Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը»

«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը»
15.01.2025 | 13:44

1. Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունն սպառնալիք է մեր երկրի գոյությանը։ Հայ ժողովուրդն այժմ կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։

Դատապարտելի է առանց հանրային և խորհրդարանական քննարկումների ճակատագրական որոշումների ընդունումը։

2. ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին ՀՀ կառավարության որոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը մեր երկիրը դարձնում են Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան բախման թատերաբեմ, մեզ ներքաշում են աշխարհաքաղաքական հակամարտության մեջ և սպառնում մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերջնական խզմանը՝ այդտեղից բխող բոլոր ողբերգական հետևանքներով։

ԵՄ-ին ինտեգրվելու կեղծ օրակարգը Հայաստանի «ուկրաինացման» ուղիղ ճանապարհն է։

3. ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հարցականի տակ է դնում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի անդամության հարցը, ինչը սպառնում է մեր երկրին տնտեսական, սոցիալական, էներգետիկ, հումանիտար խոր ճգնաժամով։

Հայաստանը կարող է վերադառնալ նախորդ դարի 90-ականների ժամանակաշրջան՝ առանց ատոմակայանի։ Գազի գինը կարող է գործողից բարձր լինել շուրջ երեք անգամ։ Տնտեսական անկումը կչափվի գերբարձր երկնիշ տոկոսներով՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկա առևտրաշրջանառության ավելի քան 10 մլրդ դոլարի ծավալը կանխատեսելիորեն կտրուկ կկրճատվի։

ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի, փոխբացառող կառույցներ են, և հնարավոր չէ երկու աթոռի վրա միաժամանակ նստել։

4. ՀՀ իշխանությունների, այսպես կոչված, արևմտամետ արտաքին քաղաքականությունն իրականում մանրադրամի է վերածելու մեր երկիրը Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում, այլ ոչ թե նպաստելու է «խաղաղության խաչմերուկ» ձևավորելուն, ինչպես որ փորձում են Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին։

5. Մենք կողմ ենք Արևմուտքի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, բայց ոչ ի հաշիվ ու առավել ևս՝ ոչ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների։

6. Կոչ ենք անում ՀՀ ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերին հստակ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող կործանարար արտաքին քաղաքականությանը և համախբված կերպով կանխել այն: Դրված է լինել-չլինելու խնդիր։

«Մայր Հայաստան» շարժում

15.01.2025թ․

Դիտվել է՝ 3136

Մեկնաբանություններ