Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամենաիրական լռության հևքը

Ամենաիրական լռության հևքը
04.11.2023 | 22:15

Ես կամենում էի վերադառնալ

դատարկ քաղաքների հևքից`

դեպի ընծայաբերումը երկնքի։

Գարնան բալենու մեջ

իմ հայացքը իրեն

ծաղկած ճյուղի հետ շփոթեց.

իմ հայացքը մեղուները որսացին

և իմ զարմանքը տարան

դեպի պետությունները մայրական,

տարան դեպի հայրենիքը մայրական։

Ես կամեցա վերադառնալ

հիացմունքի միջնադարյան

սիրերգի մեջ

և իմ սիրտը դրեցի կարպետի նախշում։

Նա ինձ արտասանեց

ոտքերի տակ հայրենի,

նա ինձ փոխադրեց

քամու մեջ շարականի,

նա ինձ փռեց սրոհունդի

խակ կանաչի մեջ

և կույս արագիլներ կանչեց

Արածանի գետի շամբուտներից,

և նիզակներ դրեց իմ թևերի տակ`

որպես խեչակներ,

և ասաց` թե կարող ես,

աճի՛ր վազի մեջ։

Ես կամեցա աճել և հեղեղվել

տորոն կարմիր բույսի

համաստեղության հետ։

Իմ սիրտը չվրիպեց ինձ,

իմ հոգին չշփոթեց ինձ,

իմ ճանապարհը սկսվեց և կավարտվի

թռչնակերպ վարդնյակի տիեզերքում`

մի կիսատ մնացած խաչքարից համբարձված,

դեպի հևքը ամենաիրական լռության։

Գագիկ Սարոյան

Դիտվել է՝ 7627

Մեկնաբանություններ