ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆրանս-գերմանական զույգի նոր գերակայությունը` համաեվրոպական բանակ

Ֆրանս-գերմանական զույգի նոր գերակայությունը` համաեվրոպական բանակ
17.11.2018 | 12:26

Եվրոպայի պաշտպանական դոսիեն, որ տևական ժամանակ մշտական խոսակցությունների թեմա էր, նորից արդիական դարձավ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո` գրում է Ռոլոն Գորոնը Le Figaro-ում: «Ֆրանսիայի նախագահի օգտագործած «Համաեվրոպական բանակ» արտահայտությունը, ըստ էության, ընդգրկում է պաշտպանության ոլորտում բոլոր համատեղ նախաձեռնությունները,-բացատրում է Միջազգային և ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի փոխտնօրեն Ժան Պիեռ Մոլնին:- Նախաձեռնություններն այնքան էլ հասկանալի չեն եվրոպացիներին և բավական դժվար է նրանց գիտակցությանը հասցնել այդ նախաձեռնություններից ամեն մեկը»: Համաեվրոպական պաշտպանության գաղափարն այսօրվա տեսքով ծագել է դեռ 1990-ականներին Մաաստրիխտի համաձայնագրի ստորագրումից հետո: Ժամանակի հետ այդ դոսիեն, կոնկրետ ձեռքբերումների չհասցնելով, պարզապես վերածվել է խոսակցության մշտական թեմայի` մինչև վերջնականապես ակտուալ դարձավ բրեկզիտով ու Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, որ նշանավորեց մուլտիլատերալիզմի թուլացումը: Սկսեցին նոր կառույցներ հայտնվել: Անվտանգության ու պաշտպանության հարցերով համագործակցության մշտական կառույցը` դեկտեմբերին հավանություն ստանալով, զբաղվելու է պաշտպանական հզորության մեծացմամբ ու համատեղ նախագծերի ներդրումներով: Պաշտպանության եվրոպական հիմնադրամը 2019-ին պետք է սկսի ամրապնդել անդամ պետությունների ռազմական հզորությունը և ապահովել ԵՄ ռազմավարական անկախությունը: Զուգահեռ, այս անգամ համագործակցության շրջանականերից դուրս, հունիսին Մակրոնն առաջարկեց միջամտության հարցով եվրոպական նախաձեռնությունը, որ ստորագրեցին 10 երկրներ, այդ թվում` Մեծ Բրիտանիան: Նախաձեռնության նպատակն է նպաստել «եվրոպական ռազմավարական ինքնավարության» կայացմանը: Ամեն անգամ ավանգարդում ֆրանս-գերմանական զույգն է: Եթե վերջին ձեռքբերումները կարելի է անվանել պայմանական, ԵՄ բոլոր 27 անդամները համամիտ են, որ պետք է Եվրոպայի ռազմական հզորությունը մեծացնել:


«Միակ փորձաքարը ռազմավարական ինքնավարության հարցն է, որ մի քիչ վախեցնում է Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպայի առանձին երկրների»` ճշտում է Ժան Պիեռ Մոլնին: ԵՄ գլոբալ ռազմավարության մեջ ամրագրված նոր կարգախոսը հատկապես շփոթեցնում է Լեհաստանին: «Պարադոքսալ է, որ եվրոպացիների` իրենց անվտանգության համար ավելի շատ գումարներ ծախսելն առաջին հերթին ձեռնտու է ամերիկացիներին»` նշում է Ժան Պիեռ Մոլնին: Դոնալդ Թրամփը պարբերաբար հորդորում է ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամ երկրներին մեծացնել իրենց ռազական ծախսերը` գտնելով, որ ԱՄՆ-ը ալյանսի բյուջեի չափազանց մեծ մասն է վճարում: Ենթադրվում է` գնեք ամերիկյանը: Թեպետ Փարիզն ու Բեռլինը պայմանավորվել են համատեղ ստեղծել եվրոպական կործանիչներ ու տանկեր, անդամ պետություններից շատերը ռազմական տեխնիկա գնում են օվկիանոսի այն կողմից:
«Ես չեմ ուզում հետևել` ինչպես են եվրոպական երկրները մեծացնում իրենց պաշտպանական բյուջեները ամերիկյան կամ այլ զենք ու տեխնիկա գնելու համար»` հայտարարել է Մակրոնը CNN-ին հարցազրույցում: «Եթե մենք մեծացնում ենք մեր բյուջեն, մեր սեփական իննքնիշխանության համար է»` հավելել է նա: «Պաշտպանության ոլորտում եվրոպացիների ջանքերի մեծացումը լավ է, բայց դա ոչ մի կերպ չպիտի խարխլի տրանսատլանտյան հարաբերությունների ուժը»` նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ռոլան Գորոն. Le Figaro


Հ.Գ. Փաստացի Եվրոպայի անվտանգությունը եվրոպացիների ձեռքով ապահովելը չափազանց խնդրահարույց է դառնում: Մի կողմից` դա անհրաժեշտություն է` ԱՄՆ-ից անկախանալու համար, որ միանգամայն հնարավոր է դառնում բրեկզիտից հետո` ավանդաբար Եվրոպայում ԱՄՆ-ի շահերի պաշտպանն ու առաջ մղողը Մեծ Բրիտանիան է: Մյուս կողմից` հարց է ծագում` եթե Եվրոպան ինքն է ապահովում իր անվտանգությունը, ՆԱՏՕ-ն դառնում է զուտ ամերիկյա՞ն ռազմական ալյանս: Վերջապես` ո՞վ է սպառնում Եվրոպայի անվտանգությանը: Եթե իր անվտանգության հայեցակարգում Բրյուսելը գրի, որ գլխավոր մարտահրավերը Ռուսաստանն է, Հին աշխարհում սկսվելու է սպառազինությունների նոր մրցավազք, որը միշտ ավարտվում է պատերազմով: Անվտանգության հարցերով ԵՄ-ՌԴ համագործակցությունը համարյա անհնար է, բայց չի բացառվում, որ նաև փոխադարձաբար չհարձակվելու պայմանագիր կնքվի: Այդ դեպքում համաեվրոպական բանակը դառնում է ԵՄ սահմաններից դուրս խաղաղապահ գործողությունների գլխավոր ուժ: Բացի Ռուսաստանից կա նաև Չինաստանը, որին հիմա ԱՄՆ-ը համարում է իր գլխավոր սպառնալիքներից մեկը: Բայց Պեկինը Բրյուսելի հետ պատերազմելու պատճառ չունի, հակառակը` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ ծրագրով փորձում է դուրս գալ եվրոպական շուկաներ: Արևմուտք-Արևելք բախման խնդիր Եվրոպան չունի: Ուրեմն` ու՞մ և ինչի՞ համար է համաեվրոպական բանակը: Իսկ գուցե երկու տարին էլ գլորվի և Դոնալդ Թրամփի չվերընտրվելու դեպքում վերանա նաև համաեվրոպական բանակի ստեղծման անհրաժեշտությունը, որովհետև հիմա գլխավոր հակասությունները ԱՄՆ-ԵՄ շրջագծում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ