Վերջին տարիներին կյանքի բերումով մոտիկից ծանոթացա մեր երկրում գործող մի քանի հոգեբուժարանների հետ: Չեմ ուզում ընդունված ամրագրումներ անել` վիճակն անմխիթար է և այլն: Ավելի լավ է նկարագրեմ երեք հոգեբուժարաններում տեսածս:
Նուբարաշենի հոգեբուժարան: Հենց մտնես հիվանդանոցի շենք, առաջին ցանկությունը, որ կառաջանա` փախչելն է: Միջանցքների պատերը կեղտի մեջ են ու արդեն հարկերով բարձրանալիս տհաճ ծանր հոտից խեղդվում ես: Դժվար է հասկանալ, թե այստեղ վերջին անգամ երբ է վերանորոգում եղել: Եթե պատահաբար միջանցքի պատերին դիպչես, պիտի հագուստդ տուն հասնելուն պես լվանաս: Հիվանդասենյակների վիճակն ավելի անտանելի է, իսկ հաճախ տարածվող ոջիլի մասին նշելը կարող է զարմացնել միամիտներին, թե էս ո՞ր դարում ենք: Սննդի մասին ընդհանրապես չարժե խոսել: Հիվանդասենյակում կարող են լինել 6-8 հիվանդ:
Նորքի հոգեբուժարան: Այստեղ անհամեմատ մաքուր է: Կա նաև վճարովի բաժանմունք: Հետարքրիրը հենց այս բաժանմունքն է: Սեռային բաժանում չկա` տղամարդ, կին նույն բաժնում են: Սենյակներն ավելի մաքուր են, բայց ոչ առանձնապես լուսավոր: Հիվանդատերը մեկ օրվա համար վճարում է հինգ հազար դրամ ու, թվում է, պիտի հանգիստ լինի, որ այդ գումարի գոնե կեսը կհասնի իր հարազատին` քիչ թե շատ տանելի սննդի տեսքով: Մի բժշկից իմացա, որ 5 հազարից միայն 7 հարյուր դրամն է հատկացվում հիվանդի սննդին, իսկ դա նշանակում է, որ ձեր հիվանդը կարող է ուտել, ասենք, որպես առաջին ճաշատեսակ` առանց մսի բորշչ, որպես երկրորդ` նույն կաղամբն առանջ ջրի, կամ էլ` հավի մսով ապուր, որում միայն հավի մաշկի կտորներ են լողում: Ստացվում է, որ օրը 4300 դրամ հիվանդանոցին վճարում եք միայն նրա համար, որ ձեր հիվանդը ստանա պետականորեն անվճար տրամադրվող հոգեմետ դեղեր: Ընդամենը: Ձեր հիվանդի համար, բացի 5 հազար դրամից, պիտի տանեք զուգարանի թուղթ, օճառ, սրբիչ, սպիտակեղեն և այլն:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ: Հայաստանում գործող ամենանորմալ հոգեբուժարանն է, որի համար մարդիկ ամիսներով հերթ են կանգնում, սոցապ նախարարության դռները թակում, խնդրում, որ իրենց հիվանդին ընդառաջեն: Սա ոչ այնքան հոգեբուժարան է, որքան մի տեղ, որտեղ մարդիկ կարող են իրենց հոգեկան խանգարում ունեցող հիվանդներին պահ տալ փոքրաթիվ բժիշկներ ունեցող, մաքուր պայմաններ և բավականին տանելի սնունդ տրամադրող բուժհիմնարկին, վստահ լինելով, որ իրենց հարազատը քաղցած չի մնա ու կարող է նույնիսկ բուժօգնություն ստանալ: Այստեղ կարող են գտնվել այն հիվանդները, ովքեր հոգեկան շեղումների պատճառով դատարանի կողմից ճանաչվել են անգործունակ, ըստ հաշմանդամության կարգի թոշակավորվել են և խնամակալի ստորագրությամբ տեղավորվում են ինտերնատում: Նրանց կենսաթոշակների վճարումը պետությունը կասեցնում է այնքան ժամանակ, քանի դեռ հիվանդը գտնվում է ինտերնատում: Այդ կենսաթոշակը տրամադրվում է ինտերնատին հիվանդի օրապահիկի հաշվարկումով: Այստեղ կերակրում են չորս անգամ: Հիվանդները ստանում են անհամեմատ ավելի որակյալ սնունդ: Ունեն ընդհանուր հագուստ, որը լվացվում, է հիվանդանոցում և տրամադրվում հիվանդներին: Օճառ, սրբիչ, զուգարանի թուղթ, մաքուր սպիտակեղեն և անգամ ատամի մածուկ ու խոզանակ տրամադրում է տուն-ինտերնատը: Սենյակները մաքուր են, զուրկ նախորդ հիվանդանոցներին հատուկ անհասկանալի հոտերից: Այստեղ նախկինում խաղասենյակներ են եղել արտասահմանյան այդ տեսակ հիվանդանոցների օրինակով, բայց, հիվանդների քանակի ավելացման հետ, խաղասենյակները վերածվել են հիվանդասենյակների:
Բոլոր երեք հիվանդանոցներում էլ տեղի խնդիր կա, քանի որ հիվանդները շատ-շատ են: Ըստ երեք հիվանդանոցների բժիշկների հետ ունեցած իմ հարցումների, հոգեկան հիվանդների մեծ աճ կա Հայաստանում: Դեպրեսիայի մեջ հաճախակի հայտնվող հիվանդները ժամանակի հետ կարող են համալրել հոգական շեղումներ ունեցողների շարքերը, իսկ դեպրեսիան, որը մենք համարում եք սովորական բան, նորմալ երկրներում գնահատվում է որպես լուրջ հիվանդություն: Հոգեկան շեղումներով հիվանդների նկատմամբ բարեհաճ չէ ոչ միայն պետությունը, այլև հասարակությունը: Մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է հանդիպած լինել տեսարանի, երբ հոգեկան շեղում ունեցող մարդուն փողոցում ծաղրում են ու «կայֆ բռնում» նրան խոսեցնելով:
Պետության մասին: Նշված հոգեբուժարանների վիճակը բարվոքելու համար, չեմ կարծում, թե շատ բան է անհրաժեշտ, առավել ևս, որ կա Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի փորձը: Հոգեկան հիվանդներն առանց այդ էլ իրենց հասարակությունից մերժված են զգում, այդ զգացողությունը կրկնապատկվում է, երբ նրանք անմարդկային պայմաններում են հայտնվում: Մինչդեռ, արհամարհանքն իրենց նկատմամբ էլ ավելի է խորացնում նրանց հիվանդությունը: Քաղաքակիրթ երկրներում նման հիվանդների համար հատուկ պայմաններ են ստեղծված, որպեսզի նրանք իրենց ավելորդ չզգան, նրանք նույնիսկ աշխատում են հիվանդանոցում, ուր գործում են մի քանի փոքրիկ արտադրություններ, ինչպես նաև տարբեր խաղասենյակներ: Մարդը մնում է մարդ, անկախ նրանից, հիվա՞նդ է, թե՞ առողջ: Նրանցից ամեն մեկը ծնվում է ապրելու, երջանիկ լինելու, հասարակության մեջ իրացվելու իրավունքով:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ