“Когда человек до седых волос ожидает власти, он приходит к ней обязательно идиотом" (ЕКАТЕРИНА Вторая)
Չգիտես, ինչու հիշեցի՝ երբ հյուրընկալվել էի Կարեն Քոչարյանի “Կենդանի մատյան”-ին, հաղորդավարն ինձ հարց տվեց.
- Այ Դուք, այդքան խոսում եք անապահովների մասին, եթե նրանք այդքան շատ են, ինչո՞ւ, ուրեմն, չեն համախմբվում, ինչո՞ւ չունեն առաջնորդ, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին եղել է նոր զարգացող շատ երկրներում:
Հարցն այնքան ակտուալ էր և այնպես ճիշտ էր ձևակերպված, որ պատասխանը, որը տվեցի հաղորդման ժամանակ, համարում եմ կիսատ և ոչ լիարժեք:
Կարծում եմ, հիշյալ թեման միշտ եղել է և դեռ երկար կմնա մեր օրերի Հայաստանի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Բանն այն է, որ մենք ապրում ենք առանց ռեսուրսների, աղքատ երկրում և հարյուր հազարավոր անապահովների ճակատագիրը անհայտ է:
• Անհայտ է, քանզի ՀՀ կառավարությունը, որը երբեք աչքի չի ընկել անապահովների նկատմամբ իր անսահման սիրով, շարունակում է նույն կազմով ղեկավարել:
• Անհայտ է, քանզի չկան լուրջ արմատական բարեփոխումներ ապահովող ծրագրեր, որոնք կյանքի կոչելով հնարավոր կլինի բեկումնային շրջադարձ իրականացնել չքավորությունը հաղթահարելու գործում:
• Անհայտ է, քանզի կառավարությունը նույնիսկ չի բարեհաճում երկրում առկա իրական անապահովների քանակի մասին պաշտոնական տեղեկատվություն հաղորդել:
• Անհայտ է, քանզի ինֆլյացիայի պատճառով օր-օրի ավելի է բարդանում անապահով խավի վիճակը:
• Անհայտ է, քանզի նույնիսկ աշխատանք ունենալու պարագայում մարդը չի կարողանում հաղթահարել աղքատության շեմը:
• Անհայտ է, քանզի երկրում պայքար չի տարվում կոռուպցիայի և մենաշնորհի դեմ, որոնք առկա անապահովության հիմնական պատճառներից են:
• Անհայտ է, քանզի երկիրն այնքան արտաքին պարտք է կուտակել, որ առաջիկա տասնամյակներում ընդհանրապես անապահովության հաղթահարման մասին խոսելը կընկալվի որպես ուտոպիա:
• Անհայտ է, քանզի չկա պետական մոտեցում անապահով խավի նկատմամբ:
• Անհայտ է, քանզի սոցիալական խնդիրներով զբաղվողները իրականում նույնիսկ չեն էլ շփվում անապահով խավի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ վիճակում են գտնվում այդ շերտում հայտնվածները:
• Անհայտ է, քանզի ԱԺ պատգամավորների 90 տոկոսը, լինելով հարուստ, երբեք չի կարող ստեղծել այնպիսի օրենքներ, որոնք կնպաստեին աղքատության վերացմանը Հայստանում:
Իսկ ինչ վերաբերում է իմ շատ հարգելի Կարեն Քոչարյանի հարցին` պատասխանում եմ.
-Պարոն Քոչարյան, անապահով խավն առայժմ համախմբած չէ, բայց եթե այսպես շարունակվի, անպատճառ համախմբվելու է, քանզի փրկության ուրիշ ճանապարհ չկա: Սա է միակ ճանապարհը, որպեսզի տվյալ մարդիկ արտագաղթելու փոխարեն սկսեն բարձրաձայնել իրենց պահանջների մասին, բարձրաձայնելուց բացի նաև պահանջելով, որպեսզի անհապաղ լուծվեն բազմաթիվ խնդիրներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի գոնե մասամբ հաղթահարելել այն մղձավանջը, որում գտնվում են արդեն տարիներ շարունակ: Իսկ առաջնորդի մասին մի մտածեք, քանզի այսօր անապահով խավի հիմնական կոնգլոմերատը մտավորականներն են, որոնք պարկեշտ մարդիկ են. դա այն կատեգորիան է, որը կատեգորիկ դեմ է ամեն գնով փող աշխատելուն, այդ մարդիկ, ի տարբերություն պետական շատ այրերի, իրականում ունեն սկսզբունքներ, իսկ այդպիսի հատկանիշներով օժտված մարդկանց միջից հնարավոր չէ, որ դուրս չգա նորմալ ազգանպաստ առաջնորդ:
Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ