Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Պրիմա տեխնիկոն» և «ֆուտբոլային դիվանագիտությունը»

«Պրիմա տեխնիկոն» և «ֆուտբոլային դիվանագիտությունը»
17.11.2017 | 10:33

Այսօր հայկական ֆուտբոլի լեգենդ ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆԻ ծննդյան օրն է: 2018-ին կլրանա նրա 80-ամյակը: Ֆուտբոլային է «պրիմա» որակումը, որը նրան շնորհել է բրազիլական մամուլը 1959-ին՝ Մոսկվայի «Սպարտակի» հարավամերիկյան հյուրախաղերի ժամանակ: 1959-ին ԽՍՀՄ հավաքականի հետ, Մոսկվայի «Սպարտակ» մայրաքաղաքային թիմի կազմում, Հարավային Ամերիկա մեկնեց դեռ 21 տարեկան Սարգիս Հովիվյանը: Նա հպարտ է, որ այսօր էլ ֆուտբոլի վաղեմի սիրահարները հանդիպում են իրեն փողոցում և երանությամբ հիշում անցյալ օրերը: Այո, հպարտ է, քանի որ հիմնականում երջանկացրել է հայ ֆուտբոլասերներին և ազնիվ է եղել իր երկրի հանդեպ:
«Սպարտակը» խաղաց Բրազիլիայում: Բրազիլիան համաշխարհային ֆուտբոլի 9-րդ ալիքն էր, ֆուտբոլային օրենսդիրը, որտեղ Նիլտոն և Ջալմա Սանթոսների, Դիդիի, Վավայի, Զագալոյի և մյուս աստղերի շրջապատում փայլատակում էին երկու անմրցելի անհատականություններ՝ Էդսոն Արանտես դու Նասիմենտո-Պելեն և Մանուել Գարինչան: Ֆուտբոլային արվեստով գրեթե անհնար էր զարմացնել, առավել ևս հիացնել Բրազիլիայի ֆուտբոլասերներին և մարզական մամուլին: Այնուամենայնիվ, «Սպարտակը» գնահատվեց: Մի քանի ֆուտբոլիստի մասին դրվատանքով խոսեցին քմահաճ ֆուտբոլային մեկնաբանները: Իսկ Հովիվյանին օծեցին «Պրիմա տեխնիկո» պատվո տիտղոսով: 44 տարի անց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի զարմանալի հեռագիր ստացավ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ շնորհավորում էին Հովիվյանի ծննդյան 65-ամյակը:


Այսօր ֆուտբոլի ասպետի ծննդյան օրն է: Մեր հանդիպման առիթը, սակայն, այնքան էլ ֆուտբոլային չէ, քանի որ նա, նախ, քաղաքացի է և ցանկացավ այսօր խոսել հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» մասին:
«Սերժ Սարգսյանը և՛ հանրապետության նախագահն է, և՛ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը, և նա շատ խոր ու հեռանկարային քայլ կատարեց՝ Աբդուլա Գյուլին հրավիրելով Հայաստան: Այդ քայլով նա «շախ» հայտարարեց Թուրքիայի նախագահին: Եթե չեք մոռացել՝ Հայաստանում Գյուլը խոստացավ բացել ճանապարհները դեպի Հայաստան, սակայն խոստումն այդպես էլ չկատարեց: Մեր նախագահը իր խոստումների տերը եղավ, թուրք նախագահը՝ ոչ: Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը Աբդուլա Գյուլի երդմնազանցության դեպքում նրան նաև «մատ» հայտարարեց: Չէ՞ որ աշխարհը տեսավ, որ Հռոմի պապին թուրքերը տարբեր ձևերով փորձում էին պարտադրել, որ նա չարտասանի «ցեղասպանություն» բառը Հայոց եղեռնի կապակցությամբ: Սակայն Հռոմի պապը իր բարձունքի վրա գտնվեց և աշխարհով մեկ հռչակեց, որ հայերն իսկապես ենթարկվել են մեծ ցեղասպանության»:
Մենք ի սրտե շնորհավորում ենք հայկական ֆուտբոլի երկնակամարում երբևէ ծագած ամենավառ անհատականություններից մեկի ծննդյան 79-րդ տարեդարձը և նրան մաղթում ամենայն բարիք:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ