Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էմմանուել Քեշիշյանի աստեղային ժամը

Էմմանուել Քեշիշյանի աստեղային ժամը
10.11.2017 | 11:57

Նոյեմբերի 6-ին «Նարեկացի» արվեստի միությունում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կայացավ 10-ամյա ԷՄՄԱՆՈՒԵԼ ՔԵՇԻՇՅԱՆԻ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ 2016-ին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքի կենտրոնական գրադարանի երկու մասնաճյուղերում կայացել է Էմմանուելի աշխատանքների ցուցահանդեսը մի քանի ամիս շարունակ, որը լուսաբանվել է և՛ սոցցանցերում, և՛ տեղի հայկական «Հայերն այսօր» թերթում։ Այս շնորհալի մանուկը առողջական խնդիր ունի` աուտիզմով է տկար։ Ես զրուցեցի ցուցահանդեսի պատասխանատու, գեղանկարիչ Դավիթ Դավթյանի և Էմմանուելի մոր` Կարինե Դանիելյանի հետ։

-Պարոն Դավթյան, այս ցուցահանդեսը, ինչ խոսք, բավականին յուրօրինակ է։ Ձեր կարծիքը։
-Նա աշխարհը պատկերացնում է վերացական, այնտեղ բացակայում է առարկայական աշխարհը։ Մեզ թվում է, թե աուտիզմով տառապող մարդիկ հիվանդ են, բայց չէ՞ որ նրանք առողջ են իրենց ներաշխարհում։ Նրանց աշխարհում նահանջում է գիտակցականը, առաջ է մղվում ենթագիտակցականը։ Առհասարակ, համաշխարհային արվեստի մեծերին է բնորոշ արտառոցի և այլաբանականի պատկերումը, որը մեզ համար առաջին հայացքից անհասկանալի է։ Այնինչ, նման ձևով են նրանք հաճախ իրենց խոսքը աշխարհին և մարդկանց հասցնում։ Հանճարների պարագայում բնությունը երբեմն, մարդուն շատ բան շնորհելով, ինչ-որ բան վերցնում է։
Այս ցուցահանդեսում զգալի է երեխայի զգացական աշխարհը, և նա չի տարբերվում իր հասակակիցներից, ինչպես տեսնում է աշխարհը, այնպես էլ այն պատկերում է։ Եվ ահա նա, ինչպես իր հասակակից նկարիչները, տեխնիկական խնդիրներ չի լուծում, նպատակ չունի զարմացնելու շրջապատին, նա մարդ է և իր աշխարհի ընկալումը անկեղծորեն ներկայացնում է մեզ։ Այս կարգի մարդկանց, առհասարակ, պետք չէ տարանջատել հասարակությունից։ Այս դեպքում Էմմանուելին շնորհված է արարման այս չափը, և նա արարում է։
-Տիկին Դանիելյան, բավականին հետաքրքիր է Ձեր ընտանիքի պատմությունը, մասնավորապես բնակությունը հեռավոր Ֆինլանդիայում։
-Ֆինլանդիայում ենք ապրում արդեն 15 տարի։ Երեխան ծնվել է Ֆինլանդիայում և այդ երկրի քաղաքացի է։ Էմմանուելը չէր խոսում այն տարիներին, երբ նրա հասակակիցներն արդեն ազատ արտահայտվում էին։ Մտածեցինք, որ խնդիրներ կան, և Հայաստան եկանք, հանդիպեցինք փորձառու մի մասնագետի հետ, և նա բացատրեց, որ մեր տղան հիվանդ է աուտիզմով, այդ բառը լսում էինք առաջին անգամ։
-Տիկին Կարինե, Էմմանուելի հայացքը շատ խոսուն է, նկատելի է, որ շրջակա կյանքը նա ընկալում է լիովին։
-Շնորհակալ եմ, նա, իրոք, փայլուն հասկանում է, թե իրեն ինչ ենք ասում, և գիտակցական որևէ խնդիր չունի։ ՈՒղղակի արտահայտվում, խոսում է միայն իրեն հատուկ լեզվով։ Ես արդեն հասկանում եմ նրա լեզուն և շփվում եմ նրա հետ։
-Հրաշալի է, երբ մանուկը նկարում է։ Ե՞րբ է ի հայտ եկել նկարչական հակումը։
-Երկու տարեկան էր, երբ գյումրեցի նկարիչ Արամայիս Ավետիսյանը հրավիրեց իրենց տուն-արվեստանոց։ Ցուրտ էր, փետրվար ամիսն էր, և ջեռուցվում էր այդ հյուրընկալ տան մի հատվածը։ Հանկարծ տղաս թողեց մեզ և գնաց դեպի արվեստանոց։ Այնտեղ ցուրտ էր բավականին, բայց Էմմանուելը կլանված նայում էր կտավներին, վրձիններին և տարված էր այդ աշխարհով։ Նրան բերում էինք մեզ մոտ, դարձյալ աննկատ հեռանում էր և հայտնվում Արամայիսի արվեստանոցում։ Նա ասաց, որ երեխան սեր ունի նկարչության հանդեպ, թող մի փոքր հասակ առնի, և բերեք ինձ մոտ սովորելու։ Արամայիսի այդ ցուրտ արվեստանոցում եղած պահը տղայիս աստեղային ժամն էր։ Մեկ տարի անց սկսվեցին նկարչական դասերը։ Իսկ Երևանում լոգոպեդը հուշեց մեզ, որ գոյություն ունի նկարչական թերապիա։
-Ձեր տղայի աշխարհը զարմանալի է, նա մարդ, կենդանի, շրջակա աշխարհ չի նկարել, նրա յուրաքանչյուր ստեղծագործություն ասես աշխարհի ստեղծման պատկերումն է։ Նա պարբերաբա՞ր է նկարում։
-Նկարում է միշտ։ Ցավոք, մեր տան պայմանները բավարար չեն նրան մի անկյուն հատկացնելու համար։ Սակայն հուսանք, որ ապագայում դա մեզ կհաջողվի։ Ի դեպ, Էմմանուելը յուրաքանչյուր կտավի վրա ծախսում է ընդամենը 3 րոպե։
-Նկարչական տաղանդը ժառանգակա՞ն է։
-Այո, ամուսնուս տոհմում շատ են եղել, այսօր էլ կան երաժիշտներ, ճարտարապետներ և նկարիչներ։ Եվ տղաս շարունակում է ավանդույթը։
-Երևանում իրեն ինչպե՞ս է զգում։
-Գերազանց։ Շուտով պատկերասրահ ենք այցելելու։
-Այս ցուցահանդեսի խորագիրը...
-Աշխարհը Մանուի վրձնով։

Հրապարակման պատրաստեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ