Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե ԿՈՅՈՒՄՋՅԱՆԸ այսօր ներկայացրեց տնային տնտեսություններին առնչվող վիճակագրական տվյալներ:
Նախնական տվյալներով, 2011 թվականի դրությամբ, տնային տնտեսությունների թվաքանակը կազմել է 763 հազար 600, այդ նույն ցուցանիշը 2001 թվականին եղել է 779 հազար 400:
«Եթե մենք խոսելու լինենք միջին ցուցանիշի մասին, այսինքն` թե մեր տնային տնտեսությունները քանի անդամներից են բաղկացած, պետք է ասենք, որ դա 2011 թվականի արդյունքներով չորս մարդ է, ինչը 2001-ին եղել է 4,1 տոկոս: Մեծ է քաղաքների և գյուղական համայնքների տնային տնտեսություններում գրանցված անդամների թվի տարբերությունը: Եթե 2011 թվականի մարդահամարի արդյունքներով քաղաքային բնակավայրերում ընտանիքի միջին ցուցանիշը 3, 7 տոկոս էր, ապա գյուղական բնակավայրերում 4,4 տոկոս»,-ասաց Կ. Կոյումջյանը:
Բանախոսի փոխանցմամաբ, գյուղական համայնքներում, 2001 թ. համեմատությամբ, միջին ցուցանիշը նույնն է, պահպանվել է, իսկ քաղաքային բնակավայրերում այն որոշակի անկում է ապրում: «Մեկ անձից բաղկացած տնային տնտեսությունները` 763 600-ից 84 300-ը, բաղկացած են մեկ անձից: 101 100-ը` երկու անձից, երեք անձից են բաղկացած 111 900-ը և չորս անձից` 163 100-ը: Հինգ և ավելի անձերից բաղկացած տնային տնտեսությունները 303 հազար են»,-տեղեկացրեց Կոյումջյանը:
Արձանագրված վերջին տվյալներով, քաղաքացիական կացության ակտերի մարմիններում տարվա առաջին եռամսյակում` հունվար, փետրվար, մարտ, գրանցվել է 4591 ամուսնություն և 897 ամուսնալուծություն:
Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների ցուցանիշը նախորդ տարվա 2012-ի առաջին եռամսյակի համեմատ 1,6 տոկոսով նվազել է:
2012-ի առաջին եռամսյակում գրանցվել է 4668 ամուսնության ակտ` 2013 թվականի 4591-ի համեմատ, իսկ 15,1 տոկոսով էլ ավելացել են ամուսնալուծությունները` այս տարվա 897-ը անցած տարվա` 779 -ի համեմատ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ