ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նախարարը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը

Նախարարը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը
02.12.2016 | 15:45

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն այժմ լրամշակման փուլում է: Ընդգծելով, որ գործող օրենքի փոփոխությունը հասունացած էր, Լևոն Մկրտչյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտի որակի բարելավման և զարգացման ներկա ակնկալինքները հնարավոր չէ իրականացնել առանց օրենսդրական փոփոխությունների. «Նախարարությունը բավական երկար է աշխատել այս նախագծի փոփոխության վրա. շուրջ 2-3 տարի օրենքը մշակման փուլում է գտնվում, նախագծի վրա աշխատել են մի քանի միջազգային փորձագետներ: Նախագիծը կարծիքների է ուղարկվել նաև ՀՀ բուհեր և մոտ 2-3 ամիս ստացել ենք տարբեր առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել լրամշակման ժամանակ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ վստահություն հայտնելով, որ կառավարության հաստատմանը ներկայացնելուց և ԱԺ ուղարկելուց հետո նախագիծը կանցնի քննարկումների և լսումների մանրակրկիտ փուլ և մենք կունենանք ոլորտը կարգավորող լավ օրենք:

«Առաջարկվող «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքով փորձում ենք հնարավորինս բեռնաթափել կրթության և գիտության նախարարության դերակատարությունը և ունենալ առավել ազատ համալսարաններ և ինքնուրույն բուհական համակարգ: Մենք գտնում ենք, որ պետք է պայմաններ ստեղծել համալսարանների համար, որպեսզի նրանք ունենան ժողովրդավարական կառավարման ներքին համակարգ: Այս իմաստով օրինագծով մի քանի լուրջ փոփոխություններ են առաջարկվում. տարանջատվում են 2 կարևոր հասկացություններ՝ պրոֆեսիոնալ կառավարիչ ի դեմս ռեկտորի և Գիտխորհրդի դերակատարման մեծացում, որը պատասխանատու է բուհի ակադեմիական վիճակի համար: «Այսօր մենք ունենք մի մոտեցում, երբ ռեկտորը պետք է լինի և՛ լավ գիտնական՝ առնվազան գիտությունների դոկտորի կոչումով, և՛ լավ կառավարիչ, ինչը այնքան էլ արդյունավետ մոդել չէ: Տարանջատելով տնտեսական և ֆինանսական կառավարման հարցերը ակադեմիական խնդիրներից՝ փորձում ենք բարձրացնել նաև ամբիոնների դերակատարումը»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ օրինագիծը ճանապարհ է բացում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ստեղծման համար, որը ՀՀ կառավարության նոր ծրագրի դրույթներից է:

Օրինագծով առաջարկվող հաջորդ կարևոր կարգավորումը կրեդիտային լիարժեք համակարգի ներմուծումն է: Ըստ նախարարի` օրենքի ընդունմամբ, ուսանողը կարող է կրեդիտներ հավաքել հանրապետությունում գործող տարբեր համալսարաններում, որը կապահովի շարժունությունը տեղական բուհերի միջև. «Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ մեր ուսանողների ազատ տեղաշարժի և տարբեր ուսումնական հաստատություններում կրեդիտներ հավաքելու հնարավորությունն ավելի հեշտությամբ իրականցվում են միջազգային ծրագրերով /Էրազմուս+, Տեմպուս/, քան թե երկրի ներսում և տեղական բուհերում: Մեր բուհական համակարգում առկա կրեդիտների տարբերությունները հնարավորություն չեն տալիս, որպեսզի ուսանողը կարողանա ազատորեն օգտագործել երկրում առկա պոտենցիալը: Օրինակ, եթե որևէ բուհ ունի թանկարժեք սարքավորում, դա պետք է բաց և հասանելի լինի ոչ միայն այդ բուհում սովորող, այլ ցանկացած ուսանողի համար:


Մենք փոքր երկիր ենք և իմաստ չունի, որ նույն սարքավորումները փորձեն ձեռք բերել բոլոր բուհերը: Մեր ընդհանուր պահանջարկը կարող է բավարարվել նաև մեկով, մի քանի նույնատիպ հզոր տեխնիկական լաբորատորիաներ ունենալու ռեսուրս չունենք: Բայց մեր բուհերն այսօր այդ իմաստով փակ են և չեն բացում իրենց տեխնիկական հնարավորությունները: Բուհերը պետք է ընդգրկվեն ցանցային համալսարանների ձևաչափի մեջ, որպեսզի ուսանողը հնարավորություն ունենա, մասնագիտությանն անհրաժեշտ պարտադիր կրեդիտներից որոշակի ծավալը հավաքել իր բուհում, մնացածը Հայաստանի այլ բուհերից: Կրեդիտն ստանալուց հետո ուսանողը դրանք կարող է ներկայացնել՝ իր ավարտական վկայականում ներառելու համար»:
Լևոն Մկրտչյանի խոսքով՝ ընդունելության ներկա համակարգում ամրագրված առաջին հայտի գերակայության իրավունքը հաճախ առաջացնում է բուհերի դժգոհությունը: Այդ գերակայությունն առաջիկա մեկ-երկու տարիներին դեռ կպահպանվի, սակայն օրենքը հնարավորություն է տալիս ավելի ճկուն դարձնել ընդունելության համակարգը` փոփոխելով ինչպես առաջին հայտի գերակայության սկզբունքը, այնպես էլ ընդլայնելով ընդունելության քննությունների հարցազրույցների համակարգը:


Նոր մետեցում է առաջարկվում նաև բուհերի պետական ավարտական քնությունների համակարգում: Ըստ նոր օրինագծի՝ համալսարաններում պետք է բացառել քննությունների վերահանձնումը, ըստ այդմ՝ օրենքը տալիս է հնարավորություն պետական քննությունների ձևաչափը փոխել. «Ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ում պետական քննությունները, որոնք լուրջ կոռուպցիոն ռիսկ են պարունակում, վերանան: Եթե կրեդիտային համակարգն է աշխատում, և ուսանողը 4-5 տարի կրեդիտ է հավաքում, պետք է ավարտական քննությունը թեզի կամ դիպլոմայինի ձևաչափի մեջ լինի: Մեր կարծիքով` ճիշտ ճանապարհն այն է, որ կրեդիտային համակարգն արագ կայանա, պետական քննությունները հանվեն: Բուհերն իրենք պետք է ավարտական համակարգի իրենց մոդելն առաջարկեն, բայց չլինի այնպես` նույն առարկայից, որ 4 տարի սովորում է ուսանողը, մի հատ էլ պետական քննություն հանձնի, ի՞նչ է դա տալու ուսանողին»,- նշել է նախարարը՝ հիշեցնելով այս տարվա պետական քննությունների առնչությամբ ԿԳՆ-ի ստացած մի քանի բողոքների պատմությունները, որոնք նաև հանրային արձագանք էին ստացել: «Ի վերջո, եթե 4 տարի բուհում նույն առարկան սովորելուց հետո ուսանողը պետական քննությունից անբավարար է ստանում, նշանակում է այստեղ խնդիր կա. կամ 4 տարվա ուսումն է եղել ոչ բավարար որակի, կամ էլ պետական քննությունն է ոչ օբյեկտիվ եղել»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ պետությունն, ի դեմս նախարարության այսօր իր վրա պատասխանատվություն է վերցնում՝ ձևավորելով պետական քննական հանձնաժողով, որի որակը դժվար է երաշխավորել:


Օրինագծով` առաջարկվում է վերանայել համալսարանների ֆինանսավորման եղանակները, որը նախարար Մկրտչյանի խոսքով շատ կարևոր է. «Հայաստանյան համալսարանները ունեն ֆինանսական երկու հիմնական աղբյուր` 20 տոկոս պետական բյուջեից, 80 տոկոս` ուսանողների վարձավճարից: Սակայն եթե ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք` համալսարանական բյուջեների մեջ ուսման վարձերի մասնաբաժինը առավելագույնը 30 տոկոսն է կազմում, մնացածը համալսարանն ստանում է կամ իր գործունեության և մատուցած ծառայությունների շնորհիվ կամ տարբեր նվիրատվություններից: Այժմ մենք փորձում ենք ներդնել անձեռնամխելի ֆոնդեր, որի միջոցները սկզբում կարող են շատ քիչ լինել, սակայն հետագայում կաճեն և հնարավորություն կստեղծեն բուհերի զարգացման համար: Այստեղ շատ կարևոր է բուհերի բյուջեների թափանցիկությունը»:
Լևոն Մկրտչյանի խոսքով` փորձ է արվել հիմնովին վերանայել նաև կառավարման համակարգը և այդ համատեքստում ամրագրվել է պահանջ՝ նոր օրենքով համալսարանների կառավարման խորհուրդներում չեն կարող ընդգրկվել պետական և քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնող անձիք. «Սա նաև մեր եվրոպական գործընկերների կարևոր հարցադրումներից մեկն էր»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ սա չի նշանակում, որ խորհուրդներում ընդգրկված անձինք չեն կարող ունենալ կուսակցական պատկանելիություն: «Մարդու անհատական իրավունքն է լինել կուսակցական և քաղաքական ակտիվություն դրսևորել: Այսինքն` եթե խոսում ենք համալսարանական դաշտի մասին, ո՞վ պետք է լինի գաղափարական ուղղության կրողը, եթե ոչ` ուսանողը: Իսկ կառավարման խորհրդի ձևաչափի մեջ պետք է չլինեն կուսակցական պաշտոն և պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, որպեսզի բուհը կարողանա իր քաղաքականությունն ազատ իրականացնել»,- նշել է նախարարը` հավելելով, որ այս պահանջը չի նշանակում, որ համալսարանական հանրույթն ապակուսակցական պետք է լինի, քանի որ դա կնշանակի տվյալ երկրում քաղաքական մշակույթի ոչնչացում: Լևոն Մկրտչյանը միաժամանակ ընդգծել է, որ խրախուսվում է մասնավոր հատվածի և խոշոր գործատուների ներգրավվածությունը բուհերի կառավարման խորհուրդներում:


Խստացվել են նաև բովանդակային պահանջները՝ համալսարան կարող է կոչվել միայն այն բարձրագույն ուսումնական հաստատությունը, որն իրականացնում է կրթական ծրագրեր առնվազն 4 ուղղությամբ. «Օրենքը լավ հիմքեր է ստեղծում համալսարանների խոշորացման համար: Մենք պետք է հասկանանք, որ 300-400 ուսանող ունեցող բուհը չի կարող որակյալ համալսարանական կրթություն ապահովել: Միջազգային պրակտիկայում նման բան ուղղակի չկա: Նման հաստատությունը չի կարող որակ ապահովել: Մենք պետք է փորձենք վերջ դնել համալսարանների այսօրվա շքերթին»:
Ասուլիսի ժամանակ նախարարն անդրադարձել է նաև օրենքի պարզաբանմանն առնչվող տարբեր հարցերի, որոնք վերաբերել են վարչական պաշտոններում 70 տարեկանից հետո աշխատելու սահմանափակմանը, ուսման վարձավճարների փոփոխություններին, ինչպես նաև ավագ դպրոցների խնդիրներին ու «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին:

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ