Մոսկվայի աշխատանքի և զբաղվածության դեպարտամենտը աշխատանքի միգրացիայի հարցերով տպագիր նյութերի և տեղեկատվական հրատարակությունների հրատարակման ու տարածման բաց մրցույթ է հայտարարել: Մրցույթի պայմանների համաձայն՝ մինչև 2013 -ի վերջը Մոսկվայում պետք է տպագրվեն և տարածվեն մի քանի բրոշյուրներ, որոնք կվերաբերեն օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի մեջ ներգրավելու, օտարերկրյա քաղաքացու` աշխատանքի թույտվություն ստանալու և աշխատանքային գործունեություն ծավալելու հարցերին, ինչպես նաև գործատուի և օտարերկրյա քաղաքացու պատասխանատվությանը ՌԴ միգրացիոն օրենսդրության խախտման դեպքում: Չորս անուն բրոշյուրները կհրատարակվեն 81 հազար տպաքանակով: Պայմանագրի իրականացման համար նախնական առավելագույն գումարը 2.25 մլն ռուբլի է: Բրոշյուրների մի մասը կթարգմանվի տաջիկերեն, ուզբեկերեն ու ղրղզերեն: Հ. Գ. Ռուսաստանի իշխանությունները, քաղաքական գործիչները վերջերս հաճախ են անդրադառնում աշխատանքային միգրացիային և այն օրենքով կարգավորելու հարցերին: Բայց մի հետաքրքիր հանգամանք այս որոշման մեջ` հրատարակվելիք բրոշյուրները կթարգմանվեն միջինասիական երեք լեզուներով, բայց ոչ, օրինակ, հայերեն, ադրբեջաներեն կամ վրացերեն, չնայած նրան, որ ՌԴ աշխատանքի են մեկնում ոչ միայն միջինասիական հետսովետական երկրների, այլև Այսրկովկասի քաղաքացիները:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ