Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ինչպե՞ս է Ռուսաստանը կառուցելու հարաբերությունները մերձավոր հարևանների հետ 2019-ին. Հայաստան

Ինչպե՞ս է Ռուսաստանը կառուցելու հարաբերությունները մերձավոր հարևանների հետ 2019-ին. Հայաստան
10.01.2019 | 11:05

Հետխորհրդային տարածքը Ռուսաստանի համար մշտական պրոբլեմների աղբյուր է: 2018-ին առաջատարներ էին Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան: Այս երկրներից յուրաքանչյուրի հետ Կրեմլը տարբեր սրության կոնֆլիկտներ ունի` անկախ` դաշնակից են Մոսկվային, ինչպես ՄԻնսկը, թե ոչ, ինչպես Կիևը: 2019-ին այս 5 պետությունների հետ հարաբերությունները երաշխավորված են նոր սկանդալներով:


Հայաստան` կուռք ձեր տանը


Մայիսին Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռը խլեց իր նախորդ Սերժ Սարգսյանից ու զբաղեցրեց նրա տեղը: Հայաստանից դուրս համարյա անհայտ քաղաքական գործչի դաշնակիցը փողոցը դարձավ: Փողոցի աջակցությամբ պարոն Փաշինյանը հասավ իր մարդու ընտրությանը Երևանի քաղաքապետ, իսկ հետո` արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որտեղ հեշտությամբ հաղթեց նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքը` մրցակիցներից ահռելի տարբերությամբ: Նիկոլ Փաշինյանի սարքած «թավշե հեղափոխությունը» ամբողջ աշխարհին ստիպեց քարտեզի վրա գտնել այդ երկիրը ու հասկանալ` ի՞նչ է այնտեղ կատարվում: Իշխանության անարյուն փոփոխությունը Արևմուտքում բարձր գնահատեցին: ԱՄՆ Time ամսագիրը նրան շնորհեց «ժողովրդավարության կնքահայրի» տիտղոս, բրիտանական The Economist-ը Հայաստանն անվանեց տարվա երկիր` ժողովրդավարության առաջընթացի համար: Ռուսաստանի համար ևս Նիկոլ Փաշինյանը նույնպես դարձավ 2018-ի գլխավոր քաղաքական գործիչներից մեկը` թեկուզ առանց տիտղոսների ու խոստովանությունների: Ճիշտ է` ժողովրդավարությունը կապ չունի: Ռուսաստանի իշխանությունները տագնապով էին հետևում հայկական հեղափոխությանն ու նրա առաջնորդին: Եվ համարյա թե առաջին անգամ նորագույն պատմության մեջ Մոսկվայի պաշտոնական արձագանքը, որ միշտ բացասաբար էր ընդունում ցանկացած բողոքական շարժում` կարևոր չէ` իր, թե հարևանների տարածքում, եթե բարյացկամ չէր, հաստատ չեզոք էր: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց. «Տրամադրված ենք շարունակել համատեղ աշխատանքը ռուս-հայկական փոխշահավետ համագործակցությունը և դաշնակցային փոխգործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ` ի շահ երկու երկրների ժողովուրդների»: Հայտարարությունը հայտնվեց ճգնաժամի շրջադարձային պահին` Նիկոլ Փաշինյանը, հենվելով իրեն աստվածացնող փողոցի վրա, նախորդ վարչակարգին շարքից հանում էր: Երևանի Հանրապետության հրապարակի կողքին բազմահարկի նեղլիկ գրասենյակից հաղթականորեն վարչապետի աշխատասենյակ տեղափոխվելուց հետո սկսվեցին Մոսկվայի համար տհաճ անակնկալները: Նոր իշխանությունը նախաձեռնեց 2008-ի մարտի իրադարձությունների հետաքննություն, երբ Երևանում ընդդիմության հանրահավաքը (որի կազմակերպիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր) ցրելիս մարդիկ զոհվեցին: Մեղադրանքներ ներկայացվեցին Կրեմլին ոչ օտար մարդկանց` Հայաստանի նախկին նախագահ ու Վլադիմիր Պուտինի անձնական բարեկամ Ռոբերտ Քոչարյանին, այդ պահին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Նա 2008-ին Երևանի կայազորի պետն էր:


Հետաքննությունը հանգեցրեց Ռուսաստանի հետ լուրջ բախման` Մոսկվան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետապնդումը համարեց համարյա թե կանխամտածված հարված իր կառուցած ալյանսի իմիջին: Բայց Նիկոլ Փաշինյանը կիրառեց Հայաստանում իշխանության համար պայքարում կոփված մարտավարություն` ոչ մի քայլ հետ: Հետ կանչելով պարոն Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից` նա պահանջեց Երևանի մեկ այլ ներկայացուցչի նշանակել Խաչատուրովի փոխարեն: Դա մեծացրեց կոնֆլիկտի մասնակիցների շրջանակը: Բելառուսը թափուր պաշտոնի համար իր թեկնածուին առաջարկեց և ստացավ Երևանից բացի բոլորի աջակցությունը: Զիջել չցանկացող Նիկոլ Փաշինյանը ինչ-որ պահի նետեց. «Պետք է հասկանանք` մեր անվտանգությունը հաշվի առնելով` կարո՞ղ ենք լուրջ վերաբերվել կազակերպությանը (ՀԱՊԿ-ին), թե ոչ»: Կադրային հարցը չհաջողվեց լուծել նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 27–ի հանդիպման ժամանակ: Ինչով էլ 2019-ին ավարտվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, Մոսկվայում վերջնականապես ձևավորվել է պարոն Փաշինյանի` իբրև անհարմար գործընկերոջ կերպարը, ումից ինչ ասես սպասելի է: «Ոչ համակարգային, ոչ պետական գործիչ, ամեն ինչ խառնեց իրար ու միջպետական հարաբերություններում շուկայի տարրեր է ներմուծում,- “Ъ”-ի հետ զրույցում Հայաստանի վարչապետին բնորոշեց հայկական հարցերով զբաղվող ռուս պաշտոնյաներից մեկը:-Տագնապահարույց է Հայաստանում ձևավորվող անձնական իշխանության ռեժիմը, քանի որ ի տարբերություն Ալեքսանդր Լուկաշենկոյի կամ Նուրսուլթան Նազարբաևի, Փաշինյանն անկանխատեսելի է»: Բարդ հարաբերությունների հաստատումը դարձավ պարոն Պուտինի տարեմուտի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանի չարագույն քաղաքական թշնամուն` Ռոբերտ Քոչարյանին: ՌԴ նախագահն իր կալանավորված բարեկամին մաղթեց «քաջառողջություն, հաստատունություն ու ոգու ամրություն»:
Վլադիմիր Սոլովյով, Коммерсантъ, №1՛, 09.01.2019


Հ.Գ. Իհարկե, Коммерсантъ-ը բազում փաստեր շրջանցել է` բնավ խնդիր չունենալով ճշմարտության հետ համարժեքությունը, բայց նույնիսկ այդ պարագայում ռուս ընթերցողը պիտի ինքն իրեն հարցնի` ինչու՞ պիտի Երևանը Մոսկվայի հետ համաձայնեցնի` ի՞նչ հետաքննություն է սկսում երկրում ու ում նկատմամբ: Իսկ հայ ընթերցողի համար արդեն պարզ է` ինչու՞ է Մոսկվան հետաքննությունը համարում իր դեմ ու խոչընդոտում` Հայաստան չվերադարձնելով ՊՆ նախկին նախարարին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարին, մարտի 1-ի հետաքննության նախկին քննիչին: Որովհետև Նիկոլ Փաշինյանն անկանխատեսելի՞ է: Հետաքրքիր է` ե՞րբ է պարզվելու, որ Ռոբերտ Քոչարյանը ևս ՌԴ քաղաքացի է ու գուցե 1997-ից:


Իսկ հիմա համեմատեք` Նիկոլ Փաշինյանի խանդավառ գնահատականները ՌԴ նախագահի հետ հանդիպումներից հետո ու … հայկական գործերով զբաղվող ռուս պաշտոնյայի գնահատականը Նիկոլ Փաշինյանին: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ