«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

«Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի՝ աթոռ կորցնելուց»

«Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի՝ աթոռ կորցնելուց»
29.05.2026 | 16:28

«Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, բոշայությունից, որբացությունից, ծախված դիրքերից…

Վախենում եմ մեր խելքի չգալուց։

Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց»։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի այս բառերը քանի օր է, ինչ տպված են իմ մտքում։

Ես էլ ամենից շատ ցավ եմ ապրում ու վախենում արժեզրկումից, ցավ եմ ապրում կատարյալ ու անթաքույց կեղծիքից, որը ոմանք ծափերով են ընդունում։ Ցավ եմ ապրում, որ բանակի թեման փորձում են «ծախել» մեզ վրա։

Ինձ համար հայոց բանակը դուրս է որևէ ներքաղաքական «բազարից», ինձ համար դա բոլորիս անվտանգությունն է, ուժն է, զորությունն է։ Երբ այդ բանակին «փախնող» ու «դասալիք» անվանողները փորձում են ձեռք բերած զենքերը «վաճառել» հանրության վրա՝ որպես ձեռքբերում, երբ մեր տարածքները շարունակում են մնալ օկուպացված, դա ինձ հիշեցնում է Վազգենի տողերը՝ բոշայության և ծախված դիրքերի մասին։

Երբ հայ կին զինծառայողին անդամահատող ու դա լուսանկարող ադրբեջանցի զինվորները ոչ միայն չեն պատժվում, այլև պարգևատրվում են, դա ինձ հիշեցնում է Վազգենի խոսքերը՝ մեր խելքի չգալու մասին։

Երբ երկիրը երեք աղետաբեր պատերազմի տարած ու օնլայն հայոց երկրորդ ցեղասպանությանը հետևած Ալիևի թեկնածուն, որը վերջին երեք տարիներին ամեն ինչ արել է Ալիևին «մաքրազերծելու» համար, փորձում է իմ հարկերի հաշվին գնված զենքը մտցնել իմ աչքը՝ հոգու խորքում լինելով պարտված ու հանձնված ղեկավար, դա ինձ հիշեցնում է Վազգենի խոսքերը՝ աթոռ կորցնելուց վախեցողի մասին։

Արժեզրկումը, բարոյալքումը ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ հանրության և պետության հետ։ Վերջին վեց տարին մենք հենց այդ շրջանի մեջ ենք պտտվում։

Դրանից դուրս գալու ելքը ընտրության գնալն է, որոշում կայացնելն է հունիսի 7-ին։ Որ էլ երբեք ոչ ոք չհամարձակվի երկիրը պարտության տանելուց հետո բանակը կարգել որպես պարտության «մեղավոր ու պատասխանատու»՝ «ինչո՞ւ չես զոհվել» բարոյազուրկ ձևակերպմամբ, իսկ հետո փորձել այդ նույն բանակի հաշվին իր համար ներքաղաքական «դիվիդենտներ» հավաքել։

Բանակ կառուցողը, բանակի համար սրտացավություն ունեցողը, սեփական ժողովրդին աղետաբեր պատերազմով չէր սպառնա, սեփական զինվորի մորը չէր քաշքշի, սեփական զինծառայողին անդամահատողի հետևից կգնար ու կպատժեր։ Դա է արժևորումը բանակի ու ծառայության։

Փառք ու պատիվ հայոց բանակին, որը կռվել գիտի, պայքարել գիտի, հայրենիքի տեղ ու արժեք գիտի։ Այդ բանակն արժանի է լավագույն տեխնիկական վերազինման, լավագույն բարեփոխումների և լավագույն առաջնորդության, որ պատիվ տալուց չամաչի, թե ում է պատիվ տալիս:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ