ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մեր ծիրանից Հայաստանի հոտ է գալիս

Մեր ծիրանից Հայաստանի հոտ է գալիս
24.06.2025 | 17:09

Սիմոնն ասորի էր, բայց բոլորին ասում էր, որ հայ ա՝ Առնուվիլում հայերը շատ էին։

Առնուվիլը Փարիզի հյուսիսում գտնվող փոքր քաղաք ա՝ սիրուն, ասֆալտած նեղ փողոցներով, 44 համարի կոշիկի լայնության մայթերով, մաքուր, կոկիկ մետաղյա ցանկապատերի հետևում՝ խնամված այգիներով ու միհարկանի, երկհարկանի սիրուն առանձնատներով։ Փողոցները միշտ լուռ են ու խաղաղ։ Միակ ձայնը օդ բարձրացող ու վայրէջք կատարող օդանավերի ձայնն ա, որ երբեմն սղոցում ա հովվերգական լռությունը։ Շառլ դե Գոլ օդանավակայանը հեռու չի։

Սիմոնի խանութը երկաթուղային կայարանի մոտ էր։ Փոքր խանութ էր, որտեղ իրար գլխի դարսած էին տարբեր ապրանքները՝ հազար տեսակի զեյթուն՝ մեծ դույլերի մեջ, արևեյլան քաղցրավենիք, հատիկով ու աղացած սուրճ։ Ասում էին հայկական խանութ, որովհետև ուրիշ՝ ավելի հայկական խանութ մոտակայքում չկար։ Բայց Սիմոնի խանութում երևի միակ հայկական մթերքը լավաշն էր։ Բարակ, քառակուսի ցելոֆանե տոպրակի մեջ էր, որ տեսքով ու չափերով շատ նման էր սովետական տարիների «Ագիտատոր և պրոպագանդիստ» գրքույկին։ Եթե, ասենք, բագետի կողքը դնեիր, հաստատ կասեիր՝ սա բագետ ա, իսկ սա՝ լավաշ։ Բայց երբ առանձին էր, միայն բարակությունն էր ինչ-որ տեղ լավաշ հիշացնում։

Սիմոնի խանութն իմ ճանապարհին էր։ Աշխատանքից տուն գալիս հաճախ էի մտնում։ Բարևում էի, հայերեն բարևում էր. դա միակ բառն էր, որ գիտեր հայերեն։ Սիմոնի մոտից աղ դրած պնդուկ էի առնում, գինու մեջ մարինացված զեյթուն, աղացած սուրճ, արաբական հալվա։ Էդ բաները սովորական սուպերմարկետում չէիր գտնի։

Իսկ մի քանի հարյուր մետր հեռու՝ երկու փողոցների խաչմերուկում, որ էլի իմ տան ճանապարհին էր, մի արաբ տղա փողոցում միրգ էր ծախում՝ ոնց որ մեր մոտ։ Արկղերի մեջ հավասար շարքերով սիրուն-սիրուն շարած էին տարբեր գույների մեծ-մեծ խնձորները, տանձերը, նարինջները, սալորները։ Տեսքը, իհարկե, գրավիչ էր, բայց ուտելու բան չէին։

Հենց էդ խաչմերուկում էլ տեղի ունեցավ իմ անմոռանալի հանդիպումը։

Մի օր Սիմոնի խանութից դուրս եկա, ու քամին ինչ-որ թույլ, օդից հազիվ զատվող հոտ բերեց խփեց քթիս՝ էն, որ կա ու չկա, չես հասկանում՝ քեզ թվու՞մ է, թե՞ իրական ա։ Էն հոտերից էր, որ մեջդ ամեն ինչ տակնուվրա են անում, բայց չես հավատում, որովհետև հեչ տեղին չի՝ չպիտի ստեղ լինի։ Միգուցե ուղե՞ղդ ա քթիդ հետ հանցավոր համագործակցության մեջ մտել ու դավ ա նյութում քո դեմ։

Հոտը բռնած գնացի-գնացի ու հասա խաչմերուկին։ Մեկ էլ տեսնեմ՝ մեծ-մեծ խնձորների ու տանձերի կողքին՝ արկղի մեջ, իսկական հայկական ծիրան։ Չէ՛, քիթս չէր խաբում, աչքերս էլ հաստատեցին։ Մեր ծիրանի հոտը հազարավոր հոտերի մեջ կճանաչես։ Մեր ծիրանից Հայաստանի հոտ ա գալիս՝ պուլպուլակի, շոգի, Աբովյան փողոցի, Կասկադի հոտ ա գալիս։

Գինը, իհարկե, ոսկու գին էր, բայց ո՜վ էր գնին նայողը։ Կռացա ու սկսեցի լցնել տոպրակի մեջ։ Լցրեցի-լցրեցի, մինչև տոպրակում էլ տեղ չմնաց։ Ֆրանսիացու միջին աշխատավարձի չափով հաշիվը փակեցի, ու ծիրանը գրկած՝ անուշ հոտը վայելելով քայլեցի դեպի տուն։

Մի քանի օր քեֆ էի անում։ Կարելի էր ասել՝ մի քանի օրով եկա Երևան ու հետ գնացի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ