Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քոռ Օհանի աղջիկների օժիտը

Քոռ Օհանի աղջիկների օժիտը
09.09.2016 | 08:10

Կալկաթայում Հովհան Խաչատուրյան անվամբ մի մարդ կար, որի մականունն էր Քոռ Օհան: Սա զվարճախոս խեղկատակի համբավ ուներ, կալկաթահայոց համար սիրելի անձնավորություն էր և մշտապես հրավիրվում էր զանազան հացկերույթների: Մի անգամ խնջույք է կազմակերպված լինում խոշոր վաճառական, մեծահարուստ Հովհանջան Էլիազյանի տանը: Քոռ Օհանը հանկարծ ոտքի է կանգնում և բոլորի ներկայությամբ դիմում խոջա Հովհանջանին.


-Երանի՜ քեզ, աղա, երանի՜ քեզ երկու պատճառով: Մեկ, որ Աստված քեզ աղքատություն չի տվել, երկրորդ, որ աղջիկների հայր չի դարձրել, ինչպես ինձ է պատժել: Իմ դուստրերը թեպետ սիրուն են, բայց սիրուն բախտ չունեն, օժիտ չունեն, Կալկաթայի շան ձագերից ¥նկատի ունի տղաներին-Խ. Դ.¤ ոչ ոք դուռս չի գալիս, որ այդ ցավ ու պատժից ինձ ազատի: Այ, եթե աղջիկներս քոնը լինեին, որքա՜ն անձինք դուռդ կթակեին, մինչ երեկո ծունր կդնեին: Հիմա մտածում եմ, եթե ես ու իմ պառավ կինն էգուց մեռնենք, Խաչատուր որդիս իր քույրերին փողո՞ց պիտի ձգի, ո՞վ գիտի` ինչ շուն ու կատվի ձեռ պիտի ընկնեն` գլուխները ծուռութեք բարձի դնելով:


Բարեգութ խոջա Հովհանջանն այս խոսքերից խիստ ազդվում է և ասում.
-Այդչափ մի վշտանա, ահա երդվում եմ վեց հազար ռուփի տալ դուստրերիդ համար, յուրաքանչյուրին` երկու հազար ռուփի օժիտ: Դու ջանա, որ սրտիդ ուզած փեսաներ գտնես:
Քոռ Օհանը ծնկի է գալիս և սկսում կաքավել.


Յալալի՜, երեք օձից ես պրծա,
Յալալի՜, երեք վարձկան մշակ գտա,
Յալալի՜, շուտով աներ կդառնամ,
Յալալի՜, ես էլ նոր մարդ կդառնամ:
Եվ այսպես շարունակ:


Քանի որ հին հարուստներն այսօրվանների նման ստախոս ու խաբեբա չեն, խոջա Հովհանջանն իր խոստումը կատարում է: Երկու հազարական ռուփին Քոռ Օհանի աղջիկների բախտի դուռն իսկույն բացում է. Եղիսաբեթն ամուսնանում է ջուղայեցի Մանուկ Թորոսյանի, Հեղինեն` ջուղայեցի Ղազար Սիմոնյանի, իսկ Շուշանը` Մեսրոպ Թաղիադյանի հետ: Այո, այո, գրական երկերի, հրապարակախոսական հոդվածների հեղինակի, խմբագրի, վարժապետի հետ, որ ծնվել էր Երևանում, աստուանդ թափառելով եկել-հասել Կալկաթա և հասկացել հետևյալը. «Մեր արմատը մեր հայրենիքն է: Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը»: Արդյո՞ք պատճառն այն էր, որ նա օտարության մեջ երջանկություն չգտավ: Նրա առաջին կին Թանգում Մկրտչյանը վաղ էր մահացել: Քոռ Օհանի դուստր Շուշանն էլ իր 2000 ռուփի օժիտով երջանկություն չբերեց` վախճանվեց 1855-ին ու թաղվեց Կալկաթայի Սբ Նազարեթ եկեղեցու բակում, իսկ տապանաքարի վրա փորագրվեց. «Տիկին Շուշանայ Մեսրովբ Դ. Թաղիադեան, հիմնադրի եւ առաջին վարժապետի Հայոց դպրոցի սրբոյն Սանդխտոյ, որ ի տիսն 43 հանգեաւ առ Տէր, ի Կալկաթայ, յամի Տեառն 1855 մայիսի 7:
Սրբէ սգով զայս տապան վշտալից այր իւր»:


Մեսրոպ Թաղիադյանը կնոջ մահից հետո ապրեց ևս երեք տարի` երկու կանանցից այդպես էլ զավակ չունենալով:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ