ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Գնդակը ԵՄ դաշտում է

Գնդակը ԵՄ դաշտում է
27.10.2017 | 09:18

Արմեն Աշոտյանն է այս կարծիքին՝ ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրի հարցում։ Կնքվելիքի «հետագիծը» հասկանալու համար պետք է հետևել նաև Դավիթ Շահնազարյանին։ Նաև՝ Ռիչարդ Կիրակոսյանին։ Երեքի «հետապնդումից» էլ ակնհայտ է դառնում, որ պայմանագրի ստորագրումը նոյեմբերի 24-ին Բրյուսելում սպասվող գագաթնաժողովում հարցականի տակ է, ի տարբերություն ՀՀ ԱԳ պաշտոնյաների պնդման, թե պայմանագիրն անպայման կստորագրվի։ Դե հո չե՞ն ասի՝ չի ստորագրվելու, այդ գործն ուրիշները պետք է անեն։ Բայց ամեն բան հերթով։


Հասկանալի է՝ «դուզ» խոսքն ում են ասում։ Եվ, այնուհանդերձ, նույն Աշոտյանի նախահարձակ ու նախազգուշացնող այն մտքերը, որ Հայաստանն ամբողջապես պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը, ավելին՝ իրենց հանձնաժողովն արդեն իսկ լսումների օր է նշանակել համաձայնագրի «ստորագրումից» հետո՝ դեկտեմբերին, ու հիմա թող «Յուրոփը» դարդ անի իր «տնային հանձնարարության» առնչությամբ, գալիս են ևս մեկ անգամ հավաստելու, որ ինչ-որ բան, բոլոր դեպքերում, այն չէ։ Կան բաներ, որոնց առնչությամբ թե՛ տնային հանձնարարություններ «ստուգող» պարոն Սվիտալսկին (որը համ էլ լեհ է, իսկ ԵՄ-ՀՀ համաձայնագրի հետ կապված Լեհաստանն այս պահին խիստ «ուրույն» մոտեցում ունի, չնայած արտահոսք կա, որ Լեհաստանն իր ԱԳ նախարարի վերջին այցից հետո մասամբ տեղի է տվել), թե՛ հայաստանյան կողմը որոշակի մտահոգություններ ունեն:


Ընդ որում՝ հայկական կողմը, ի դեմս Շահնազարյանի և Աշոտյանի, չի էլ թաքցնում իր բուն մտահոգությունը։ Այն առնչվում է Արցախին։ Բանն այն է, որ երկու տարի առաջ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովում, ապա այս տարվա գարնանը նախաստորագրված ԵՄ-ՀՀ համաձայնագրում միանշանակորեն ամրագրված են Հելսինկյան ակտի երկու սկզբունքներն էլ՝ ինքնորոշում և տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանը, ի դեմս յուր նախագահի, փորձում է նոյեմբերին Բրյուսելում սպասվող գագաթնաժողովի ընդունելիք վերջնական հայտարարության մեջ ամրագրել տալ միայն մեկ սկզբունք (հասկանալի է՝ որը)՝ ելնելով Կատալոնիայի նկատմամբ «Յուրոփի» վերաբերմունքից։
Ահա թե ինչու, իր հերթին, հայկական կողմն է արտաքին քաղաքականության պատասխանատուների, այն է՝ Աշոտյանի շուրթերով «տնային հանձնարարություն» տալիս պարոն Սվիտալսկուն, թե՝ գնացեք, լավ մտածեք, մենք ստորագրում ենք, վերջնականապես լուծում ենք մեր Արցախի անվտանգության խնդիրը՝ ի դեմս ԵՄ քսանութ երկրների։ Սակայն ԵՄ 28 երկրների մեջ կան «որոշները», որոնք պատրաստ են ընդառաջելու Իլհամի մոտեցմանը։ Եվ քանի որ վերջինս խիստ «փիս խասիաթ» ունի՝ «լողացնելու» եվրոպացիներին, հարկավոր է նման կարևորագույն փաստաթուղթը (թե՛ ԵՄ-ի, թե՛ Հայաստանի համար) չդնել գիլիոտինի տակ, մանավանդ որ դրանով ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերություններն են նորովի ամրակարգվում, այլև համաձայնագիրը դառնում է ուղղորդիչ փաստաթուղթ ԵԱՏՄ մաս կազմող մյուս երկրների համար, ինչի գլոբալ և տարածաշրջանային նշանակությունն ուղղակի անհնար է գերագնահատել։


ՈՒստի և՝ այո, գնդակն արդեն ԵՄ դաշտում է։ Ինչպե՞ս կվարվի, Պուտինի ասած, երկակի-եռակի-բազմակի չափանիշներով առաջնորդվող «Յուրոփը», կերևա նոյեմբերի 24-ին, սակայն, դատելով Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ հեռանալուց առաջ Հայաստանին թողած ժպիտի «լայնությունից», յուր «գազի մարդ» Միլլերի հայտարարությունից (թե` բա չե՞ք ասի, մենք, որ հարյուր դոլարով գազ ենք տալիս Բելառուսին, իսկ Հայաստանին գազ ենք տալիս հարյուր հիսուն դոլարով, որոշել ենք՝ չբարձրացնել գազի գինը), մտածում ես՝ իրենք էլ միստր Ռիչարդ Կիրակոսյանի, պան Սվիտալսկու նման, թերևս, գիտեն՝ «Յուրոփը», ինչպես և Արևելքը, Պետրուխա, «дело тонкое», ու հնարավոր է, որ իսկապես այս անգամ էլ իրենք, ինչպես Հայաստանն իր ժամանակին՝ 2013-ին, չկատարեն իրենց «տնային առաջադրանքը», և համաձայնագրի ստորագրումը կրկին... հետաձգվի։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ