Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թուրքական ձուկը «տակ տվեց»

Թուրքական ձուկը «տակ տվեց»
02.10.2012 | 11:40

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ անհասկանալի տնտեսական ճնշում է գործադրում։ Մի քանի օր է, ինչ Ռուսաստանի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայության «Ռոսսելխոզնադզորը» դադարեցրել է հայկական իշխանի ներկրումը։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը փորձում է «ուտել» հայկական իշխանի գլուխը։
Մի քանի օր է, ինչ «Ավտոտեխավտոմատիկա» ընկերությանն արգելվել է ռուսական շուկա իշխանի արտահանումը, քանի որ, ըստ «Ռոսսելխոզնադզորի», իշխանի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, ինչը հիմք է տվել վերջինիս սահմանափակելու հայկական իշխանի ներկրումը հայաստանյան մյուս ընկերություններին կողմից ևս։ Սակայն, եթե ուշադիր հետևենք Ռուսաստանի ձկան շուկայի ներմուծման շարժին, ապա կտեսնենք, որ իրականում հայկական իշխանի դեմ քաղաքական ոտնձգություն է կատարվում` «աղիքային ցուպիկ» կոդավորված անվան տակ։ Մեր նման ենթադրության հիմքում նաև այն փաստն է, որ հայկական մյուս ձուկ ներկրող ընկերությունների նկատմամբ Ռուսաստանը կոշտ դիրքորոշում է ցուցաբերում։ Ի՞նչ է կատարվում իրականում։ Ինչպես փաստում է վիճակագրությունը (նաև արտահանող ընկերությունները) Ռուսաստանում մեծանում է հայկական իշխանի նկատմամբ պահանջարկը, ինչը լուրջ մրցակցություն է առաջացնում ձուկ արտահանող այլ երկրների մոտ։
Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում հայկական թարմ և սառեցված ձկան արտահանումը մոտ 2,5 անգամ ավելացել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնավորապես, 255 տոննայից այն հասել է 800 տոննայի։ Այս փաստը չէր կարող անտարբեր թողնել ռուսական շուկա ձուկ արտահանող նորվեգական և թուրքական ընկերություններին։ Մասնագետները ևս փաստում են, որ հայկական իշխանը լուրջ մրցակցություն է ստեղծել ռուսական շուկայում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս մասին փաստում են ոչ թե մեր տեղական, այլ ռուսական շուկայի փորձագետները։ Եթե մրցակցությունը եվրոպական ընկերությունների համար լավ խթան է սեփական արտադրանքի որակը բարձրացնելու առումով, ապա թուրքական ընկերությունների համար ավելորդ գլխացավանք է, հատկապես, երբ խոսքը հայկական իշխանի մասին է։ Սա, կարելի է ասել, այն դեպքն է, երբ տնտեսությունը բացահայտ քաղաքականացվում է։ Իսկ ամենատխուրն այն է, որ հայկական իշխանը քաղաքականությանն է կուլ գնում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի «թեթև ձեռամբ»։
Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ ապացուցել է Հայաստանին իր ռազմավարական գործընկերության ոչ շահութաբերության մասին։ Այն, որ այդ գործընկերությունը զուտ պլատոնական է, փաստում է նաև «Գույք` պարտքի դիմաց» գործարքը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը գրեթե բոլոր երկրներին ներեց պարտքը, բացի Հայաստանից։ Ավելին, նշված գործարքի դիմաց ձեռք բերված գույքը` գիտահետազոտական ինստիտուտներ և ձեռնարկություններ, մնաց որպես անշարժ գույք։ Մենք այս գործարքը չէինք հիշի, եթե փորձ չարվեր հայկական իշխանի գլուխը «աղալու»։ Այսինքն, մեծ քաղաքականության արդյունքում Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանը բացեիբաց հարվածում է, և այն էլ նրա համար, որ հաճոյանա Թուրքիային` իր ռազմավարական գործընկերոջը, որի հետ երկու տարի առաջ կնքեց 95 տարվա ռազմավարական գործընկերության համաձայնագիր։
Ռուսական ձկան շուկայում, փորձագետների գնահատմամբ, հայկական իշխանն իր համային հատկանիշներով շատ ավելի բարձր է թուրքական իշխանից, ինչը նվազեցրել է թուրքական իշխանի պահանջարկը։ Այլ կերպ ասած, շուկայում ստեղծված առողջ մրցակցության պայմաններում հայկական ձուկը թուրքականի գլուխն «ուտում» է, ինչը, հավանաբար, չի մարսում Թուրքիան։ Արդյունքում հայկական իշխանի դեմ փորձում է պայքարել Ռուսաստանի միջոցով` «աղիքային ցուպիկ» օպերացիայի կիրառմամբ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ