Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կիսատ քայլերով տեղում չդոփելու ժամանակը

Կիսատ քայլերով տեղում չդոփելու ժամանակը
20.06.2017 | 01:41

Այս շաբաթ կառավարությունն Ազգային ժողովին է ներկայացնելու իր ծրագիրը, որով նախատեսվում է տարեկան 5 % տնտեսական աճ ապահովել, հինգ տարվա ընթացքում աշխատավարձը բարձրացնել 25 %-ով, նվազեցնել գործազրկությունը։ Մնացած ցուցանիշները թողնենք ու անդրադառնանք 5 % տնտեսական աճին։ Իրատեսակա՞ն է նման հեռանկարը, կհաջողի՞ կառավարությունը։ Ամեն ինչ կախված է ներդրումային դաշտ ապահովելուց։ Եթե Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումները լինեն, հավանականությունը մեծ է, որ այս խոստումն իրականություն դառնա։


Սակայն ներդրումներն ընդամենը նախապայման են, շատ կարևոր է, թե դրանք ինչ ուղղությամբ կգնան, այսինքն` որ ոլորտներին կտրամադրվեն։ Եթե այնպիսի ոլորտ ֆինանսավորվի, որի մուլտիպլիկացիան մեծ կլինի, տնտեսության շնչառությունն արագ կբացվի։ Հարկավոր է այնպիսի ճյուղերի զարկ տալ, որոնք իրենց հետ կաշխատեցնեն նաև այլ ոլորտներ։ Այս առումով կառավարությունը կարծես ճիշտ է կողմնորոշվել` ընտրելով նման ոլորտներից մեկը` զբոսաշրջությունը։ Կառավարության ղեկավարն այս թեման մշտապես տաք է պահում, ու դա լիովին արդարացված է։


Ցավոք, ինչպես երևում է, Հայաստանի ներդրողները գումարներն այս ոլորտում ծախսելու շահագրգռություն չունեն, ինչի մասին վկայում է երկրից կապիտալի մեծ արտահոսքը։ Կառավարության հաշվարկները կառուցված են հիմնականում դրսի ներդրողներին ներգրավելու վրա։ Սակայն պակաս խնդրահարույց չէ նաև այս հանգամանքը, քանի որ Հայաստանը ներդրումներ կատարելու լավագույն երկիրը չէ, նախ և առաջ` օբյեկտիվ պատճառով։ Մենք պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, ինչը ներդրողների համար մեծ ռիսկեր է պարունակում։ Կառավարությունը պետք է գործի դնի այլ միջոցներ` անձնական կապեր, համոզելու, շահագրգռելու կարողություն։ Բացի այդ, տնտեսական բաղադրիչը Հայաստանում առանց քաղաքականի դժվար է պատկերացնել, ինչն էլ ներդրողների համար լրացուցիչ խոչընդոտ է։ 2018-ի վերադասավորումներին սպասում են ոչ միայն քաղաքական գործիչները, այլև գործարար աշխարհը, որ դեռևս կողմնորոշման խնդիր ունի` վստահե՞լ իրենց գումարներն օրվա իշխանությանը, թե՞ ոչ։ Սա շատ էական հանգամանք է ներդրողների համար, որովհետև տնտեսականից պակաս կարևոր չէ քաղաքական կայունությունը։


Այսպիսով, կառավարությունն իր խոստացած 5 %-ի տնտեսական աճն ապահովելու համար շատ մեծ ջանքեր պետք է թափի, որովհետև Հայաստանի տնտեսությունը ծանր հիվանդ է։ Եթե որոշել են «թարմ արյուն» ներարկել, ստիպված պետք է այնպիսի վերականգնողական մեթոդներով աշխատեն, որ նախ հիվանդին մահվան դռնից հետ բերեն, հետո միայն վիճակը կայունացնելու մասին մտածեն։ Նորմալ տնտեսություն ունեցող երկրներում 5 % աճը փոքր ցուցանիշ է, Հայաստանի դեպքում` շատ մեծ։ Եթե խնդիր դրված չէ` ընդամենը «յոլա գնալու» ծրագիր ներկայացնել ու ժամանակավոր աճի իմիտացիա ստեղծել, պետք է տնտեսության խաղի կանոնները հիմնովին փոխել և կիսատ քայլերով չդոփել տեղում։
Կարծում ենք` վարչապետը շատ լավ հասկանում է սա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ