Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Լավ կուսակցությունը» խոստանում է հաղթել Էրդողանին

«Լավ կուսակցությունը» խոստանում է հաղթել Էրդողանին
08.11.2017 | 11:05

Թուրք քաղաքական գործիչ Մերալ Ակշեները նոր մակարդակի է հասել: Նա տարբեր ժամանակներ եղել է ներքին գործերի նախարար ու խորհրդարանի փոխնախագահ: Պատմություն է ուսումնասիրել Ստամբուլի համալսարանում, ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Մարմարայի համալսարանում: 2016-ին գլխավորել է Ազգայնական շարժման կուսակցության ընդդիմադիր խումբը` դեմ դուրս գալով Դևլեթ Բախչելիին: 2017-ի հոկտեմբերի 25-ին նա հիմնել է «Լավ կուսակցությունը» և գլխավորել: «Լավ կուսակցության» կոչնակը դարձել են «Թուրքիայում ամեն ինչ լավ է լինելու» բառերը: Լոգոտիպը` արևը 8 ճառագայթներով: Ծրագրի հիմնական կարգախոսներն են` «Լավ Թուրքիա», «Ժողովրդավարություն և իրավունք », «Հասարակություն», «Պետական կառավարում», «Ներքին և արտաքին անվտանգություն», «Հաստատություններ», «Արտաքին քաղաքականություն», «Նպատակներ»:

«Լավ կուսակցության» ստեղծումից հետո խորհրդարանում ուժերի դասավարությունը փոխվում է: Հիմա 5 պատգամավորներ ներկայացնում են «Լավ կուսակցությունը»` լինելով 200 հիմնադիրներից: Գուցե ոմանց կթվա, որ նոր ուժը հեշտությամբ կհայտնվի ընդդիմադիր նիշայում: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, ինչպես պատկերացնում են Ակշեներն ու նրա ընկերները: Համեմատությունը իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հետ կօգնի լրացնել պատկերի պակասող տարրերը: Պետական յուրաքանչյուր հեղաշրջում Թուրքիայում հանգեցնում էր նոր կուսակցության ստեղծման կամ նոր առաջնորդի ի հայտ գալուն: Օրինակ` 1972-ի մարտի 12-ի հուշագրից հետո Բյուլենտ Էջևիթը (Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահը, եղել է վարչապետ) Իսմեթ Ինյոնյուի տեղը զբաղեցրեց (Թուրքիայի երկրորդ նախագահը): 1980-ի սեպտեմբերի 12-ին, չնայած հեղաշրջումը կանխելու փորձերին, Թուրգութ Օզալը (պետական, քաղաքական գործիչ, Թուրքիայի 8-րդ նախագահը) ստեղծեց Հայրենիք կուսակցությունը: Անկասկած` Արդարություն և զարգացում կուսակցությունը և ներկա նախագահ Էրդողանը, որ կառավարում է 15 տարի, իրենց հայտնությամբ պարտական են 1997-ի փետրվարի 28-ի «հետմոդեռնիստական հեղաշրջմանը»: Ապստամբությունից հետո Թուրքիայում բազում կուսակցություններ վերացան, իսկ շատերն էլ հեռացան քաղաքական ասպարեզից: Բացի կոնյունկտուրայից, տնտեսական ծանր ճգնաժամը և գործող կուսակցությունների տուգանքները նպաստեցին Էրդողանի ու ԱԶԿ-ի առաջխաղացմանը: Հիմա նման հնարավորություններ է ստացել «Լավ կուսակցությունը»: Տնտեսությունն արագ շարժվում է դեպի այն ժամանակվա մակարդակը: Ահաբեկչության դեմ պայքար նախաձեռնող խմբերը ցանկացած պահի կարող են ակցիաներ կազմակերպել մեծ քաղաքներում: Քաղաքականության մեջ մեծ պարապ կա: Ազգայնականությունը նորից պահանջարկված է դարձել: Բայց Ազգայնական շարժում կուսակցությունը անկում է ապրում: Կորուստներն արդեն նկատելի են: ԱԶԿ-ն մշտապես սադրում է ազգայնականների հեռացումը կուսակցությունից, որ իշխող կուսակցության «հետնաբակն է»: Ազգայնականներից հեռացածները հայտարարում են, որ Ակշեների կողմից են: Նորահայտ «Լավ կուսակցությունը» աճի ամենաբարձր ներուժն ունի: Ընտրողները, որ ինչ-որ պատճառով ձայն չեն տա ԱԶԿ-ին կամ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը, գուցե հենց Ակշեներին ընտրեն, որ հիշեցնում է ԱԶԿ-ին, որին նետել են «գործարանների հույսին»: Կամ 1980-ի հեղաշրջումից հետո Օզալի ստեղծած և արագ զարգացած Հայրենիք կուսակցությանը:

«Լավ կուսակցություն» անվանումով շարժումը կարող է ներառել բացարձակապես բոլորին: Այն ճեղքումային ուղղությունները, որ սկզբում ուշադրություն են դարձրել Հայրենիք կուսակցությունը և ԱԶԿ-ն, հիմա օգտագործում է Ակշեները: «Լավ կուսակցությունը» կարող է միավորել և կոմունիստներին և քեմալականներին, և դեմոկրատներին, և ազգայնականներին: Փորձագետները նշում են, որ եթե «Թուրգութ Օզալը գար և ցանկանար կուսակցություն ստեղծել, հենց այսպիսին կստեղծեր»: Ենթադրվում է, որ «Լավ կուսակցությունը» կնպաստի ժողովրդավարական քաղաքականության կարգավորմանը, բաժանելով Էրդողանին աջակցող զանգվածներին: Նրա ծրագիրը ուղղված է հասարակության բոլոր շերտերին: Ենթադրվում է վերադարձ խորհրդարանական կարգին, իշխանության տարաբաժանմանը, օրենքի գերակայությանը: Շեշտադրվում են մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը: Հնչում են և քաղաքացիական հասարակության ուշադրությունը գրավող այլ հայտարարություններ: Կուսակցության ծրագիրն այնպես է կազմված, որ ցույց տա Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ի սխալները և բացատրի` ինչ պետք է անել չկրկնելու համար: Որտե՞ղ ձայներ կհավաքի «Լավ կուսակցությունը»: Ակշեները վերջին տարիներին «զոհ» է եղել: Ազգայնականներից դուրս գալ և կոնգրես հրավիրել ցանկացողներին ցրել է ոստիկանությունը: Որոշ դահլիճներում անջատում էին էլեկտրականությունը: «Զո՞հ»` այո: Իսկ «կին զոհը» կին ընտրողների սրտով է: Ձայներ կարող է ստանալ և ազգայնականներից, որ Էրդողանի տեղին աչք չունեն և անտարբեր են` միայն թե նա հեռանա: Եթե Ակշեները համոզի հասարակությանը հրաժարվել Էրդողանից, նա կկարողանա հաղթել Էրդողանին:
Արիֆ Ասալիօղլու, REGNUM


Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2019-ի խորհրդարանական ընտրությունները բեկումնային կդառնան Թուրքիայի համար, ինչպես 2002-ի նոյեմբերի ընտրությունները` գրում է թուրքական hedefhalk.com կայքը: 2002-ին է Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել ընտրություններում: «Ալլահի օգնությամբ՝ մենք այլևս թույլ չենք տա, որ մեր ժողովուրդն ապրի 1990-ականների ճգնաժամերը, մեր ժողովուրդն ինքն իր ձեռքով ստորագրեց այս հեղափոխության համար», - հայտարարել է Էրդողանը: Թուրքական SONAR մասնավոր հետազոտական կենտրոնի՝ Թուրքիայի 26 նահանգում 3.000 քաղաքացիների շրջանում հարցումները պարզել են, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայն կտա ընդամենը 38.5 տոկոսը: Ահա և հիանալի առիթ Մերալ Ակշեների համար: Իսկ ընդհանրապես` չի բացառվում, որ նոր կուսակցությունը Էրդողանի պահեստային տարբերակն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ