու երազանքից՝ փոփոխելով Սահմանադրությունը: Իսկ դա նշանակում է, որ թուրք ընտրողը մերժեց աշխարհիկ պետությունից դեպի տիպիկ իսլամական պետություն Էրդողանի թեթև ձեռքով մղվելու ընտրությունը: «Արդարություն և զարգացումը» հաղթեց ընտրություններում, բայց ակներևաբար ստիպված կլինի կոալիցիոն կառավարություն ձևավորել:
Քրդական ժողովրդադեմոկատական կուսակցությունը առաջին անգամ էր ընտրություններին մասնակցում համամասնական ընտրակարգով և նախնական տվյալներով ստացել է 80 մանդատ: Կուսակցության փոխնախագահ Սիրի Սյուրեյ Օնդերը իրենց հաջողությունն անվանել է խորհրդարանական ընտրություններում խաղաղության և ժողովրդավարության հաղթանակ: Ժողովրդավարության այդ հաղթանակից հետո «Արդարություն և զարգացումը», հավաքելով 41 % և չստանալով միայնակ կառավարություն կազմելու համար անհրաժեշտ 276 մանդատը, կնախընտրի կոալիցիա կազմել «Ազգային շարժում» կուսակցության հետ, որ ունի 83 մանդատ: Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը (26 %) և քրդական ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (11 %) կդառնան ընդդիմություն:
Նախընտրական քարոզարշավը ի հայտ բերեց Թուրքիայի բոլոր պրոբլեմները՝ քաղաքական, տնտեսական, պատմական ու մենթալիտետային: Գալիպոլի Էրդողանը չստացավ, թեև «Արդարություն և զարգացումը» հաղթեց: Իսկ դա նշանակում է, որ, բացի կառավարության կազմի փոփոխությունից, Թուրքիան պիտի փոփոխություններ անի քաղաքականության մեջ: Բնականաբար, արմատական փոփոխություններ Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ չեն լինի, պարզապես Թուրքիայի նախագահը հարկադրված կլինի փոփոխել իր ծրագրերը և հաշվի նստել քաղաքական նոր իրականության հետ: Ի՞նչ կնշանակի դա գործնականում՝ ցույց կտա ժամանակը: Հունիսի յոթի կիրակին սև կիրակի էր Էրդողանի համար անձամբ՝ իզուր չէր նա վախենում խավարասերներից, բայց փաստորեն աշխարհի ամենամեծ նախագահական պալատն ունեցող նախագահը հարկադրված է պարփակվել նախագահական ներկա լիազորությունների շրջանակներում՝ դա ծանր հարված է Թուրքիայի նախագահի ոչ միայն իմիջին, այլև ծրագրերին: Հիմա արդեն նա միանշանակ կարող է քարկոծել հայերին, միասեռականներին ու ընդդիմադիր լրագրողներին՝ հայտարարելով Թուրքիայի թշնամի, բայց, ի տարբերություն հունիսի վեցի, հունիսի ութին այդ «թշնամիները» արդեն ունեն քաղաքական իրավունքներ՝ իրենց ստացած ձայների շնորհիվ, և դա փաստ է, որի հետ Թուրքիայի նախագահը հարկադրված է հաշվի նստել:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունները հայերիս համար փոփոխություններ հազիվ թե նշանակեն՝ իր մեծամասնութամբ Թուրքիան մնում է նույն քաղաքականությունը դավանող, հետևաբար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ժխտողականությունը պետական մակարդակով շարունակող պետություն: Հայ պատգամավորների ընտրությունը և իշխանական, և ընդդիմադիր կուսակցությունների կողմից, ցեղասպանությունից հետո առաջին անգամ խորհրդարանում հայ ներկայացուցիչ ունենալը վիճակագրական տվյալ է՝ հայկական հարցի, ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացման առումով նրանք գործնականում չեն կարող իրավիճակ փոխել: Բայց համայնքների կյանքում դա իսկապես հաջողություն է և կարևոր իրադարձություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հունիսի յոթին Թուրքիայի ամենաերջանիկ քաղաքական գործիչը Ահմեդ Դավութօղլուն էր՝ նա կարող է մնալ վարչապետ և ընտրությունների արդյունքներով նախագահը չի կարող վարչապետից վերցնել նրա լիազորությունները՝ փոխելով Սահմանադրությունը: Եթե, իհարկե, Էրդողանը չորոշի հրաժարական տալ և վերադառնալ վարչապետի պաշտոնին: Մարդը, որ վախենում է խավարասերներից և նրանց դեմ պայքարի համար նախագահական պալատ է կառուցում, անկանխատեսելի է իր արարքներում:

Դիտվել է՝ 1479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ