ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դոնալդ Թրամփի ռեկորդային շաթդաունը

Դոնալդ Թրամփի ռեկորդային շաթդաունը
11.01.2019 | 15:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհատեց Դեմոկրատական կուսակցության ղեկավարների հետ հանդիպումը, երբ նրանք հրաժարվեցին աջակցել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նախագծին: Շաթդաունի դադարեցման հարցը չլուծվեց: Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար 5,7 միլիարդ դոլար հատկացնելու դեմոկրատների մերժման պատճառով ԱՄՆ-ում դեկտեմբերի 22-ից շարունակվում է շաթդաունը` կառավարության գործունեության մասնակի դադարեցումը: Ներկա շաթդաունը դարձել է ամենաերկարն ԱՄՆ պատմության մեջ: Կառավարությունը զրկվել է ֆինանսավորումից, որովհետև Սենատը հավանություն չի տալիս բյուջեի նախագծին, որտեղ ներառված է սահմանի երկայնքով պատնեշի կառուցումը: Թրամփը հրաժարվում է ստորագրել բյուջեի նախագիծը առանց այդ հոդվածի: Նախագահը հրավիրել էր դեմոկրատներին Սպիտակ տուն հանդիպման իր տեսաուղերձում: Նա կոչ էր անում աջակցել սահմանին մետաղյա պատնեշի կառուցմանը` կանխելու անլեգել միգրացիան, թմրամիջոցների ներհոսքը և մարդասիրական ճգնաժամը:


Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը` ի պատասխան Թրամփին կոչ արեցին դադարեցնել շաթդաունը, իսկ հետո պատի շինարարության շուրջ քննարկումներ սկսել: Բանակցությունները, նախորդների պես, անարդյունք ավարտվեցին: Թրամփը Թվիթերում գրեց, որ հեռացել է հանդիպումից, որովհետև իր կարծիքով ժամանակի վատնում է: «Ես հարցրի` ի՞նչ կլինի 30 օր հետո, եթե ես արագ բացեմ ամեն ինչ [շաթդաուն` նշանակում է փակել], կաջակցե՞ն նրանք սահմանի անվտանգությանը, որ ներառում է պատ կամ մետաղե պատնեշ: Նենսին` ասաց` ոչ, ես պատասխանեցի` հաջողություն, ուրիշ ոչինչ չի աշխատում»` գրել էր ԱՄՆ նախագահը Թվիթերում: Սպիտակ տնից դուրս գալով` Շումերը լրագրողներին ասել էր, որ Թրամփը հեռացավ հանդիպումից` իմանալով, որ դեմոկրատները պատի շինարարությանը հավանություն չեն տալիս: «Նա պարզապես ոտքի կանգնեց ու ասաց` այդ դեպքում մենք քննարկելիք չունենք,- պատմեց Սենատում դեմոկրատների ղեկավարը:- Մենք նորից զայրույթի պոռթկման ականատես եղանք, երբ նա չհասավ իր ուզածին»: Շումերը նաև ասել էր, որ սենյակից դուրս գալով` Թրամփն իբր ձեռքը խփել էր սեղանին, փոխնախագահ Մայք Փենսը ժխտեց. «Նախագահը մտավ սենյակ ու սառնաշաքար բաժանեց: Չեմ հիշում, որ նա թեկուզ մեկ անգամ բարձրացրել է ձայնը կամ ձեռքը խփել է սեղանին»: Փոխնախագահը հիասթափված էր դեմոկրատների բանակցություններին պատրաստ չլինելուց:


Հասարակական կարծիքի հարցման համաձայն` ամերիկացիների 51%-ը շաթդաունի պատասխանատու համարում է Թրամփին: Հանրապետականների կողմնակիցների 77% աջակցում է նախագահի պահանջին: Շաթդաունի պատճառով ֆինանսավորումից զրկվել է պետական կառավարման համակարգի 25%-ը` ներքին անվտանգության նախարարությունը, առևտրի նախարարությունը, ՆԳՆ-ն և ֆինանսների նախարարությունը: Փակվել են Սմիթսոնյան ինստիտուտի թանգարաններն ու ազգային այգիները, չվճարվող արձակուրդ է ուղարկվել 800000 պետծառայող: Սա Թրամփի նախագահության ընթացքում երրորդ շաթդաունն է ու արդեն ամենատևականը` շարունակվում է 20 օր ու գերազանցելու է երկրի պատմության մեջ ամենաերկար շաթդաունի` 1995-1996-ին 21 օր տևածի, ռեկորդը: Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներին Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ամիսներ ու տարիներ տևող շաթդաունի, քանի դեռ Կոնգրեսը հավանություն չի տվել պատի շինարարությանը: Դեմոկրատները պատասխանել են, որ մեկ ցենտ էլ չեն տա:


Նոյեմբերի ընտրությունների արդյունքներով` Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ունի Դեմոկրատական կուսակցությունը: Սենատը վերահսկում են հանրապետականները, բայց առանց դեմոկրատների Թրամփը չի հավաքում բյուջեի ընդունմանն անհրաժեշտ 60 ձայնը 100-ից: Դեմոկրատ սենատորներն արդեն որոշել են արգելափակել բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որ կապված չեն բյուջեի ընդունման ու շաթդաունի դադարեցման հետ: Թրամփը չի բացառել հատուկ դրություն մտցնելը` պատի շինարարության նպատակով: Դա թույլ կտա արգելապատնեշը կառուցել զինվորականների ուժերով` չստանալով Կոնգրեսի հավանությունը: Այդ դեպքում պատի շինարարությունը կվճարի ՊՆ-ն, որի ֆինանսավորումը և միջոցների բաշխումը տարբեր հոդվածներով նույնպես Կոնգրեսն է որոշում: Սենատորները և Համայնքների պալատի անդամները կարող են պատասխան քայլեր անել:
BBC


Հ.Գ. Դոնալդ Թրամփն արդեն չեղարկել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով այցը և որոշումը պատճառաբանել է դեմոկրատների հետ շարունակվող անհամաձայնությամբ. «Ամենայն հարգանքով չեղարկում եմ Դավոս այցը. պատճառը սահմանային անվտանգության հարցում դեմոկրատների հաստակողությունն է»: Դավոսի համաժողովը սկսվում է հունվարի 22-ին և բացի քաղաքական խնդիրներից` ԱՄՆ նախագահի այցը նաև շաթդաունի պատճառով չի ֆինանսավորվի: Այս օրերին Դոնալդ Թրամփը բոլոր առիթներն օգտագործում է շաթդաունի մասին խոսելու համար: Տեխաս մեկնելուց առաջ նա լրագրողներին ասել է. «Մենք Չինաստանի հետ բանակցություններ ենք վարում և հասնում անհավանական հաջողության: Անկեղծ ասած, գտնում եմ, որ մեծամասամբ Չինաստանն իրեն դրսևորում է առավել ազնիվ, քան լացող Չակը և Նենսին: Ես անկեղծ այդպես եմ կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը:


Սպիտակ տունը սկսել է նախապատրաստական աշխատանքներ արտակարգ դրություն հայտարարելու ուղղությամբ` գրում է The Washington Post-ը: Պատճառը Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման հարցով նախագահ Դոնալդ Թրամփի ու դեմոկրատների անհամաձայնությունն է: «Եթե մենք Կոնգրեսում համաձայնության չգանք, ամենայն հավանականությամբ, ես արտակարգ դրություն կհայտարարեմ, և ասեմ, որ ես դա կանեմ: Չեմ կարող գեթ մի պատճառ գտնել, որի համար չպետք է անեմ, ես դրա իրավունքն ունեմ: Օրենքը 100%-ով իմ կողմից է»,- Fox News-ի եթերում հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Պենտագոնի պաշտոնյաները տեղեկացրել են, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը կարող է վերցնել այն չօգտագործված ֆինանսներից, որոնք նախատեսված են երկրում քաղաքացիական ինժեներական աշխատանքների իրականացման համար` հաղորդում է NBC News-ը: Թրամփը կարող է օգտագործել ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի համար նախատեսված ֆոնդի մի մասը, որ կազմում է 13.9 միլիարդ դոլար: Այս գումարը նախատեսված է նաև տարերային աղետներից տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու համար:


Փաստացի` հարցը ինչ-որ 5,7 միլիարդ դոլարը չէ: Հարցը քաղաքական է` դեմոկրատների ու հանրապետականների տարաձայնությունները, որ շարունակվելու են մինչև Դոնալդ Թրամփ պաշտոնավարման վերջին օրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ