Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մենք պարտք ունենք նաև ողջերի նկատմամբ

Մենք պարտք ունենք նաև ողջերի նկատմամբ
17.06.2013 | 15:53

Մինչ մեր ազատամարտիկները նստացույց էին անում Ազատության հրապարակում հանուն իրենց իրավունքների պաշտպանության, Վրաստանի կառավարությունը վերանայել է հանուն երկրի տարածքային ամբողջականության զոհված հերոսների ընտանիքներին տրվող փոխհատուցման գումարի չափը: Այդ ընտանիքները կստանան 100 հազար լարի (մոտ 60 հազար ԱՄՆ դոլար) միանգամյա օգնություն: «Զինվորը իր կյանքի գնով պաշտպանում է հայրենիքը: Հայրենիքը պետք է պաշտպանի նրա ընտանիքին: Սա պետության պատվի հարց է: Հանուն տարածքային ամբողջականության, մեր անկախության համար բոլոր զոհվածների ընտանիքները, սկսած` Աբխազիայում ռազմական գործողություններից, այդ թվում և` միջազգային օպերացիաների մասնակցությունը, ամսական կստանան 1000 լարի: Այս փոփոխությունները կիրականացվեն երկու փուլով, կսկսվեն 2014-ին և կավարտվեն 2015-ին: Նաև փոփոխություններ են կատարվելու «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որի համաձայն` բոլոր զոհվածների ընտանիքները 15 հազար լարիի փոխարեն կստանան միանգամյա օգնություն` 100 հազար լարի»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Որքան հետևել եմ վրաստանյան ներքին անցուդարձին, վրացի ազատամարտիկները բողոքի նստացույց չեն արել, նրանք կառավարություն պահանջներ չեն ներկայացրել, հանրահավաքներ չեն հրավիրել` հակառակ մեր ազատամարտիկների: Վրաստանը դեռևս տարածքային չլուծված հարցեր ունի, և ամեն պահ կարող է վերսկսվել պատերազմը Ռուսաստանի հետ: Վրաստանը չի կարող հաշտվել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կորստի հետ: Վրաստանի հասարակությունը դա չի հասկանա: Ժամանակ առ ժամանակ վարչապետ Իվանիշվիլիին հարցեր են ուղղվում, որոնց մեջ վարչապետի վարած քաղաքականության նկատմամբ թերահավատության երանգներ կան: Իվանիշվիլին նույնիսկ ստիպված եղավ խոստանալու, որ տարածքները վերադարձնելու է, միայն պետք է մի քանի տարի համբերել: Վերջերս Վրաստանը դիմեց Ռուսաստանին սահմանախախտումների վերաբերյալ, անհանգստություն հայտնեց նաև, թե ռուսները զորք են կուտակում վրաց-հարավօսեթական սահմանին: Այս ամենը նկատի ունենալով` Վրաստանի կառավարությունը հարկ է համարել բարձրացնել զոհված ազատամարտիկների և հերոսների ընտանիքներին տրվող օգնությունը, որը կարող է յուրօրինակ «խթան» հանդիսանալ հասարակության համար, երբ հավանական պատերազմի ժամանակ կշեռքի նժարին կդրվի հանուն հայրենիքի սեփական կյանքի գնով զոհողության գնալն ու սեփական ընտանիքի` պետությունից պաշտպանվածության երաշխիքը:
Երեկ Երևանի Ազատության հրապարակում մեր ազատամարտիկների հանրահավաքն էր: Նրանք խոսում էին չգնահատվածությունից, իրենց սոցիալական խնդիրներից, հասարակության ցածր կենսամակարդակից: Նրանք նաև ասում էին, որ վաղը, Աստված մի արասցե, պատերազմի վերսկսման դեպքում իրենք կրկին մեկնելու են ճակատ, քանի որ երկրի զինվորն են: Բայց երկրի զինվորը պարտավորությունների ունի նաև իր ընտանիքի հանդեպ, և պետությունը նրան այդ պարտքը կատարելու հնարավորություններ պետք ընձեռի: Հայաստանի համար նույնպես պատերազմը ավարտված չէ: Զինվորին գնահատելու միջոցով պոտենցիալ զինվորին ոգևորելու խնդիր ունի ցանկացած երկիր: Վրաստանը վերանայել է զոհված զինվորների և հերոսների ընտանիքներին հատկացվող օգնությունը: Դա Վրաստանի կառավարության խնդիրն է` երիտասարդներին ոգևորել զոհվածների հիշատակը այդպես հարգելով: Նույն խնդիրը մենք ունենք, բայց նաև ողջ մնացածների նկատմամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ազատամարտիկներից մեկ ամիս է խնդրել նրանց պահանջներին ծանոթանալու համար, որոնք ազատամարտիկները կառավարություն էին ներկայացրել դեռևս վարչապետի հետ հանդիպումից մեկ ամիս առաջ: Ժամկետը լրանում է հուլիսի 6-ին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ