Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Երկու հայացք Իրանին

Երկու հայացք Իրանին
15.07.2015 | 00:15

Համաձայնությունը կայացավ, հետո՞

Իրանի ու վեցնյակի 17 օր տևած բանակցություններին հետևում էր ամբողջ աշխարհը: Բանակցություններն ավարտվեցին կոնսենսուսի ձեռքբերմամբ: Ու ի՞նչ: Էմբարգոյի բեկանումը Իրանի հաշտությունն է աշխարհի հետ, իսկ դա նշանակում է, որ երկար տարիներ պատժամիջոցների պատճառով տնտեսական դժվարությունների դիմացած Իրանը մեծ տերություն է դառնալու:
Իրանը կարող է դառնալ տարածաշրջանի հիմնական ուժը
Իրանը կենտրոնական դիրք ունի Եվրասիայի աշխարհաքաղաքականության մեջ՝ լինելով Մերձավոր Արևելքի մեծագույն ուժերից մեկը, որը բազում դարեր հաշվող քաղաքակրթություն ու հարուստ պատմական անցյալ ունի: Վեցնյակի հետ ձեռքբերված համաձայնությունից հետո՝ առանց այդ էլ տարածաշրջանի կարևոր խաղացող Իրանը առավել մեծ նշանակություն է ստանում: Հետագայում իրանառուսական միասնությունը կարող է ռազմավարական համագործակցության վերածվել: Իսկ դա Իրանը կդարձնի տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը: Ընկերությունները հերթ կկանգնեն
Բազմամյա մեկուսացումից դուրս եկող Իրանը տնտեսական բազմաթիվ խաղացողների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Աշխարհում խոշորագույն նավթագազային պաշարներ ունեցող երկրի հնարավորությունները գնահատելիս առաջինը հիշում ես էներգետիկ ընկերություններին: Բայց 370 միլիարդանոց տնտեսությունը միայն ածխաջրածիններից չի կազմված: 77 միլիոն սպառողների մասին մտածելիս, որ մեկ տասնամյակից ավելի զրկված են եղել արևմտյան ապրանքներից, գլոբալ շատ ընկերություններ երազների գիրկն են ընկնում:
Ինչպե՞ս կփոխվեն հարաբերությունները Թուրքիայի հետ
Թւուրքիան ու Իրանը Մերձավոր Արևելքում երկու մրցակիցներ են: Նրանք տարբեր տարածաշրջանային քաղաքականություններ են վարում, տարբեր ճակատներում են կռվում և ունեն պետական տարբեր առանձնահատկություններ: Թեպետ երկու երկրների հարաբերություններում ժամանակ առ ժամանակ մեղմացում է լինում, յուրաքանչյուրը ձգտում է մյուսից քայլ առաջ լինել ու իր ներուժը ցուցադրել: Այս երկրների տարածաշրջանային հավակնությունները միշտ մղել են մնացած երկրներին իրենց թևի տակ առնել: Իրանի նկատմամբ էմբարգոյի վերացումը Թուրքիայից առաջ անցնելու հնարավորություն կարող է տալ: Բայց պետք չէ մոռանալ, որ Թուրքիան էր այն երկիրը, որ պատժամիջոցների գործողության ժամանակ աջակցում էր Իրանին, առևտուր էր անում ու օգնում էր դիմանալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե համաձայնագրից հետո ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Իրանը:
"Haber7", Թուրքիա

Ինչո՞վ է վտանգավոր Իրանի ու համաշխարհային տերությունների համաձայնագիրը
Իրանի ու համաշխարհային տերությունների միջև համաձայնագրի բովանդակությունը դեռ չի հրապարակել, սակայն Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը արդեն հայտարարել են, որ խոսքը պատմական մասշտաբի սխալի մասին է: Ճի՞շտ են նրանք, թե ոչ: Մի քանի փաստեր, որ պատկերացում են տալիս այդ համաձայնագրի մասին: Պայմանագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց վիթխարի բացթողումները հայտնի են: Օրինակ, պայմանագիրը չի պահանջում վերահսկողություն Ֆորչանի հետազոտությունների կենտրոնի նկատմամբ: Հենց իրանցի գիտնականներն են զբաղվում ռազմական միջուկային հետազոտություններով (ավելի պարզ՝ ատոմային ռումբի ստեղծումով):
Պայմանագիրն Իրանի տրամադրության տակ է թողնում 30 հազար ցենտրիֆուգա, որ անհրաժեշտ պահին կարող է օգտագործել: Պայմանագիրն անժամկետ չէ՝ դա ևս խնդրահարույց է: Պայմանով, որ իրանցիները կատարում են համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորույթունները, հաջորդ տասնամյակում նրանք հանգիստ կարող են վերադառնալ միջուկային ծրագրին: Մինչդեռ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո Իրանից հանվում է տնտեսական պատժամիջոցների մեծ մասը: Հավանաբար, ԱՄՆ-ի Կոնգրեսը պայմանագիրը կվավերացնի 60 օրում:
Անցյալում իսրայելյան ազդեցությունը Իրանի հետ բանակցային գործընթացի վրա բավականաչափ լուրջ էր (պատասխանատուն նախարար Յուվալ Շտայնիցն էր): Վերջին ամիսներին Օբամայի վարչակազմը համարյա ամբողջությամբ մեկուսացրել է իսրայելյան կողմը համաձայնագրի ձևավորմանը որևէ կերպ մասնակցելուց: Պամանագրի ստորագրումը կմղի Սաուդյան Արաբիային, Թուրքիային, Եգիպտոսին սեփական միջուկային զենք ունենալ՝ ի հակակշիռ իրանյան միջուկային ներուժի: Իրանը կօգտագործի պատժամիջոցների վերացումը նոր ռազմական տեխնոլոգիաներ ու զենք գնելու համար՝ 30 միլիարդ դոլարի չափով:
Զենքի գլխավոր մատակարար կդառնա Ռուսաստանը: ԱՄՆ-ը ևս կփոխհատուցի Մերձավոր Արևելքում իր դաշնակիցների անհանգստությունը միլիարդանոց գործարքներով՝ հուրախություն ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի: Իսրայելն էլ ամերիկյան մի քանի «կոնֆետ» կստանա: Քանի որ արաբական մյուս երկրները, Իրանից զգուշանալով, սկսելու են զինվել, Իսրայելը ևս հարկադրված է լինելու մեծացնել իր պաշտպանական բյուջեն:
1938-ի սեպտեմբերին Հիտլերի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենի համառ ձգտումը երկրորդ համաշխարհային պատերազմը չկասեցրեց՝ ուղիղ մեկ տարի հետո պատերազմը սկսվեց:
Նույնիսկ եթե համեմատությունը չափազանցություն է թվում, համաձայնագրի կնքումը պարադոքսալ կերպով իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դարձնեւմ, քան տնտեսական պատժամիջոցները առանց ձևական համաձայնագրի: Առաջիկա տարիներին իսրայելական հետախուզությունը առավելագույն ջանքեր է գործադրելու՝ ապացուցելու համար աշխարհին, որ Իրանը խախտում է համաձայնագիրը և շարունակում իր միջուկային ներուժի զարգացումը: Եթե այդ ապացույցները բավականաչափ համոզիչ լինեն, արևմտյան երկրները ԱՄՆ նոր նախագահի գլխավորությամբ ստիպված են լինելու որոշում ընդունել՝ իրե՞նք հարձակվեն Իրանի վրա, թե՞ թույլ տան Իսրայելին:
Այնուամենայնիվ, Իսրայելի ռազմական ղեկավարության մեջ նաև տեսակետ կա, որ Իրանի հետ համաձայնագիրը չարյաց փոքրագույնն է, որ իրանցիներին ավելի է հեռացնում ատոմային ռումբի ստեղծումից, քան կարող էր անել Թեհրանի միջուկային օբյեկտների վրա իսրայելական հարձակումը:
Ամիր Ռապապորտ , "NRG", Իսրայել


Հ.Գ. Երկու տեսակետ՝ թուրքական և իսրայելական, ակնհայտ ներհակ: Եթե թուրքերը փորձում են հնարավորինս շահել Իրանի հետ վեցնյակի համաձայնագրից, Իսրայելը շարունակում է չհայտարարված պատերազմը և պատրաստվում է ապացուցել աշխարհին, որ Իրանը մնում է չարիք տարածաշրջանի համար և ակնհայտ է, որ շարունակելու է պայքարը նաև համաձայնագրի վավերացման դեմ: Հարց է՝ Իսրայելում իշխանության փոփոխությունը կփոխի՞ արտաքին քաղաքականությունը: Հավանաբար՝ ոչ: Գործնականում թուրք-իսրայելական ավանդական ռազմավարական համագործակցությունը Իրանի հարցում լուրջ ճեղքվածք է տալիս: Իսկ մենք այս խառնարանում ընդամենը ուզում ենք մի գազատար, որ Իրանի գազը իբրև տարանցիկ երկիր հասցնենք Եվրոպա, ու մի երկաթուղի, որ Պարսից ծոցով միանանք մեծ աշխարհին: Ու՝ սպասում ենք՝ ով մեր հարցերը կլուծի արդեն գլոբալ մակարդակով, երբ երկկողմ հարաբերությունների մակարդակում հարևանի հետ հանդիպել չկարողացանք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ