ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՈՐՊԵՍԶԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ

ՈՐՊԵՍԶԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ
13.03.2012 | 00:00

Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) կրթության և մշակույթի միջազգային կոմիտեն իր տարեկան գիտաժողովն անցկացնելու է Երևանում, տեղեկացնում է ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն:
Ի դեպ, ԻԿՕՄ-ն իր ամենամյա գիտաժողովն առաջին անգամ է անցկացնում Հարավային Կովկասում: Գիտաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու ԻԿՕՄ-ի նախագահ Հանս Մարտին Հինզը, Լուվրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կատերի Գիյոն, Բրիտանական թանգարանից` Ջոն Ռիվը և Նիկ Վինտերբոտոմը, Ռուսաստանի ԻԿՕՄ-ի նախագահ Վլադիմիր Տոլստոյը և այլք: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 150-200 մասնակից աշխարհի ավելի քան 30 երկրից:
ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՅԱՆԸ նշում է, որ սույն նախաձեռնությունն աննախադեպ է ՀՀ թանգարանային գործի բնագավառում և նպատակ ունի հասարակության շրջանում մեծացնելու թանգարանների կրթական դերը: «Բացի այդ, աշխարհի առաջատար թանգարանների խոշորագույն մասնագետները կլինեն Հայաստանում, ինչը կնպաստի հայ մասնագետների հետ հետագա մասնագիտական համագործակցությանը: Գիտաժողովը կարևորվում է նաև մեր երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, քանի որ բոլոր մասնակիցների համար նախատեսված են հատուկ մշակութային ծրագրեր, այցելություններ թանգարաններ, զբոսաշրջային վայրեր, որպեսզի կարողանան բացահայտել Հայաստանն իր թանգարաններով և հուշարձաններով»,- ասում է Մարինե Հարոյանը և հավելում, որ ծրագրում ընդգրկված թանգարանները (Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, «Գաֆէսճյան» արվեստի կենտրոն, Պռոշյանի տուն-թանգարան և այլն) ներկայանալու են կրթական ծրագրերով: Նրա խոսքով` մենք միայն չենք սովորում, հյուրերին ցույց ենք տալու նաև մեր ունեցածը:
Քիչ չեն նաև ոլորտում առկա խնդիրները: Զրուցակիցս նշում է, որ դրանք կարելի է բաժանել երեք խմբի` օրենսդրական, կադրային և վարչակառավարչական: Արդեն մի քանի տարի քննարկվում և ոչ մի կերպ չի ընդունվում թանգարանների մասին օրենքը, բարենպաստ չեն նաև հարկային դաշտն ու բարեգործության մասին օրենքը, կադրային ոլորտում նկատելի է մասնագետների պակաս (թանգարանային կառավարիչներ, շուկայագետներ, ֆանդրեյզերներ):
«Իսկ վարչակառավարչական ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը, մեր համոզմամբ, կառավարման և թանգարանների հարացույցի անկատարությունն է: Եթե այդ ամենը արվի, պետության աջակցությունից զատ, ինքներս ի վիճակի կլինենք լրացուցիչ գումար հայթայթելու և, բնականաբար, մեր թանգարաններն էլ կլինեն ավելի գրավիչ ու միջազգային չափանիշներին համապատասխան»,- ասում է Մարինե Հարոյանը:
Նշենք, որ ԻԿՕՄ-ի գիտաժողովն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» կառավարական միջոցառումների ծրագրում: Միջոցառման հիմնական հովանավորը Հայաստանի մշակույթի նախարարությունն է, սակայն կազմակերպիչներն ակնկալում են նաև միջազգային այլ կառույցների և մասնավոր հատվածի աջակցությունը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ