Մայիսի 30-ին հեռախոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան կոչ է արել անհապաղ ապահովել հրադադարի ռեժիմը Իդլիբում և կենտրոնանալ քաղաքական կարգավորման վրա՝ տեղեկացնում է Անադոլու գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմին: Էրդողանը կարևորել է Իդլիբի խաղաղ բնակչության մեջ զոհերի թվի կանխումը և դեպի Թուրքիայի սահման զանգվածային միգրացիայի սպառնալիքի չեզոքացումը՝ գրում է Անադոլուն: Հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրության մեջ չեն հիշատակվում Էրդողանի կոչերը:
«Նշվել է համատեղ աշխատանքի շարունակման կարևորությունը Իդլիբի նահանգում կայունացման նպատակով, ներառյալ ահաբեկչական խմբավորումների չեզոքացման համար արդյունավետ միջոցների ընդունումը՚՝ ըստ Կրեմլի: Երկու շաբաթում սա Պուտինի ու Էրդողանի երկրորդ հեռախոսազրույցն է: Բաշար Ասադի զորքերը Ռուսաստանի աջակցությամբ ուժեղացրել են Իդլիբի նահանգի ռմբակոծությունները: Իդլիբը Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին նահանգն է, որ կառավարական ուժերի վերահսկողության տակ չէ: Նահանգում Թահրիր աշ Շամ ջիհադական խմբավորումներն են և զինված ապստամբները (նրանց աջակցում է Թուրքիան): Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը հաղորդել է, որ հինգշաբթի օրը Իդլիբի ռմբակոծությունների հետևանքով 7 քաղաքացիական անձ է զոհվել։
RFI
Հ.Գ. 2018-ի սեպտեմբերին Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են Իդլիբում 15-20 կիլոմետրանոց ապառազմականացված գոտու ստեղծման մասին, որ այդ ժամանակ թույլ տվեց կանխել Բաշար Ասադի զորքերի հարձակումը: Էրդողանը հանձն առավ Իդլիբից հեռացնել ահաբեկիչներին, Պուտինը զիջեց: Էրդողանը խաբեց, Պուտինը որոշեց անել այն, ինչ 2018-ի սեպտեմբերին հետաձգել էր: Շատ տարօրինակ է, որ Էրդողանը հանկարծ սկսել է մտածել քաղաքացիական բնակչության զոհերի մասին: Փաստացի՝ նա մտածում է միայն այն զոհերի մասին, որ իր աջակցությունն ունեցող ահաբեկիչների ու ջիհադականների ձեռքով չեն զոհվել: Բնորոշ ընտրություն է: Թուրքիայի նախագահը չի ուզում հեռանալ Իդլիբից՝ ահա ամբողջ պատմությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ