Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՊԱՀԱԿԸ

ՊԱՀԱԿԸ
22.11.2011 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

- Այստեղ է անցել մանկությունս, այգուց մի քիչ ներքև էր մեր կիսախարխուլ տունը:
- Հիմա չկա այդ տունը, պապ:
- Ոչ, տարիներ առաջ քանդեցին, և մենք բազմահարկ շենքում բնակարան ստացանք: Հիմա դու ծնողներիդ հետ ապրում ես այդ բնակարանում:
- Ինչո՞ւ եկանք այստեղ:
- Քեզ հետ լուրջ խոսակցություն ունեմ, որոշեցի այստեղ խոսել, որդիս:
- Մամա՞ն է բողոքել քեզ:
- Չի բողոքել, ուղղակի պատմել է վերջին «սխրանքիդ» մասին, որն անհետևանք թողնել չէի կարող: Գիտեմ նաև, որ ձեր բակի քեզնից մեծ պարապ-սարապների հետ թրև ես գալիս:
- Պապ, ես մեղք չունեմ: Գլխիս երեք հոգով թափվեցին, ստիպված դանակ հանեցի:
- Եվ համադասարանցուդ թևից վիրավորեցիր,- մտազբաղ ծխախոտը տուփից հանելով, առանց հայացքը բարձրացնելու, խոսեց պապը:
- Այդպես ստացվեց, - կաս-կարմիր կտրած պատասխանեց թոռը:
- Երբ ես քո տարիքին էի, մեր այս թաղը լեփ-լեցուն էր հանցագործներով: Նրանց մի մասը կալանավայրից էր գալիս, մյուս մասն այնտեղ էր հայտնվում աքսորից հետո: Մենք էլ տղաներով հպարտանում էինք նրանցով, ամեն կերպ ցանկանում էինք նրանց նմանվել: Այս այգում քչերն էին համարձակվում զբոսնել, ողջ տարածքի իրական տերերը մեր թաղի տղաներն էին: Բավական էր, որ մի անծանոթի տեսնեին, անմիջապես կթալանեին ու կծեծեին:
-Ոստիկաններ չկայի՞ն:
-Իհարկե կային, բայց նրանք էլ էին գիշերով այգին շրջանցում, որ փորձանքից հեռու մնան:
-Վախենո՞ւմ էին, - զարմացած հետաքրքրվեց թոռը:
-Այո, վախենում էին, կամ էլ, ո՞վ գիտի, այնքան էին ծանրաբեռնված ավելի լուրջ հանցագործություններով, որ հերթը մեր այգուն չէր հասնում: Ստալինի մահից հետո ներման հրամանագիր եղավ, հազարավոր քրեական հանցագործներ ներում ստանալով հայտնվեցին Երևանում: Պատերազմից հետո երկրի բնակչության գերակշիռ մասը կիսաքաղց էր: Կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում էին հայտնվել կալանավորները հեռավոր Սիբիրի տայգաներում: Անմարդկային պայմանները, վերակացուների դաժանությունը, մարդկային տարրական իրավունքների ոտնահարումը, անօրենությունը, ցուրտն ու սովը նրանց գազանների էին վերածել: Այդ դժոխքի միջով անցածների մեջ քչերը կային, որ մարդկային հատկանիշներ էին պահպանել: Կային այնպիսիները, որոնք քսան-քսանհինգ տարի էին անցկացրել այդ դժոխքում: Նրանց համար ամեն ինչ խորթ էր Երևանում, նրանք էլ յուրովի վրեժխնդիր էին լինում մարդկանցից` պարտադրելով իրենց անմարդկային, նողկալի բարքերը: Տեսնո՞ւմ ես այս մասրենու թփուտը, այստեղ մի պահակատուն կար: Փայտաշեն փոքրիկ կացարան էր, որտեղ անբարենպաստ եղանակին պատսպարվում և գիշերում էր այգու պահակը: Պահակատունը մեր թաղի հանցագործների հավաքատեղին էր դարձել: Այնտեղ օրը սկսվում էր զառերով և ավարտվում թղթախաղով, անաշայով, ծեծկռտուքով:
-Պահակն էլ նրանց հետ:
-Պահակը նրանց ահից պահակատանը նույնիսկ չէր մոտենում: Այն տարիներին այգին երկու-երեք տեղ էր լուսավորված: Մութն ընկնելուն պես պահակը տուն էր գնում, որ հեռու մնա փորձանքից: Այսպես էլ կշարունակվեր, եթե մեկ օր նոր պահակ չբերեին: Նոր պահակը՝ Սմբատ բիձեն, յոթանասունն անց հաղթանդամ, ալեխառն մազերով, հաստ, սրածայր բեղերով, զինվորական կանաչ ֆրենչով, առույգ, ինքնավստահ քայլվածքով մի մարդ էր: Նրա հեծյալի գալիֆեն ավարտվում էր փայլեցրած ճտքակոշիկներում: Մենք այգում էինք, երբ գործկոմի աշխատակիցը նրա հետ այգի եկավ, հեռվից ցույց տվեց պահակատունը և անմիջապես հեռացավ: Նոր պահակը, ճտքակոշիկների պայտերը խրոխտ զնգացնելով, գնաց և մտավ պահակատուն: Մենք երեխաներով նույնիսկ խղճահարվեցինք՝ լավ իմանալով, թե նրան ներսում ինչ է սպասում:
-Ծեծեցի՞ն, պապ:
-Լսիր: Քիչ անց ներսից ջարդվող շշերի ձայներ եկան, հետո քար լռություն տիրեց: Պահակատան դուռը կրնկակոխ բացվեց և մեր թաղի անպարտելի լավ տղերքը արնաթաթախ մեկը մյուսի հետևից ճողոպրեցին:
-Շա՞տ էին:
-Հինգ հոգի, նրանցից երկուսը նոր էին վերադարձել կալանավայրից:
-Հետո վրեժխնդիր չեղա՞ն:
-Փորձեցին, բայց Սմբատ բիձեն ոչ դաշույնից էր վախենում, ոչ ատրճանակից: Որոշ ժամանակ անց թաղի հանցագործներն այգուց հրաժարվեցին: Գուցե պարզեցի՞ն Սմբատի ով լինելը, չեմ կարող ասել: Այգին սկսեց իր նպատակին ծառայել, շուտով այնտեղ նույնիսկ կանայք և աղջիկներ երևացին: Երևանի տոթ, անքամի օրերին այգու նստարաններն արդեն մշտապես զբաղված էին: Հանցագործների, խուլիգանների հետքն անգամ չմնաց այգում: Ես այն ժամանակ քո տարիքին էի, որդիս, և մինչև Սմբատ բիձու հայտնվելը այգում այդ հանցագործները մեզ համար տղամարդկության, ուժի, հզորության օրինակներ էին: Մենք ցանկանում էինք նրանց նմանվել, երազում էինք, որ կմեծանանք և մենք էլ իրավունք կունենանք պահակատանը նստելու, ծխելու ու զառ խաղալու: Սմբատից հետո նրանք մեզ համար օրինակ չէին: Արդեն տղամարդկության օրինակը մեզ համար լռակյաց Սմբատ բիձեն էր, որը մեզ հետ շփվելիս, մեզ լսելիս մեկ-մեկ բեղի տակ ժպտում էր՝ ասելով. «Լաո, հայը հայի հետ ամոթ է, որ կռվի, դանակ քաշի»:
-Ո՞վ էր այդքան համարձակ այդ Սմբատ բիձեն, - հետաքրքրված հարցրեց թոռը:
-Ես ուսանող էի, երբ համալսարանում ասացին, որ մահացել է լեգենդար Մախլուտոն, և մենք կուրսեցիներով գնացինք նրա թաղմանը: Չէինք հավատում, որ դագաղի մեջ զինվորականի իր ամենօրյա համազգեստով պառկած Սմբատ բիձեն եղել է հենց ինքը՝ Մախլուտոն:
-Կներես, պապ, ո՞վ է Մախլուտոն:
-Սմբատ Բորոյանը՝ Սասնա առյուծը, մեր ազգի հերոսների համաստեղության ամենափայլուն աստղերից մեկն է: Քառասունհինգ տարի շարունակ, զենքը ձեռքին, հայի համար արդարության զորավիգ է եղել: 1900 թվից կռվել է թուրքի դեմ Արևմտյան Հայաստանում, Զանգեզուրում, Ատրպատականում, Արցախում: Մարսելում եղել է Միսաք Մանուշյանի զինակիցը, ֆաշիստներից ազատագրել է Ֆրանսիան, իսկ 1947 թվին հայրենադարձվել Հայաստան:
-Նման հերոսը պահա՞կ էր աշխատում, պապ, - վրդովմունքով հարցրեց թոռը:
-Մախլուտոյի համար, որդիս, պաշտոնը, փառամոլությունը հեռու բաներ էին, նա միայն իր Հայրենիքով, իր ազգով է ապրել:
-Պապ, ի՞նչ լավ է, որ ձեր թաղ եկանք, և ես իմացա, թե ով է Մախլուտոն: Ասա, պապ, որտե՞ղ է թաղված Մախլուտոն, և ես մեր դասարանցիների հետ կգնամ նրա գերեզմանին:
-Էջմիածնում, Սուրբ Գայանե վանքի բակում, մեկ այլ հերոսի՝ Խենթի կողքին: Հետաքրքիրն այն է, որ Հայրենիքի համար կյանքները չխնայած այդ առյուծների շիրմաքարերը շատ համեստ են, այնպիսին, ինչպիսին նրանք կյանքում են եղել:

Դիտվել է՝ 2673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ