Վերսկսվել է նստացույցը: Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի: Նախորդ` մայիսի 11-ի նստացույցի ժամանակ արդեն հստակ էին ազատամարտիկների պահանջները: Մայիսի 14-ին նրանց ընդունել էր վարչապետի ներկայացուցիչը: Անցել է 20 օր, ազատամարտիկների պահանջների վերաբերյալ որևէ արձագանք չկա վարչապետից: Վոլոդյա Ավետիսյանը պատերազմով անցած մարդ է, նրա ընկերները` նույնպես: Նույնիսկ ավելորդ է այս մասին խոսելը ու անտեղի` անգամ շեշտելը, թե ազատամարտիկը իր խոսքի տեր մարդ է, որ կանգնել է, ուրեմն մինչև վերջ կգնա: Նախորդ նստացույցի ժամանակ շատերն ասում էին. «Էլ չենք լռելու ու խաբվելու սուտ խոստումներով, հայրենիքի համար կռիվ ենք տվել, հիմա էլ մեզ համար ենք տալու»:
Այսօր առավոտվանից Ազատության հրապարակ են այցելել Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները և իրենց զորակցությունը հայտնել, նաև` պահեստազորի գնդապետի պահանջներին միանալու ցանկություն: «Երեք հարյուրից ավելի ազատամարտիկ այս պահին մեզ հետ է»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը: Կառավարությունից դեռևս որևէ մեկը չի այցելել: Ի՞նչ եք կարծում, կառավությունը չի՞ ուզում բավարարել ձեր պահանջները` հարցրինք: «Ինձ թվում է, քանի որ բյուջեն արդեն հաստատված է, գումարի հարց կա, էդ հարցերն են քննարկում»,-ասաց ազատամարտիկը:
Ազատամարտիկները նստացույց կանեն 4 օր, հետո կորոշեն հետագա քայլերը, բայց գուցե արդեն երկրորդ անգամից պետք էր անժամկետի անցնե՞լ: «Չեմ կարծում, թե իմաստ ունի անժամկետ նստացույց անել, համենայնդեպս, էս պահին դրա կարիքը դեռևս չկա: Մենք մեր քայլերը անընդհատ փոխում ենք և հետագայում կորոշենք՝ ինչ միջոցների դիմել»,-ասվեց:
Օրեր առաջ ազատամարտիկները հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի առնչությամբ նշվեց. «Հարցերը քննարկել է, խնդիր է դրել տեղակալների առջև: Իրենց ասելով՝ երեքշաբթի օրը պիտի ներկայացնեին կառավարություն, նախագահին: Այսինքն, ինչ- որ շարժ կա, տեսնենք: Կսպասենք, հետո արդեն կքննարկենք, թե ինչ անենք»:
Երևանի ու երևանամերձ բնակավայրերից եկած ազատամարտիկներին ցանկություն ունեն միանալու նաև երկրի հեռավոր շրջաններում բնակվողները: Ըստ Ավետիսյանի` նրանք տրանսպորտի փող չունեն Երևան հասնելու համար, բայց զանգահարում, իրենց զորակցությունն են հայտնում, անհրաժեշտության դեպքում կմիանան իրենց ընկերներին:
Կառավարությանը հանձնած ազատամարտիկների դիմումի մեջ նշված էր. «ՀՀ կառավարությունը հատուկ կանխամտածված և ապօրինի քաղաքականություն է իրականացնում զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, այդ թվում` ազատամարտիկներին հնարավորինս ցածր կենսաթոշակ վճարելու և նրանց ու նրանց ընտանիքների անդամներին հնարավորինս սոցիալական երաշխիքներ տրամադրելու նպատակով»: Ուրեմն, ազատամարտիկներն իրենց նվաստացած են զգում, չգնահատված, ավելին` արհամարհված: Ու պահանջում են. «Վերանայել և պատշաճ կերպով սահմանել դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարների չափերը` դրանց ընդհանուր գումարը համապատասխանեցնելով ներկայումս զինծառայողներին ծառայության ընթացքում փաստացի վճարվող գումարին և ըստ այդմ կատարել վերահաշվարկ ու կենսաթոշակի անցած զինծառայողներին վճարել նրանց չստացած գումարները, սահմանել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության բավարար և արժանապատիվ երաշխիքներ, վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների, հայրենիքի պաշտպանության ու ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց սոցիալական ապահովության երաշխիքները` կատարելով վերահաշվարկ և փոխհատուցելով չվճարված գումարները»:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ