ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Գներն աճում են. մինչև ե՞րբ

Գներն աճում են. մինչև ե՞րբ
11.09.2018 | 00:45

Փոքր դադարից հետո գնաճը կրկին գլուխ բարձրացրեց, ինչի արդյունքում 2017-ի դեկտեմբերից նկատվող ձեթի, ալյուրի, թռչնամսի գների զգալի նվազումը հօդս ցնդեց։
Ավելին, այս պահին ոչ միայն թանկացել են վերը նշված մթերքները, այլև աճել են տավարի, խոզի, թռչնի մսի, ձիթապտղի, բանջարեղենի և մրգի գները։ Եթե 2017-ին տավարի ոսկրոտ մսի մեկ կիլոգրամը 2460 դրամ էր, և այդ գինը պահպանվում է 2014-ից, ապա այսօր 3660 դրամ է, իսկ փափուկ մսի գինը 4000 դրամը գերազանցում է։ Տառացիորեն մեկ շաբաթ առաջ կիլոգրամը 1760 դրամ արժողությամբ ձիթապտուղն այսօր դարձել է 1900 դրամ։ Թանկացել են ալյուրը, թռչնամիսը, բանանը, իսկ շուկայում մրգի ու բանջարեղենի գների վրա չազդեց անգամ վարչապետի շրջայցը «Գումի շուկա»։
«Իմ աճացրած, վարած, ցանած բերքի վրա ո՞նց պիտի ազդի վարչապետի այցը։ Արևը սաղ դաշտերը վառեց, վարկերը մեր վրա ա, ոռոգման ջրի խնդիրն էլ մեծ, բենզինի գինն էլ գնալով բարձրանում ա։ Մենք էլ տուն-տեղ, էրեխեք ունենք, պահել, հագցնել, կրթության տալ կա, բա մենք ո՞նց անենք»,- մեզ հետ զրույցում այսպես գնահատեցին իրավիճակը շուկայի վաճառողները։


Այո, գնաճը հարվածում է ցանկացած մարդու գրպանին, իսկ պարենային մթերքների գնաճը կարող է հանգեցնել ծառայությունների գների բարձրացման բոլոր ոլորտներում։ Այս խնդիրն առավել սրվում է աշխատատեղերի բացակայության պայմաններում, առավել ևս, երբ աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս պահին աշխատավարձերի և թոշակների բարձրացման անհրաժեշտությունը որքան էլ մեծ լինի, ստվերից պետբյուջե գանձված գումարներով թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնելն արդարացված չէ։ Դեռևս այս տարվա հուլիսին, անդրադառնալով այս հարցին, առաջարկել ենք կառավարությանը այդ գումարները պետություն-մասնավոր տանդեմով ներդնել տնտեսության մեջ` ստեղծելով նոր աշխատատեղեր։ Ի վերջո, ազատ շուկայական տնտեսության պայմաններում պետությունն իրավասու չէ խստորեն միջամտելու բոլոր շուկաներում գնագոյացմանը, սակայն երբ մարդն ունի աշխատանք և ստանում է քիչ թե շատ նորմալ աշխատավարձ, գների բարձրացումը թեև հարվածում է նրա գրպանին, այնուհանդերձ, գրպան «չի ծակում»։


Միևնույն ժամանակ չմոռանանք, որ պետության հետ մեկտեղ գործարար դաշտն էլ իր անելիքներն ունի և, գները բարձրացնելուց առաջ, լավ կլինի մի փոքր էլ հոգ տանել ժողովրդի մասին։ Իհարկե, այս պահին սուպերմարկետներում գնաճի վերաբերյալ աշխատակիցներն ունեն իրենց տեսակետները։ Վերջիններս համոզված են, որ գները բարձրացել են, քանի որ մթերքը ձեռք է բերվում միայն թղթաբանությունով, իսկ առաջ նույն, ասենք, միսը խանութը գնում էր վաճառողից առանց ձևակերպումների։ Այլ կերպ ասած, գները բարձրացել են, որովհետև առևտուրը ստվերից դուրս է բերվել։ Իհարկե, դա լավ է, մյուս կողմից, արդյո՞ք այսօրվա գների բարձրացումը համարժեք է կատարված փոփոխություններին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ