Մինչ Բաղրամյան պողոտան ալեկոծվում է, կառավարությունը որոշեց տարեկան 24 հազար դրամ հատկացնել անապահով ընտանիքներին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վնասը փոխհատուցելու նպատակով։ Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, անապահով ընտանիքների ծախսը էլեկտրաէներգիայի մասով կավելանա ամսական 1400 դրամով, բայց կառավարությունը հատկացնում է 2000 դրամ։ Այլ կերպ ասած, ծախսից մի բան էլ ավելի։ Գուցե լրացուցիչ 600 դրամ է տրամադրում, որ կարողանան խնայողությո՞ւն էլ անել։ «Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ծախսերը»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Արտեմ Ասատրյանը։ Ի դեպ, ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է լուրջ սոցիալական լարվածություն առաջացնում հանրապետությունում, այլև ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված ակցիզային հարկի բարձրացման մասին փոփոխությունը։ Ի՞նչ է մտածում այս ուղղությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ «Դրա համար օրենսդիրն առաջարկեց օրինագծի քննարկումը հետաձգել մինչև աշուն։ Դա հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կողմերին լայնորեն ուսումնասիրելու հարցը»,- պարզաբանեց նախարարը։ Նշենք, որ ասուլիսում Արտեմ Ասատրյանը ներկայացրեց հաշվարկ, ըստ որի, նպաստառուների էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը կազմում է 200 կՎտ.ժ։ Ձմռանն այն կազմում է 350 կՎտ.ժ, ամռանը՝ 150։ Ըստ հաշվարկների՝ սակագնի բարձրացումից հետո էլեկտրաէներգիայի ծախսը կավելանա 1400 դրամով։ Սակայն հիշեցնենք, որ կառավարությունը հատկացնում է 2000 դրամ՝ ավել 600 դրամով անապահով խավը գուցե կարողանա ամռանը հանգստանալ Քոբուլեթում։ Հարգարժան նպաստառուներ, չփորձեք 600 դրամը որպես ավանդ ներդնել բանկերում, մեկ էլ տեսար խաբված դուրս եկաք։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ