Սովորելու նկատմամբ ոգևորության, հետաքրքրության բացակայությունն ընդամենը այն դրսևորումներից մեկն է, ինչը մանկավարժության մեջ կոչվում է «մասնագիտական ինքնորոշման խնդիր»:
«Հասարակությունը պահանջում է դեռահասներին ավելի վաղ կողմնորոշվել մասնագիտություն ընտրելու հարցում, քան դա նրանք կարող են հոգեբանորեն անել»,- ասում են հոգեբանները: Նրանց համոզմամբ, բարձր դասարանի աշակերտները սկսում են վատ սովորել ոչ թե այն պատճառով, որ ծույլ են և նրանց համար միևնույն է, այլ նրա համար, որ տարեցտարի զգում են անհրաժեշտ նպատակի ուղղությամբ աճող ճգնաժամը, և առաջ են գալիս հարցեր` ո՞վ եմ ես, ինչո՞ւ եմ ապրում, ի՞նչ եմ ուզում դառնալ:
Դեռահասը կարող է առաջ շարժվել` «կարող եմ սարեր շուռ տալ» սկզբունքով, բայց նրան չի բավարարում պատերկացումները, թե ինչո՞ւ պետք է դա անի: Հոգեբանները կարծում են, որ անհրաժեշտ է 5-6-րդ դասարանի աշակերտին ծանոթացնել տարբեր մասնագիտությունների հետ, որպեսզի նա կարողանա կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Եվ ցավալին այն է, որ շատ հաճախ ծնողներն իրենք են ընտրում երեխայի փոխարեն, ասել է թե` իմ ցանկությամբ, քո կատարմամբ: Կարևոր է մի պահ մտածել, արդյո՞ք նա ցանկանում է դա կատարել, թե՞ ոչ: «Հենց սա է ամենագլխավորը, ինչից էլ սկիզբ է առնում մարդկության անհաջողությունը: Հասկացե՛ք, միգուցե ձեր երեխան ուզում է ատամնաբույժ դառնալ, և ոչ թե ռոք խմբում ինչ-որ կիթառիստ, ինչպես հայրիկը»,- հորդորում են հոգեբանները` խորհուրդ տալով ծնողներին, չբռնանալ երեխաների նախասիրությունների վրա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ