2100 թվականին Հայաստանը կունենա 1,5 միլիոն, լավագույն դեպքում 1,7 մլն բնակիչ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով Հայաստանի ժողովրդավարական խնդիրների և վիճակագրական տվյալների մասին, այսպիսի մտավախություն հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԸ: Նրա փոխանցմամբ, այսօր աշխարհում կա 7 միլիարդ մարդ և երկրագունդը կարող է կերակրել 15 միլիարդ մարդու, չնայած բնական ռեսուրսները գնալով պակասում են:
Սոցիոլոգի դիտարկումներով, այսօր Հայաստանում ունենք գրեթե 2,5-2,7 միլիոն մարդ և գտնվում ենք կրճատվող ազգերի ցուցակում: Պատճառն այն է, որ «մեր կանայք երեխաներ են ունենում ոչ թե ազի պահպանման համար, այլ Ռուսաստանի կամ Եվրոպայի բնակչության թիվն ավելացնելու համար»: Սոցիոլոգի կարծիքով աճող երկրներում յուրաքանչյուր կին պետք է երկուսից ավելի երեխա ունենա, այնինչ մեզ մոտ այդ թիվն այժմ երկուսից ցածր է թե գյուղերում, թե քաղաքներում: Վախենալով ապահարզանից, ամուսինները քիչ երեխա են ունենում, իսկ քիչ երեխա ունենալու դեպքում ապահարզանի հավանականությունը մեծանում է: «Երեք երեխա ունեցող ընտանիքների 100-ից 2-ը կարող են դիմել ապահարզանի, այնինչ մեկ երեխայի դեպքում ռիսկը բարձրանում է մինչև 90 տոկոսի: Հետևաբար, եթե մայր եք դարձել, գոնե երեք երեխա ունեցեք, որ ձեր ամուսինները մնան ընտանիքներում»,-խորհուրդ տվեց նա`հավելելով, որ մեզ ապագայում ոչ մի ուրախալի բան չի սպասում, քանզի մենք պատերազմող երկիր ենք և մեր զինվորների թվաքանակը կարող է կտրուկ նվազել: «Արդյունքում կարող ենք նաև անվտանգության խնդրի առաջ կանգնել: Սպասում ենք, որ կգա մի կառավարություն, կուսակացություն, որն ազգագրական քաղաքականությունը կդարձնի գերակայող և առանցքային»,-հեգնանքով նկատեց բանախոսը:
Ասուլիսի մյուս բանախոս`ժողովրդագիր Ռուբեն ԵԳԱՆՅԱՆԻ խոսքով էլ վերջին քսան տարվա ընթացքում կրկնակի նվազել է ծնելիության թիվը, և գրեթե նույնքան էլ պակասել է ամուսնությունների թիվը: «Այսօր չկա կայուն աշխատանք, իսկ աշխատանք ունենալու դեպքում աշխատավարձը բավարար չէ, ինչը բերում է նրան, որ մարդիկ հետաձգում են ամուսնությունը կամ գնում են այլ երկրներ, աշխատանք գտնում, ամուսնանում: Բնականաբար, եթե պետությունը ամուսինների համար աշխատանք չի ապահովում, այդ երեխաները միևնույն է` ծնվելու են Ռուսաստանի համար»,-ասաց Եգանյանը::
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ