irates.am-ը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ եկեղեցու բացման արարողությամբ հնարավոր եղավ մեկտեղել տարբեր ճամբարների բաժանված մեր քաղաքական վերնախավին:
«Դա ցույց է տալիս, որ մեր քաղաքական դաշտն այնքան է այլասերվում, որ դժվար է խոսել կուսակցությունների, նրանց դիրքորոշումների մասին: Օլիգարխիկ համակարգը մեթաստազներ է տալիս, և կուսակցութունները վերածվում են խմբավորումների: Մենք ականատես ենք լինում, որ կուսակցությունները գործող ռեժիմի հետ են և ոչ՝ հասարակության: Այդ խմբավորումներն իրենց համար ստեղծել են դերեր, կերպարներ. մեկն ասում է՝ այլընտրանք եմ, երկրորդն ասում է՝ միակ ընդդիմությունը ես եմ, երրորդը մեկ այլ բան է հայտարարում: Արդեն չես էլ հասկանում, թե որտեղ է սկսվում իշխանությունը և որտեղ՝ ավարտվում, կամ՝ ինչ է նշանակում լինել ընդդիմություն Հայաստանում»,- նշեց քաղաքագետը:
Իսկ այն հարցին, թե ինչ էր ուզում ցույց տալ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում եկեղեցու և «Փարավոն» ժամանցի համալիրի բացման արարողությունները համատեղելով, Մանվել Սարգսյանն արձագանքեց. «Դա նշանակում է հասարակության նպատակաուղղված այլասերում, երբ եկեղեցու և կազինոյի բացման արարողությունները համատեղվում են: Միաժամանակ դա նշանակում է արժեքների ցուցադրական հավասարեցում»:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ