Պարոնյանական հայտնի զարմանքը կարծես մեր օրերի համար լինի: Հայտնի է, որ արդեն մի քանի օր Փակ շուկայի վերականգնման պահանջով ակցիաներ են տեղի ունենում: Լֆիկ Սամոն, նույն ինքը` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, բողոքավոր զանգվածին հակազդելու համար, այսպես ասած, կանանց գունդ է բերում: Այս կանայք մի գլուխ ճչում են, թե ԼՖիկ Սամոն շուկայի զուգարանը վերանորոգել է ու իրենք կարող են հանգիտ առևտուր անել շուկայում առանց իրենց «շոփինգի» կեսից տուն վազելու բնական կարիքները հոգալու համար: Երեկ մի կին ոգևորված ինքնագոհ պատմում էր, թե նախկինում շուկայի զուգարանի հոտից խեղդվում, իսկ հիմա կարող է «կայֆ զուգարանից օգտվել», դեռ մի բան էլ աշխատել, քանի որ իրեն «Սամոն աշխատանք է խոստացել»: Ըստ երևույթին, նրանց այս ոգևորության լիցքավորման համար հիմք են հադիսացել Սամվել Ալեքսյանի` հետագայում իր «սիթիում» աշխատանք տրամադրելու խոստումները: Այս կանայք, որոնք չգիտես ինչու, որ տրամաբանությամբ Լֆիկ Սամոյի և իրենց շահերը նույնացրել են, խելակորույս ճչում են` «Շուկան հուշարձան չի, հուշարձան պաշտպանող էիք, գնայիք Լևոնից Լենինի հուշարձանը պաշտպանեիք»:
Փակ շուկայի ներքին աղավաղման մասին խոսել է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, ներկայումս` ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Վերջինս ասել է, թե Փակ շուկան աղճատված է և բազմաթիվ ջանքերը օգուտ չեն տվել: Նրա խոսքով` հարցը պետք է օրակարգում մնա և պետք է այլ լուծումներ գտնել: Նարեկ Սարգսյանը, ում անունը կապում են որոշակի ժամանակահատվածում Երևանում ճարտարապետական դեմքի աղավաղման հետ, ասել է, թե ինքը շատ բան է արել, բայց չի հաջողվել: Սարգսյանի հավաստմամբ երբ դեռ ինքը գլխավոր ճարտարապետ էր, նման նախագիծ չի հաստատվել: Ուրեմն ինչպե՞ս է Սամվել Ալեքսանյանը համարձակվել շինարարություն իրականացնել առանց հաստատված նախագծի: Ի դեպ, նույն բանն է ասել Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Փաստորեն, ասվածներից հետևում է, որ շուկայի սեփականատեր Լֆիկ Սամոն գործել է ինքնագլուխ, առանց քաղաքապետարանի թույլտվության և մշակույթի նախարարության համաձայնության: Իսկ քանի՞ «գլուխ» ունի ՀՀ այն քաղաքացին, ով քանդում է ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցը առանց համապատասխան թույլտվության: Ինչպե՞ս կարող է, առհասարակ, այդ կառուցապատողը առանց երաշխիքների նման բան անել այն դեպքում, երբ մի մի 20 սանտիմետր իր բնակարանի դուռը առաջ տանող սեփականատերը բախվում է թաղային ոստիկանության ու կադաստրի արգելքին:
Հիմա` ինչպե՞ս պիտի լուծվի հարցը, երբ ըստ նախկին գլխավոր ճարտարապետի կառույցի ներքին կամարների կեսը պահպանված է, իսկ մյուս կեսը` քանդված, որի հաշվին կառուցվել է երկրորդ հարկ և որի թույլտվությունը սեփականատեր Ալեքսանյանը չի ունեցել: Ընդհանրապես ցանկացած շինարարական սխալի ուղղում ենթադրում է վերականգնել այն, ինչ աղավաղվել է: Սա նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանը պետք է քանդել տա կառուցված երկրորդ հարկը և վերականգնի կառույցի գեղեցիկ կամարները: Արդյո՞ք քաղաքապետարանը նման որոշում կկայացնի: Մշակույթի փոխնախարարն արդեն իր զարմանքն է արտահայտել այդ առնչությամբ` ասելով, թե ինչ քանդելու մասին է խոսքը, երբ արդեն նախկինը քանդվել ու նորն է կառուցվել: Արև Սամուելյանը նաև տեղի ունեցածը անվանել է նոնսենս: Նման նոնսենսներին Երևանում հաշիվ չկա: Բայց մի օր դրանց պիտի վերջ տրվի հենց նախկինը վերականգնելու պահանջով: Փակ շուկայի նախնական տեսքը կվերականգնվի, թե այն կվերածվի հերթական սուպերմարկետի, կախված է իշխանություններից: Թե չէ ստացվում է, որ «Եղածը եղած է» պատճառաբանությամբ հասարակության աչքերին թոզ փչելը դարձել է քաղաքականություն:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ