Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Բյուրոկրատիզմը մոլախոտ է, որն ամեն օր պիտի հնձես»

«Բյուրոկրատիզմը մոլախոտ է,  որն ամեն օր պիտի հնձես»
25.06.2013 | 11:33

ՀՀ կառավարության կատարած 18 մլն դրամի ներդրման շնորհիվ ընթանում են Սանահինի վանքի վերանորոգման աշխատանքները:
«Իրատես de facto»-ն ամիսներ առաջ անդրադարձել էր Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքին, դրանում առկա որոշակի խոչընդոտներին: Մենք կապվեցինք «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԻ հետ` տեղեկանալու, թե ինչպես են գործերն այնտեղ: Մեզ հետ զրույցի ժամանակ պարոն Շերմազանյանը մասնավորապես ասաց. «Չանդրադառնալով Սանահինում իրականացվող աշխատանքների որակին` ողջունում եմ այդ սրբավայրը վերանորոգելու փաստը: Ինչ վերաբերում է Օձունի եկեղեցու վերանորոգման խնդրին, ասեմ, որ այն առայժմ ձգձգվում է, բայց ես վստահ եմ, որ մեր երկրի պաշտոնյաները ողջախոհ կգտնվեն, կազատեն մեզ առկա արհեստական խոչընդոտներից, և շատ շուտով թափ կհավաքի նաև Օձունի եկեղեցու վերանորոգման գործընթացը, մանավանդ որ այս եկեղեցու վերականգնման նպատակի համար անհատ բարերարի ներդրումը զգալիորեն գերազանցում է Սանահինի վերանորոգման համար պետության հատկացրածը»:
Պարոն Շերմազանյանը պարզաբանեց, որ աշխատանքների ձգձգման գլխավոր պատճառներից էր գիտամեթոդական խորհրդի բոլորովին վերջերս լրամշակած նախագծի քննարկումն ու հաստատումը, որը վերաբերում էր կղմինդրե կամ քարե ծածկասալերով եկեղեցին վերականգնելու տարբերակներին: Մյուս պատճառը կապված է վերականգնման ընթացքում հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության վերահսկող ճարտարապետի (որը միաժամանակ վերականգնման նախագծի հեղինակն է)` շինհարապարակում տասն օրը մեկ ներկա գտնվելու անհրաժեշտության հետ, ինչը չի կարողացել ապահովել հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունը: Հիմնադրամի և հեղինակային հսկողություն իրականացնող «Սերվետ» ՍՊԸ-ի (տնօրեն` Ս. Պողոսյան) միջև վավերացված պայմանագրով (24.05.2012 թ.) ընկերությունը պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում «…առնվազն երեք անգամ կատարել այցելություն ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածք և արձանագրել կատարված աշխատանքների ընթացքը: Արձանագրությունները ենթակա են հանձնման Պատվիրատուին` հանձնման-ընդունման ակտի հետ մեկտեղ»,- կարդում ենք հիշյալ պայմանագրի 2.1.3. կետում:
Ընդհանուր թվով գիտամեթոդական խորհուրդը, որի կազմում լավագույն ճարտարապետներն ու ճարտարապետությամբ զբաղվող գիտնականներն են ընդգրկված, տասից ավելի նիստ է անցկացրել` վերականգնման նախագիծը քննարկելով, լրամշակումներ առաջարկելով: Գիտամեթոդական խորհրդի ոչ մի պահանջ, ոչ մի առաջարկ նախագծի մեջ լրամշակում չի ստացել վերը նշված ընկերության մասնագետի գերզբաղվածության պատճառով, իսկ եթե ստացել է, ապա դա կատարել են մշակույթի նախարարության Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության մասնագետները:
Բացի պայմանագրում ամրագրված գրավոր պարտավորություններից` եղել է նաև բանավոր պայմանավորվածություն, համաձայն որի` նախատեսված է, որ աշխատանքների ընթացքում ծագող անսպասելի խնդիրների դեպքում ճարտարապետը պիտի կատարի լրացուցիչ այցելություններ` շինարարի պահանջով:
«Եթե այս մասին բարձրաձայնել և բարձրաձայնում ենք, ուրեմն խնդիրներ կան «Սերվետ» ՍՊԸ-ի հետ,- ասում է Վ. Շերմազանյանը:- Պատվիրատուն` «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը, իրավաբանորեն իրավունք ունի լուծարելու պայմանագիրը և նոր կազմակերպության հետ կնքելու նոր պայմանագիր: Բայց հաշվի առնելով ինչպես նախկինում, այնպես էլ օրեր առաջ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հավաստիացումներն ու երաշխավորանքներն առ այն, որ հեղինակային հսկողություն իրականացնող ՍՊԸ-ն կկատարի պայմանագրով ամրագրված ծառայությունները, անհրաժեշտության դեպքում` մշտական աշխատանքի կգործուղի լիազոր ճարտարապետի, մենք մինչ այսօր զերծ ենք մնում կտրուկ քայլերից: Բայց, հակառակ մեր լավատեսության, ամեն օր բախվում ենք այլ ճշմարտության և ստիպված լինում արձանագրել, որ երիցս իրավացի էր մեր երկրի նախկին ղեկավարներից մեկը` երջանկահիշատակ Ալեքսան Կիրակոսյանը, ով պարբերաբար կրկնում էր. «Բյուրոկրատիզմը մոլախոտ է, որն ամեն օր պիտի հնձես: Հակառակ դեպքում այն ամեն լավ բույս կարող է խեղդել»: Եվ ամենասարսափելին ոչ միայն այդ բյուրոկրատիզմն է, այլև այն, որ դու, լավատես լինելով հանդերձ, ի սկզբանե գիտես, որ այդ տեսակը չի փոխվելու, որ իսկապես, Հովհաննես Թումանյանի խոսքով, «ներսից ենք փչացած»... Երևիթե եկեղեցին վերականգնելուց առաջ մեր միջի հին մարդուն պետք է վերափոխենք»:
Հաշվի առնելով հուշարձանի բացառիկ արժեքը` բոլոր կողմերը պարտավորվել են կատարել ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև 20.03.2012-ին կնքված եռակողմ հուշագրում ամրագրված կետերը: Վանուշ Շերմազանյանը վստահեցնում է, որ հիմնադրամը հետամուտ է, որ իր կողմից չարձանագրվի այդ պայմանագրում ամրագրված որևէ դրույթի խախտում, ինչը և ակնկալում է հուշագրի երկու պատվարժան կողմերից։ Եվս մեկ անգամ ի լուր նրանց արձանագրում է երկուսուկես ամիս առաջ հնչեցրած ահազանգը. «Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածինը մշտական ճարտարապետի կարիք ունի» (http։//www.aravot.am /2013/15/231261)։
«Իրատես de facto»-ն, հավատարիմ իր սկզբունքներին, հերթական անգամ հիշեցնում է, որ եթե կան մեր հրապարակման մեջ բարձրացված խնդիրների հետ չհամաձայնող մարդիկ, ապա կարող են հանդես գալ պատասխան հրապարակումով և ներկայացնել իրենց կարծիքն ու դիրքորոշումը:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ