Տիգրան Առաքելյանը ազատազրկման մեջ է արդեն երկու տարուց ավելի: Այս ժամանակամիջոցում Տիգրանը այնքան աննկուն է եղել, որ շատերն ապշել են այս երիտասարդի կամքի ուժից: Սակայն Վերաքննիչ դատարանում ընթացող դատական նախորդ նիստի ժամանակ Տիգրանը ասել էր. «Էնպես մի արեք, որ ես փոխեմ իմ խափանման միջոցը: Մի արեք էդպես: Մարդասպանին ազատ եք արձակում, իսկ ինձ նման մարդուն, որ անզեն պայքարում է, դատապարտում եք: Դրա համար ով է պատասխան տալու»: Ոմանք դա նրա կողմից իբրև հուսահատության ճիչ գնահատեցին, թերթերից մեկում նույնիսկ մի հոգեբան ասաց, թե դա ինքնասպանության մասին մտածողի բարձրաձայն մտքեր են: Հնարավոր, հնարավոր է և ոչ` անկախ խոսքերը հնչեցրած մարդու անձից: Սակայն քանի որ խոսքը Տիգրան Առաքելյանի մասին է, պետք է ուշադրություն դարձնել, թե Տիգրանը հատկապես երբ ասաց իր այդ խոսքերը: Սյունիքի նախկին մարզպետ Լիցկայի որդին և թիկնապահը ազատ արձակվեցին: ՊՆ քննչական ծառայության համապատախան որոշմամբ դադարեցվեց նաև նրանց նկատմամբ քրեական հետապնդումը: Սույն որոշմամբ այս երկուսի գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին: Սրանից հետո նույնիսկ լուրեր պտտվեցին, թե Լիցկան որդուն տանում է արտասահման` իբրև թե բուժման: Փաստորեն քննչական ծառայությունը Լիցկայի որդուն, կարելի է ասել, լիակատար ազատություն պարգևեց այն պարագայում, երբ առաջին կրակողը հենց նա է եղել: Այդ մասին ասել է նրա փաստաբան Ռուբեն Սահակյանը` նշելով, թե նա կրակել է, քանի որ Արտակ Բուդաղյանը մեքենայից իջել ու սպառնալիքներ է տեղացել Լիցկայի ընտանիքի հասցեին: Իրոք որ պաշտպանության հատկանիշների զարմանալի համապատասխանություն է:
Հիմա` ինչո՞ւ մարդու վրա հրացան բանեցրածին կարելի է ազատ արձակել, իսկ մեկ-երկու ոստիկանի վկայության արդյունքում մեղադրվողին` անհնար է: Տիգրան Առաքելյանը, ի տարբերություն Տիգրան Խաչատրյանի, թմրամոլ չէ, անօրինական կամ նույնիսկ օրինական ոչ մի զենք չունի, երբևէ որևէ մեկի կյանքին, միտումնավոր կամ ոչ, վնաս չի հասցրել: Եթե այդպիսիք լինեին, իրավապահները դրանք վաղուց օգտագործած կլինեին նրա դեմ: ՈՒրեմն ո՞րն է խնդիրը, որ ՀՀ երկու տարբեր քաղաքացու նկատմամբ կարող է տարբեր` օրենքի տեսանկյունից ընտրողական վերաբերմունք դրսևորվել: Իր սահմանադրական իրավունքների համար տարիներ շարունակ պայքարող մարդը չի հասկանում անարդարության այս չափաբաժինը: Այսօր Վերաքննիչ դատարանում տեղի կունենա Տիգրան Առաքելյանի և ՀԱԿ մյուս ակտիվիստների` Արտակ Վարդանյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատական հերթական նիստը: Հավաքված են արդեն մի քանի հարյուր ստորագրություններ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ: Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը տեսականորեն կարող է ազատություն շնորհել երկու տարի անազատության մեջ գտնվող երիտասարդին մինչև դատավարության ավարտը` առանց կանխակալ արդարացման գնահատականի, ինչպես վարվեց ՊՆ քննչական ծառայությունը Տիգրան Խաչատրյանի պարագայում: Ինչ վերաբերում է սույն գործին ընդհանրապես, Տիգրանին և մյուս երեք տղաներին արդարացնելը կարող է դիտվել իբրև երկրում արդարության դեֆիցիտը վերացնելու փորձ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ