Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վճարում ենք 100 դրամ

Վճարում ենք 100 դրամ
23.07.2013 | 16:37

Տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված բողոքի ակցիայի մասնակիցների շարքերը գնալով ստվարանում են: Ակցիաներին են միանում մարդիկ, ովքեր նախկինում երբևէ աչքի չեն ընկել ընդդիմադիր հայացքներով, չեն մասնակցել որևէ ցույցի և հանրահավաքի, իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել ի պաշտպանություն որևէ քաղաքացու ոտնահարված իրավունքների: Ակցիայի մասնակիցներն էլ ներկայացնում էին տարբեր կուսակցություններ, կամ էլ՝ անկուսակցական քաղաքացիներ էին պարզապես:
«Չենք վճարելու 150 դրամ: Չենք վճարելու Հանրապետական կուսակցությանը, Գալուստ Սահակյանին, որը ԱԺ-ում նստած շուլուխներ է անում: Ամենամեծ շուլուխի առարկան ինքն է: Վճարում ենք 100 դրամ, սիրելի երևանցիներ: Վճարում ենք 100 դրամ, վճարում ենք 100 դրամ»,- Մաշտոցի պողոտայում հավաքված բազմության առջև ամբողջ կոկորդով գոռում էր ՀՅԴ-ն ներկայացնող մի երիտասարդ՝ Արմեն Վիրաբյանը: Նա հավելեց, որ ակցիան քաղաքական չէ, կուսակցական չէ, ժողովրդական է: Ակտիվիստները 100 դրամ պատկերող թռուցիկներ էին բաժանում անցորդներին, երթուղային տաքսի նստողներին ու տաքսուց իջնողներին, պոկում էին երթուղային տաքսիների վրա փակցված 150 դրամը պատկերող պաստառները, տեղը փակցնում 100 դրամի նշումով թռուցիկները: Նկատելի էր, որ երթուղային տաքսիները կիսադատարկ էին, ուղևորներն էլ վճարում էին՝ ըստ հայեցողության:
Երիտասարդները շարունակում էին կոչ անել երևանցիներին՝ տեր կանգնել իրենց իրավունքներին, չվճարել բարձրացված սակագնի չափով, նրանց ձայնը խզվել էր անընդհատ գոռալուց:
«Միացեք մեր պայքարին և մի վճարեք 150 դրամ»,-կոչ էին անում ակցիայի կազմակերպիչ երիտասարդները՝ հիշեցնելով նախկին թանկացումները, որին էլ ավելացավ տրանսպորտի գնի բարձրացումը: Նրանք հիշեցնում էին, որ, չնայած թանկացումներին, չեն բարձրացնում աշխատավարձը, կենսաթոշակները: Նրանք կոչ էին անում տանը նստած չբողոքել և դուրս գալ ու միանալ պայքարին:
«Վճարում ենք 100 դրամ, վճարում ենք 100 դրամ»,- վակարկումներով էլ բազմությունը երթ կազմակերպեց Երևանի փողոցներով: Ակցիայի մասնակիցներն ամեն քայլափոխի հանդիպող քաղաքացիներին հիշեցնում էին, որ սա քաղաքական, կուսակցական պայքար չէ, այլ՝ քաղաքացիական: Անցորդների մեծ մասը ժպիտով էր վերցնում թռուցիկները, իր զորակցությունը հայտնում ակտիվիստներին:
Երբ երթը հասավ կառավարության շենքի մոտ, սկսեցին վանկարկել՝ «Տիգ-րա՛ն, հեռացի՛ր»: Տևական ժամանակ նույն բանը վանկարկելուց հետո երթի մասնակիցները շարժվեցին դեպի Երևանի ոստիկանության կենտրոնի բաժին՝ պահանջելու, որպեսզի ազատ արձակվեն նախորդ օրը բերման ենթարկված ակտիվսիտները: Այստեղ էլ ցույցի մասնակիցներին դիմավորեցին ոստիկանները, որոնք անմիջապես ցուցում էին տալիս ակտիվիստներին քայլ առաջ չանել, իսկ լրագրողների հարցերին պատասխանում էին` «տեղյակ չեմ, չգիտեմ»:
Մինչ ցույցի մասնակիցները շարունակում էին իրենց վանկարկումները, Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող ակտիվիստներից երկուսին՝ Արեգ և Սարգիս Գևորգյաններին նույնպես տարան ոստիկանության Կենտրոնի բաժին՝ խոստանալով կարճ ժամանակ անց բաց թողնել:
Քաղաքացիական ակտիվիստ Աստղիկ Աղեկյանից, որը վերջին տարիներին մշտապես մասնակցում է բոլոր ակցիաներին ու հանրահավաքներին և քանիցս դարձել է ոստիկանների թիրախը, հետաքրքրվեցինք, թե շա՞տ են արդյոք 150 դրամ վճարողները:
«Տրանսպորտում, որքան հետևել եմ, տասնհինգ հոգուց մեկն է շարունակում վճարել նախկին սակագնով: Ասում են՝ դե ամոթ է, ի՞նչ անենք, վարորդն ի՞նչ մեղք ունի, հացի փող է աշխատում: Ասում եմ՝ հարգելիներս, ձեր իրավունքները ոտնահարված են, տեր կանգնեք ձեր իրավունքներին: Վարորդները նրանով են մեղավոր, որ չեն միանում ժողովրդին, նույն ոստիկանը, վարորդը պետք է շրջվեն ու միանան մեզ: Ինձ այսօր շատ է վրդովեցրել, որ մի տարեց կին, 64 համարի երթուղայինից իջնելով, վճարեց 100 դրամ, վարորդն էլ այդ փողը շպրտեց կնոջ վրա՝ նույնիսկ անտեսելով այն փաստը, որ կինն իջնում էր հիվանդանոցի մոտ: Կինը վերցրեց գումարը, շնորհակալություն հայտնեց և հեռացավ»,- ասաց մեր զրուցակիցը: Աստղիկ Աղեկյանը նկատել է նաև, որ բոլոր գծատերերն այսօր, օրվա առաջին կեսին, հավաքվել էին Կամերային երաժշտության տան մոտ:
«Թե ինչ էին քննարկում, ինչ էին ուզում որոշել հաստավիզ գծատերերը, այդպես էլ չհասկացա: Նրանց մեջ էր նաև քաղաքապետի խորհրդականը, որի վրա կոպեկներ էին շպրտել»,- ասաց Աստղիկ Աղեկյանը: Նրան վրդովեցրել էր, որ գծատերերը տրանսպորտի գնի բարձրացումը կապում են նոր ավտոբուսների ներկրման հետ ու փորձում են ժողովրդի երեսով տալ փաստը:
Ակցիաները շարունակվում են:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ