ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ժամանակակից է բոլոր ժամանակներում

Ժամանակակից է  բոլոր ժամանակներում
31.07.2015 | 11:23

Հուլիսի 26-ին Գանձայում տերյանական օր էր, հանճարեղ բանաստեղծի շունչն էր թևածում, Տերյանն էր յուրաքանչյուրի շուրթերին։ Մեծ բանաստեղծն ավանդաբար նույն օրը, նույն ժամին տարբեր երկրներից համախմբել էր բարձրաստիճան պաշտոնյաների, գրողների, զբոսաշրջիկների, սփյուռքահայերի և, ամենակարևորը, երիտասարդների, ինչը նշանակում է, որ Տերյանը տարիք չունի՝ Տերյանը ժամանակակից է բոլոր ժամանակներում։ Նրա ստեղծագործություններն իրենն է համարում նաև Վրաստանի գրական աշխարհը, որի ներկայացուցիչներից մեկի հետ կարճ զրույց ունեցանք։

ԳԻՎԻ ՇԱՀՆԱԶԱՐ
(Վրաստանի գրողների միության անդամ)

-Վրաց գրականության մեջ Վահան Տերյանն իր տեղն ունի՞։
-Իհարկե։ Տերյանը, լինելով ազգային, միևնույն ժամանակ համամարդկային պոետ է, և բնականաբար, նրա գրչի ազդեցությունը մեծ է ոչ միայն հայ, այլև վրաց գրականության մեջ։ Վահան Տերյանին թարգմանել են վրաց շատ նշանավոր գրողներ։ Վրացերեն հրատարակվել են բազմաթիվ գրքեր։
-Դուք թարգմանե՞լ եք Վահան Տերյանին։
-Ամբողջական գրքի թարգմանություն չեմ արել, սակայն առանձին բանաստեղծություններ՝ բազմաթիվ։ Եթե չափման միավորը մեր գրողների տերմինաբանությամբ գնահատեմ, ապա մի քանի մամուլ թարգմանություն եմ արել։
-Բատոնո Շահնազար, բացի Տերյանից, թարգմանչական ի՞նչ աշխատանքներ եք արել։
-Շատ ու շատ մեծերի գործեր եմ թարգմանել, սկսած Նարեկացուց մինչև մեր օրերի հայ գրողները։ Իմ արածի մասին չեմ սիրում խոսել, քանի որ ամենալավ դատավորը, կարծում եմ, ընթերցողն է։
-Ի դեպ, ընթերցողի մասին։ Վրաց ժողովուրդը գիրք կարդո՞ւմ է։
-Կարդացող ժողովուրդ էր։ Ցավոք, չկարդալու հիվանդությունը համաշխարհային ցավ է։

Տերյանական օրվա միջոցառումը համախմբել էր բոլոր նրանց, ովքեր սիրում են Տերյանին և իրենցը համարում։ Այս առումով մեզ համար իսկական բացահայտում էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տերյանասիրությունը։

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ
(ՀՀ ԱԺ փոխխոսնակ)


-Ժամանակներն ապացուցեցին, որ Տերյանը ոչ թե «վերջին պոետն» էր, այլ Երկիր Նաիրիի պոետը։ Ինձ համար գրողն առանձնակի խորությամբ և բազմակողմանիությամբ ներկայանում է իր նամակներով և հոդվածներով։ Մեծանուն գրողի նամակներում շաղախված են և՛ սեր, և՛ երազ, և՛ կարոտ, և՛ հավատ, և՛ հայրենասիրություն, և...
-Չե՞ք կարծում, որ մի տեսակ ճիշտ չի ներկայացվում Տերյանը, նրա ռոմանտիզմը մատուցվում է որպես տխրություն, տրտմություն։
-Չեմ կարծում, որ ես այդ գործի լավագույն մասնագետն եմ, հատկապես, որ հայ գրականությունը և մասնավորապես Տերյանին, սկսել եմ ուսումնասիրել հասուն տարիքում։ Եվ չեմ համարում ինձ դրա մասնագետը...
-Բա՞յց։
-Բայց, իհարկե, նեղվածության, լացակումածության ստերեոտիպ գոյություն ունի։ Գուցե դա պայմանավորված է հայ ազգի հազարամյա վշտով, որ Տերյանը խորապես զգացել է։ Սակայն, կարծում եմ, որ տերյանական պոեզիայի դոմինանտը վիշտը չէ, այլ Երկիր Նաիրին։ Կցանկանայի, որ մեր երիտասարդությունը Տերյանին ընկալեր որպես Երկիր Նաիրիի և ոչ լքվածութան և մենության պոետի։
-Տիկին Նաղդալյան, քանի որ Դուք կարևորեցիք Տերյանի հոդվածներն ու նամակները, ապա չեմ կարող չհարցնել. իր հոդվածներից մեկում Տերյանը հիմնավոր կերպով դեմ է արտահայտվում միջազգային տերմինների թարգմանությանը, նշելով, որ դա խանգարում է մեզ աշխարհին հասկանալի լինելուն։ Մինչդեռ վերջերս խիստ մոդայիկ է դարձել մեզանում միջազգային բոլոր տերմինների թարգմանությունը։ Արդյոք Տերյանը ճիշտ չէ՞ր իր գնահատականում։
-Ինձ համար Տերյանի եվրոպական մտածողությունը ցցուն կերպով տեսանելի է։ Գաղտնիք չէ, որ մեծանուն գրողը հայ գրականությունը կապեց եվրոպական մշակույթին։ Նա իր հայերենով, լեզվամտածողությամբ թռիչքաձև զարգացում հաղորդեց հայ գրականությանը։ Սա շատ կարևոր գործոն է։ Չգիտեմ, գուցե ամեն ինչ թարգմանելու անհրաժեշտությունը մեզանում ինքնապաշտպանության բնազդներից մեկն է։ Գուցե դա լեզվապահպանության գրավականներից մեկն է։ Ճիշտ է, թարգմանությունների հարցում երբեմն չափը, սահմանն անցնում ենք և ձգտում ենք ամենաաննշան տերմինն անգամ թարգմանել, սակայն դրա հետ մեկտեղ, հաճախ ելույթներ են լինում, որոնցում միջազգային տերմինների այնպիսի տարափ է հնչում, որ մայրենին կորչում է։ Գուցե այս հարցում պետք է պահպանել ոսկե միջինը, հատկապես մեզ համար, որովհետև մենք մի ժողովուրդ ենք, որ պատմության քառուղիներում լեզուն որպես սուր և վահան, զենք ու զրահ է գործածել ու ժառանգել սերունդներին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ