Խորհրդարան չանցած քաղաքական ուժերից միայն ՕՐՕ-ն չի ընդունում ընտրությունների արդյունքները, բայց հետընտրական գործողություններ չի ծավալում, քանի որ, ըստ նրանց, հանրությունը «պատրաստ» չէ դրան։ Սակայն նախ պետք է այդ դաշինքը պատրաստ լինի նման պայքարի, հետո միայն մեղքը գցի հանրության վրա։ Սա քննարկման մի թեմա է, մեկ այլ թեմա է այն, որ ՕՐՕ-ն կեղծարար ՀՀԿ-ին թողած, քննադատության թիրախ է դարձրել խորհրդարան անցած ընդդիմադիր «Ելքին»։ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե այդ ուժը ԱԺ է անցել իշխանության աջակցությամբ։ Ենթադրենք, Արմեն Մարտիրոսյանը ճիշտ է, ի՞նչ է, «Ե՞լքն» է մեղավոր, որ նրանք ընդամենը երկու տոկոս են հավաքել։ Հայաստանյան ընդդիմության մշտական «հիվանդությունն» է իրենց ներսի խնդիրներն ու իշխանության քաղաքականությունը թողած, հարձակվել ընդդիմադիր դաշտի մյուս ուժերի վրա։
Սրանից քաղաքական խանդի, սևացնելու տհաճ հոտ է գալիս։ ՕՐՕ-ի պայքարը պետք է իշխանության դեմ լինի, ոչ թե «Ելքի», որի ստացած մանդատներից անգամ ոչինչ կախված չէ։ Առաջիկայում ՀՀԿ-ն է վերստին որոշումների ու քաղաքականության տերը։ Տեր-Պետրոսյանը կասեր՝ «տղա եք», նրանց դեմ պայքարեք։
Սակայն Արմեն Մարտիրոսյանի մյուս հակասական հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի ուժին է վերաբերում։ Ըստ նրա, այս ուժն է խորհրդարանում լինելու ընդդիմություն։ Գագիկ Ծառուկյանն անգամ չի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է, բայց ՕՐՕ-ի աչքում սա է ամենաընդդիմադիր ուժը։ Մամուլը ողողված էր այնպիսի նյութերով, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են, պարբերաբար հանդիպում են, փաստորեն «ամենաընդդիմադիր» Ծառուկյանը բավականին շատ հյուրընկալվում է իշխանությանը, ու նրանք էլ խոսում են երկրի առջև ծառացած խնդիրների՞ց։ Իրո՞ք։
Հետո էլ Մարտիրոսյանն ակնարկում է, թե ՀՀԿ-ն Ծառուկյանի «տակից» կփախցնի որոշ պատգամավորների ու «կենթարկեցնի» իրեն։ Չլինի՞ առաջին «փախչողը» Ծառուկյանն է լինելու, թե՞ նրան վաղուց են «փախցրել»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ