Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Հին» ՀՀԿ-ի վերջին համագումարը. կուսակցությունը «վերափոխվում» է

«Հին» ՀՀԿ-ի վերջին համագումարը. կուսակցությունը «վերափոխվում» է
26.11.2016 | 19:22

Չնայած ՀՀԿ-ն փոխվելու մե՜ծ ցանկություն է հայտնել, սակայն 16-րդ համագումարի «ոճը» նույնն էր։ Հատուկ հարդարված մազերով կանայք (հայտնի ֆիլմի հանգույն՝ թե ասա, ջահել աղջիկ ես, մազե՞րդ ինչի ես բոքս կտրել), ճոխ մեքենաների առատություն, անբովանդակ ու անհամ, ավելի ստույգ, «հակաքաղաքական» ելույթներ։ Այսուհանդերձ, համագումարը հետաքրքիր էր այնքանով, որ նախընտրական տարում էր ու սպասվում էր Գերագույն մարմնի փոփոխություն, ասելիքի հստակեցում։ Այս առումով էլ հուսադրող ոչինչ չկար։
ՀՀԿ ԳՄ նիստում ոչ մի էական փոփոխություն չեղավ, ավելին, կազմը ուռճացվեց, քանի որ նոր անդամներ պետք է այնտեղ «ներգրավվեին»։

Չնայած մամուլի հրապարակումներին, ԳՄ անդամ մնացին և՛ Հովիկ Աբրահամյանը, և՛ Գագիկ Բեգլարյանը, և՛ Սամվել Նիկոյանը, և՛ Հրանուշ Հակոբյանը։ Նոր համալրում էլ եղավ՝ Վիգեն Սարգսյան, վարչապետ Կարեն Կարապետյան և Սամվել Ֆարմանյան։ Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը դառնալու է ՀՀԿ փոխնախագահ՝ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալը։
Իսկ Սերժ Սարգսյանը մինչ վերընտրվելը հաշվետվություն ներկայացրեց, որում մի քանի ուշագրավ շեշտադրումներ կային։ Մասնավորապես. «Ինչպես ասում են, եթե նախկինում քչով բավարարվում էինք, այսօր ավելի մեծ կարիքներ ունենք։ Մարդու էությունն է այդպիսին. շատ բաներ, որոնք արդեն կան, ասենք, շուրջօրյա էլեկտրամատակարարում կամ ջրամատակարարում, լուսավորված ու ծաղկազարդ փողոցներ և այլն, մարդիկ սկսում են չնկատել, բայց որևէ բանի բացակայությունը նկատում են միանգամից»։ Սա փոքր-ինչ տարօրինակ է, մի՞թե այս «դարում» շուրջօրյա ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը կարող են նվաճում կամ ձեռքբերում համարվել։


Իսկ արդեն ՀՀԿ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, նա յոթ խորհուրդ տվեց հանրապետականներին։ «Ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը։ Երկրորդ խորհուրդը։ Ձեր ջանքերն ուղղեք մեր ազատ ու ինքնիշխան երկրում օրինականության և արդարության ամրապնդմանը։ Երրորդ խորհուրդը՝ խաղաղությունը սահմանին անխախտ է, երբ խաղաղ է սահմանից ներս։ Չորրորդ խորհուրդը։ Միայն մարտահրավերներին հետևող հայացքը բաց է թողնում հնարավորությունը հնարավորության հետևից։ Ձեր հինգերորդ ջանքը թող լինի հայաստանցու բարեկեցության, աշխատանքի ու ապահովության, ձեռներեցության ու նորարարության առաջընթացի ապահովումը։ Ձեր վեցերորդ ջանքն ուղղեք մեր փառապանծ ժողովրդի անցյալն ու ապագան կամրջելուն։ Յոթերորդ ջանքն ուղղեք վերաիմաստավորելու ձեզ բաժին հասած ժամանակն ու դրա առաջադրած խնդիրները»։ Թե այս խորհուրդներից քանիսի՞ն կամ ընդհանրապես կհետևի՞ ՀՀԿ-ն՝ իր ողջ կազմով, շատ սպասել չի տա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ