ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այսօր Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց վրա աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությանը: Նա հիշեցրեց, թե ինչպես Վլադիմիր Պուտինը պայքարեց և խեղդեց սունիների շարժումը` կասեցնելով վերջիններիս առաջխաղացումը:
Ըստ պարոն Նավասարդյանի՝ Թուրքիան օգտագործում է իր «դիվանագիտական տրյուկները», ունի հեռահար ու խորամանկ պլաններ և ուզում է դառնալ արաբական աշխարհում առաջատար: Նա կարծիք հայտնեց, որ Թուրքիան կոնսենսուսի կգա քրդերի հետ, բաց կթողնի Օջալանին: Թուրքիան նաև մեծ ներդրումներ է կատարում իրաքյան Քրդստանում:
Արման Նավասարդյանն ասաց, որ եթե Սիրիայում հեռանա Բաշար Ալ Ասադը, ապա այնտեղի հայերին սպասում է «բարդուղիմեոսյան գիշեր»: Նա հշեցրեց, որ Սիրիայում կա ահռելի քանակությամբ զենք, և հարևան երկրներն էլ կարող են հայտնվել վտանգի տակ: Ըստ դեսպանի՝ կարող են իշխանության գալ այն մարդիկ, որոնց նպատակն է սպանություն գործելն ու թալանելը:
Արման Նավասարդյանի բնորոշմամբ՝ ընդդիմության ներսում կան ինչպես ծայրահեղականներ, այնպես էլ՝ չափավոր ուժեր, և ամեն ինչ կախված է այն բանից, թե ովքեր կգան իշխանության:
Դեսպանը կարծիք հայտնեց, որ սիրիահայերին օգնելու համար պետք է գործի դրվեն դիվանագիտական խողովակները, կուլիսային բանակցությունները, և պարտադիր չէ, որ դա իրականացվի անպայման ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի մակարդակով: Նա կարծիք հայտնեց, որ պետք է պատրաստ լինել նաև զանգվածային ձևով Սիրիայից հայերին դուրս բերելուն:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ