Այսօր «Հենարան» ակումբում ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ ազատամարտիկների ավանդների փոխհատուցմանը` նշելով, որ ԱԺ-ում քննարկվում է այդ նախագիծը: «Օրենքն արդեն իսկ շրջանառության մեջ է և վերաբերում է ոչ միայն ազատամարտիկներին, այլև վետերաններին»,-վստահեցրեց նա: Օրենքի նախագիծը, ըստ պատգամավորի, առաջնահերթություն է սահմանել բոլոր ազատամարտիկների համար: Օրենքի մեջ կներառվեն Աֆղանստանում ծառայած ու Չեռնոբիլի վետերանները, քանի որ «դա սկզբունքային հարց է և ի սկզբանե եղել է նաև կոալիցիոն փաստաթղթում»: Ազատամարտիկներից ավանդների փոխհատուցում կստանան հատկապես նրանք, ովքեր այն ներդրել են մինչև 1994 թվականը: «Բայց կան մարդիկ, ովքեր ավանդներ են ներդրել 94-96 թվականներին, որոնց մասին առայժմ ոչինչ ասել չեմ կարող: Խոսքը մոտավորապես 3000 ռուբլու մասին է, որը կազմում է 400-500 դոլար և դրան համարժեք դրամ, այսինքն` յուրաքանչյուրին կտրամադրվի 250-300 հազար դրամ: Շուրջ 62 հազար 500 և ավելի ազատամարտիկներ ունեցել են ավանդներ, որոնց այսօր շարունակում են փոխհատուցել»,-նշեց բանախոսը: Վերջինիս փոխանցմամբ, օրինագիծ է նախապատրաստում նաև ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ: «Մենք պետք է մշտապես հիշենք մի բան` ինչ ծրագրեր մտածենք ազատամարտիկների համար, բոլորն արդարացված է»,- ասաց ԱԺ պատգամավորը: Նրա խոսքով, իրենք մշտապես հանդիպում են ազատամարտիկների հետ և քննարկում նրանց հուզող հարցերը: «Մենք միգուցե քիչ ենք փոխհատուցել կամ փոխհատուցում, բայց մենք փոխհատուցել ենք մեր բյուջեի հնարավորությունների սահմաններում»,-կարծես թե արդարացավ բանախոսը: Հարցին, թե այս օրենքում ներառվե՞լ են ազատամարտիկների առաջ քաշած հարցերը, Հ. Մարգարյանը պատասխանեց. «Ցանկացած ազատամարտիկ լավ օրից չէ, որ բողոքում է: Մենք էլ մեր հերթին կցանկանանք նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել ու աջակցություն ցուցաբերել, որին իսկապես արժանի են: Մենք պետք է աստիճանաբար հաշվի նստենք առաջացած բոլոր խնդիրների հետ և մեր երկրի հնարավորությունների սահմաններում դրանց լուծում տանք»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ