ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Ոչ վարակիչ հիվանդությունները կարելի է կանխել, եթե քաղաքականության վեկտորը փոխվի»

«Ոչ վարակիչ հիվանդությունները կարելի է կանխել, եթե քաղաքականության վեկտորը փոխվի»
10.07.2015 | 00:05

Անցած շաբաթ կայացած առողջապահության միջազգային 4-րդ համագումարն առանձնացավ իր ուղղվածությամբ. առանձնակի ուշադրություն դարձվեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, սրտանոթային համակարգի և դիաբետի շուրջ առավել մանրամասն քննարկումներ ծավալվեցին։ Մասնագետների գնահատմամբ` այս հիվանդությունների ծագման արտաքին հիմնական շարժառիթներից է սնունդը։ «Իհարկե, կան անկատար մեխանիզմներ, սակայն մենք չենք փորձում թաքնվել դրանց հետևում։ Մեր խնդիրն է բացահայտել դրանք և լուծումներ գտնել։ Փորձում ենք գտնել այնպիսի լուծումներ, որոնք ընկալելի լինեն բոլոր կողմերի համար և ապահովեն բարձր արդյունավետություն»,- նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Այն, որ առողջ սնունդը առողջության ապահովման կարևոր բաղադրիչներից մեկն է, կասկած չկա։ Հարցի կարևորությունը գնահատելով` զրուցեցինք ՌԴ ԳԱ սննդի ինստիտուտի տնօրեն, համագումարի պատվիրակ ՎԻԿՏՈՐ ԹՈՒՏԵԼՅԱՆԻ հետ։

-Պարոն Թուտելյան, մինչ սննդի խնդրին անցնելը, գնահատեք, խնդրեմ, ինչպիսի արդյունքներ տվեց այս համագումարը։
-Առաջին և կարևոր արդյունքը մասնագետների շփումն է, ինչը լուրջ դեր ունի տեղեկատվության փոխանակման հարցում։ Ինչպես գիտեք, տեղեկատվությունն առողջապահության ոլորտում ևս զարգացման շարժիչ ուժերից մեկն է։ Մեր օրերում հատկապես մարդկային շփման սով կա, այդ բացը հնարավոր եղավ լրացնել այս համագումարի միջոցով։ Երկրորդ, շատ արդյունավետ էին սատելիտային սիմպոզիումները, որոնց ընթացքում քննարկվեցին խնդիրներ, որոնք առկա են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ Գործնական առումով այս սիմպոզիումները դրական արդյունք կտան, քանի որ միջազգային ճանաչում ունեցող գիտնականների դասախոսություններին ներկա էին մասնագետներ Հայաստանի տարբեր մարզերի բժշկական կենտրոններից։
-Հայաստանում մոտ մեկ տարի քննարկվում է ալյուրին ֆոլիաթթու խառնելու հարցը, որը մասնագետներին բաժանել է երկու մասի։ Մի մասը համոզված է, որ այդպիսով շատ հիվանդություններ կկանխվեն, մյուս հատվածը համոզված է, որ կավելանա քաղցկեղով տառապողների թիվը։ Ըստ Ձեզ` ո՞րն է ճշմարտությունը։
-Երբ լսում եմ պնդումներ, թե ֆոլիաթթվի որոշ քանակի ավելացումը քաղցկեղածին է, տխրում եմ։ Նման դատողությունները բնորոշ են ցածր մշակույթ ունեցող ազգերին։ Միշտ համոզված եմ եղել, որ Հայաստանը մտավոր բարձր մշակույթ ունի։ Ամբողջ աշխարհը ալյուրի մեջ ֆոլիաթթու է ավելացնում, և լուծվում է միկրոնյութերի դեֆիցիտի խնդիրը արյան մեջ։ Չեմ հասկանում ընդդիմացողների հիմնավորումները։ Այդ միկրոնյութերը օրգանիզմի համար ունեն կարևոր նշանակություն։ Ֆոլիաթթվի ավելացման հետևանքով մի շարք եվրոպական երկրներում 30-80 տոկոսով նվազել են նյարդային խողովակի արատները նորածինների մոտ, իսկ Հայաստանում դրան դեմ են, ցավալի է։ Ի դեպ, նկատենք, որ ֆոլիաթթուն ալյուրի մեջ կիրառվել է նաև Խորհրդային Միության տարիներին և դադարեցվել է այդ քաղաքականությունը 90-ականներին, այսինքն` Միության փլուզումից հետո։ Ինչպես գիտեք, Խորհրդային Միությունում շատ հիվանդություններ մեծ թափով չէին զարգանում։
-Ըստ Ձեզ, Հայաստանի առողջապահության ոլորտում կա՞ն ուղղություններ, որտեղ խնդիրները մեծ են։
-Բժշկությունը, ընդհանրապես առողջապահությունը, տեղում կանգնած չէ, անընդհատ զարգացման մեջ է։ Սա մի գիտություն է, որն ամենօրյա զարգացման անհրաժեշտություն ունի։ Այս օրերին մենք քննարկեցինք պրոֆիլակտիկ բժշկության խնդիրները։ Գաղտնիք չէ, որ ոչ մի երկիր ի վիճակի չէ անընդհատ ներդրումներ կատարելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում և այս մրցակցությունում առաջ անցնելու մյուսներից։ Ամբողջ աշխարհը դա հասկացել է, այդ ճանապարհով էլ միջազգային խոշոր կառույցների դեկլարացիայի համաձայն, կարևորվեց պրոֆիլակտիկ բժշկությունը։ Այս ոլորտում զգալի դեր է հատկացված ճիշտ և առողջ սննդակարգին։ Այս հարցն այնքան կարևոր է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան գումարեց սննդի հատուկ կոնգրես, որում քննարկվեցին ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցները։ Սրա առանցքում դիտարկվեց ճիշտ սնունդը։ Ոչ վարակիչ հիվանդությունները կարելի է կանխել, եթե քաղաքականության վեկտորը փոխվի դեպի առաջնային առողջապահությունը, այսինքն` կարևորվեն առողջ ապրելակերպը և պրոֆիլակտիկ բժշկությունը։ Գաղտնիք չէ, որ ավելի հեշտ է հիվանդությունը կանխելը, քան բուժելը։ Ի դեպ, կրկին պետք է հիշենք Խորհրդային Միության փորձը և նշենք, որ այդ ժամանակներում պրոֆիլակտիկ բժշկությունն առաջնային էր։ Այժմ դրա կարևորության մասին խոսում է ողջ աշխարհը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, հայրենական առողջապահությունը աշխարհի առողջապահության մաս է կազմում, ինչը նշանակում է, որ մարտահրավերները նույնն են։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ