Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գասպարիի նկատմամբ էժանագին ոտնձգությունները` արջի ծառայության շարքից

Գասպարիի նկատմամբ էժանագին ոտնձգությունները` արջի ծառայության շարքից
11.07.2013 | 14:12

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի բնակարանի դռան առջև թրիք են դրել: Նա այսօր այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Երեկ ինձ ապօրինաբար ոստիկանություն բերման ենթարկածներին հայտարարեցի, որ դուք լպստելով օլիգարխների կոշիկները ապահովում եք ձեր երեխաների թուլափայը... և շատ տրամաբանական այսօր իմ մուտքի առջև լցրին մի տոպրակ թրիք... Բայց ես իմ խոսքը ասացի առանց իմ դեմքն ու ինքնությունը թաքցնելու, իրենք անում են գաղտագողի՛, որպես հանցագործներ»: Մի քանի օր առաջ էլ Գասպարիի ու իր կնոջ, իսկ հետո իր և որդու վրա լոլիկ ու ձու էին շպրտել ինչ-որ տղաներ:
Վարդգես Գասպարին հանրությանը հայտնի դարձավ 2008-ի մարտի 1-ից հետո, երբ մարդուն ապօրինաբար, ի թիվս մյուսների, ձերբակալեցին միայն այն բանի համար, որ նա մասնակցել էր 2008-ի նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին: Գասպարին դեռ ազատազրկված ժամանակ մի քանի հրապարակումներ ունեցավ մամուլում, իսկ ազատության մեջ հայտնվելուց հետո լծվեց այն ժամանակ ծավալված շարժման պայքարին: Այսօր արդեն չկա մի ոստիկան, որ նրան չճանաչի, չկա մի բողոքի ակցիա, որ տեղի ունենա առանց նրա մասնակցության: Հասարակական շարժման մեջ մտնելով` Վարդգես Գասպարին իր հետ բերեց մեր հասարակությանը անծանոթ պայքարի դետալներ, որոնց հայաստանցիները սովոր չէին: Խոսքը, մասնավորապես, որպես բողոքի նշան գետնին պառկելու մասին է: Իրականում սա ընդունված ձև է բողոքի ակցիաների ժամանակ: Եթե հետսովետական Հայաստանում ժողովրդավարության մասին ոմանց ընկալումները չեն համապատասխանում իրական ժողովրդավարության սահմանումներին, դեռ չի նշանակում, որ իր իրավունքների համար պայքարողի գործածած միջոցների մասին կարելի է խոսել ակնհայտ ծաղրանքով` կեղծ բարեպաշտության «բարձունքներից»: Սա` իմիջիայլոց:
Ինչ վերաբերում է իրավապահների վարքագծին, նկատել եմ, որ շատ ոստիկաններ ինչպես են զայրանում, երբ տեսնում են Գասպարիին գետնին պառկած: Նրան նույնիսկ մի քանի անգամ քարշ են տվել պառկած վիճակում ու տարել ոստիկանության բաժին: Այսօր կարդալով Գասպարիի գրառումը, հասկացա, որ ոստիկանությունը, փաստորեն Գասպարիի նյարդերի վրա փորձում է ազդել բոլոր միջոցներով, ու բանը հասել է այնտեղ, որ մարդու վրա կարող են ձու կամ լոլիկ շպրտել, կամ էլ տան առջև թրիք դնել: Ի՞նչն է ստիպում մտածել, որ ակտիվիստի նկատմամբ գավառական վրեժխնդրության դրսևորումները կարող են որոշ ոստիկանների ձեռքի գործը լինել: Գասպարին մինչև հիմա որևէ անձնական կամ գործնական խնդիր չի ունեցել: Եթե լիներ, ոստիկանությունը դրանք վաղուց հրապարակած կլիներ վարկաբեկելու համար համառ ակտիվիստին: Գասպարիի գործունեության դրդապատճառներն ու դրանց հետևանքները զուտ քաղաքական են, ուրեմն և դրանց վերաբերյալ արձագանքները չեն կարող քաղաքական դաշտից դուրս դիտվել: Այս տրամաբանությունից հետևում է, որ ձվա-լոլիկա-թրիքային ակցիաների հետքերը տանում են դեպի… ոստիկանություն: Հակված չեմ կարծելու, թե մեր ոստիկանությունը իբրև պետական իրավապահ կառույց կարող է այդքան իջնել, բայց նաև չեմ բացառում, որ որոշ ոստիկաններ չափից ավելի ջանքեր են թափում ղեկավարության մոտ միավորներ հավաքելու համար: Եթե այդպես է, նրանք չեն էլ հասկանում, որ իրականում արջի ծառայություն են մատուցում: Առողջ բանականություն ունեցող որևէ մեկը ակտիվիստի նկատմամբ կիրառվող էժանագին մեթոդները դժվար թե նորմալ համարի, իսկ այսօրվա ինֆորմացիայի տարածման հնարավորությունների պայմաններում այլ երկրների դիվանագետների կամ շարքային քաղաքացիների մոտ այդ մեթոդները կարող են պարզապես քամահրանքի արժանանալ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ